Այս տարի նախագծային ուսուցումը սկզբնական շրջանում շատ անորոշ էր թվում ինձ, բայց տարվա ընթացքում ամեն ինչ ընկավ իր տեղը: Ես կարողացա առարկայական ծրագրային բովանդակությունը միահյուսել կրթահամալիրի ուսումնական օրացույցի հետ և սովորողների հետ միասին հետաքրքիր, ուրախ ուսումնական նախագծեր իրականացրեցինք: Այսպիսով դասերը դարձան շատ ավելի հետաքրքիր և՛ իմ և՛ սովորողների համար: Այստեղ շատ հստակ կարելի է ասել, որ իրականացված նախագծային մեթոդը իմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկն էր անցնող ուսումնական տարում: Իմ նախորդ դիջիպատումի մեջ ներկայացված էին իմ առաջին նախագծային աշխատանքների արդյունքները: Առաջին հաջողություններով ոգևորված ես շարունակեցի նույն ոգով ու շնչով աշխատել սովորողների հետ: Իրականացրեցինք մի քանի նախագծեր, որոնցից ուզում եմ առանձնացնել Թումանյանի <<Սուտասանը>>, որի իրականացման ընթացքում 6-րդ դասարանի սովորողները շատ մատչելի անգլերենով թարգմանեցին հեքիաթը իրենց կրտսեր 4-րդ դասարանի ընկերների համար: Արդյունքում ունեցանք ուսումնական ֆիլմ, իսկ իրենք էլ իրենց հերթին շատ ու շատ բառեր, բառակապակցություններ սովորեցին: Եվ այդ մեծ ոգևորությունը փոխանցվեց 4-րդ դասարանի սովորողներին, ովքեր որոշեցին ուսումնական ֆիլմ պատրաստել իրենց մյուս ընկերների համար:
Հաջորդ աշխատանքը, որ իրականացրեցինք 6-րդ դասարանի սովորողների հետ միասին, <<Զատիկը աշխարհում>> նախագիծն էր. յուրաքանչյուր սովորող ինքնուրույն համացանցից ընտրեց մի երկիր և անգլերեն լեզվով նյութեր հավաքեց, թե տվյալ երկրում ինչպես են նշում Զատիկը և պրեզենտացիա պատրաստեց:
2-րդ դասարանի սովորողների հետ զատկական երգ սովորեցինք: Իմ օգնությամբ պատրաստեցինք կարաոկե և մեդիաուրբաթներից մեկում հանդես եկանք ուրախ երգ-պարով:
Այս ամենին հաջորդեց 4-րդ դասարանի և 6-րդ դասարանի սովորողների կարողությունների ստուգատեսը: Սովորողները՝ թե՛ 4-րդ և թե՛ 6-րդ դասարանցիները, արդեն շատ վարժ ձևով կարողացան իրենց համակարգչային հմտությունները գործածելով ներկայացնել տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները և տեղադրել իրենց անհատական բլոգերում:
Վերջապես եկավ ամառը: Սկսվեց ուսումնական ճամբարը: Ինձ նշանակեցին 6-րդ դասարանի սովորողների ջոկատավար: Կարելի է ասել, որ սա իմ երկրորդ ձեռքբերումներից մեկն էր՝ լինել ջոկատավար, այսինքն պատասխանատվություն վերցնել սովորողների ճամբարային օրերը դարձնելու ուսումնական, բայց միաժամանակ շատ հետաքրքիր, ուրախ ու զվարճալի: Դրանում կարող եք համոզվել իմ հաշվետու տեսաֆիլմը դիտելուց հետո: Հունիսի 17-ին իմ սովորողների հետ մասնակցեցինք իմ ամենասիրելի թարգմանչական ստուգատեսին տարվա ընթացքում թարգմանած ուսումնական նյութերով, որոնք ներկայացվեցին տեսաֆիլմերով «ուսումնական փաթեթ» անվանակարգում:
Մխիթար Սեբաստացու կենսագրությունը
Հիմա ես վստահ կարող եմ ասել, որ իմ գլխավոր և ամենակարևոր ձեռքբերումներից և հաջողություններից մեկը այն է, որ ես շատ ու շատ բաներ սովորեցի և մեծ փորձ ձեռք բերեցի` աշխատելով իմ շատ սիրելի գործընկերների հետ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում:
Որպես վերջաբան՝ մի շատ զվարճալի գովազդ անգլերենով մեր կրթահամալիրի 5 տարեկանների մասնակցությամբ: