Մայիսյան հավաք. երբ ուսումնական թեման ընտանեկան նախագիծ է դառնում

2016-2017 ուսումնական տարին ինձ համար նշանավորվեց այս նշանաբանով` «Ուսումնական թեման՝ ընտանեկան նախագիծ»:

Մեդիակրթությունը, որն իր մեջ ներառում է բլոգային-նախագծային ուսուցում, սովորողներին հնարավորություն է տալիս ստեղծագործելու ուսումնառության առաջին տարիներին: Սովորողների հետ ստեղծագործում են նաև ընտանիքի անդամները: Երբ սովորողը տանն ասում է այն, ինչ ինքը սովորել է դպրոցում, ասում է որպես կենցաղի հետ կապված ու երկխոսություն պահանջող կենդանի լեզու, այլ ոչ թե անգիր սովորած մի ոտանավոր, տան անդամներն ինքնաբերաբար ներքաշվում են այդ երկխոսությունների մեջ: Երբ ուսումնական թեման այս ձևով է տուն մտնում, ծնողներն այլևս կրկնուսույցների, սովորած դասը ստուգող խիստ վերակացուների դեր  չեն կատարում: Ասվածի վերլուծությունը սկսենք երրորդ դասարանից:

Երրորդ դասարանցիների բառապաշարը հիմնականում շրջապատող առարկաների  ու մարդկանց անուններն են և այն գործողությունները, որոնք արվում են այդ առարկաների ու մարդկանց հետ: Օրինակ, «pencil-մատիտ» բառի հետ սովորում են «draw-նկարել» բառը, «book-գիրք» բառի հետ՝ «read-կարդալ» բառը, «toy-խաղալիք» բառի հետ` «play-խաղալ»: Իսկ ու՞մ հետ են նրանք անում այդ գործողությունները. ընկերների, ծնողների, քույրերի և եղբայրների հետ: Այդ կենցաղային ու մարդամոտ թեմաները հեշտությամբ տեղափոխվում են տուն և դառնում ընտանեկան երեկոների ցուցադրություններ, որոնք կամաց կամաց ու աննկատ դառնում են ընտանեկան չպարտադրված հաճելի նախագծեր:

Հարավային դպրոցի երրորդ դասարանցիների այս տարվա առաջին նախագիծը՝ «Անգլերենը մեր տանը» մեծ աշխուժություն էր առաջացրել նրանց ընտանիքներում: Սովորողներն իրենց տան ջերմ մթնոլորտում, տեսախցիկը միացրած մայրիկների կամ հայրիկների առջև առանց որևէ մեկի օգնության կարողանում էին անգլերեն ներկայացնել իրենց բնակարանը, տան անդամներին, իրենց սիրելի խաղալիքները: Տեսաֆիլմից երևում է, թե ինչ ոգևորություն կա Մանե Հովհաննիսյանի աչքերում, երբ նա նկարագրում է իրենց բնակարանի ընդհանուր սենյակը, կամ էլ` կենսուրախություն Հայկի և Մերիի երկխոսության մեջ: Իսկ Գոհար Բարսեղյանն իր տեսաֆիլմում ներգրավել է նաև նույն դպրոցի առաջին դասարանցի իր եղբայր Հայկին: Կարելի է պատկերացնել նկարահանող մոր ուրախությունը: Մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ երբեք չի մոռանում այն, ինչը շատ է սիրել մանկության ժամանակ: Աշոտ Զոզանյանը,  Իրինա Գյուրջինյանը  և Ալեքս միշտ կհիշեն անգլերեն իրենց առաջին պատումները, որովհետև տեսաֆիլմը նկարահանվել է սիրելի շան, տիկնիկի, գնդակի, դաշնամուրի ու դեղին ավտոմեքենայի հետ:

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիների մի խումբ սովորողների հետ աշնանային արձակուրդների ընթացքում սկսեցի առցանց թարգմանչական նախագիծ իրականացնել: Սովորողները անգլերեն էին թարգմանում իրենց երկրորդ դասարանցի կրտսեր ընկերների հորինած հեքիաթները և իմ խմբագրելուց հետո հրապարակում էին իրենց բլոգներում և Արևմտյան դպրոցի ենթակայքում:

 Արդյունքում եղավ «Անգլերեն և հայերեն փոքրիկ հեքիաթ-պատմությունների պատկերազարդ մեդիագիրք»:

Թումանյանական օրերին չորրորդ դասարանցիների հետ կարդացինք, դերերով խաղացինք «Սևուկ ուլիկ» հեքիաթի անգլերեն թարգմանությունը, որից հետո այն դարձավ արդեն ընտանեկան նախագիծ: Սովորողները նկարազարդեցին հեքիաթը և իրենց ընտանիքների անդամների հետ դերերով ձայնագրեցին խոսքերը: Լուիզա Եղիազարյանն իր մայրիկի և ավագ եղբոր հետ, Տիգրան Գրիգորյանն իր մայրիկի հետ և Անահիտ Վերմիշյանն իր հայրիկի հետ ստեղծեցին «Սևուկ ուլիկի» իրենց ֆիլմերը:

Այս տարի 4-րդ և 5-րդ դասարանի սովորղներին ներկայացրեցի  “Shopping” թեման՝ որպես ուսումնական նյութ գործածելով Բրիտանական խորհրդի ուսումնական ֆիլմերը: Սովորողները մեծ ոգևորությամբ սկսեցին իրենց սովորած բառապաշարով նույն թեմայով հորինել տարբեր իրավիճակային երկխոսություններ: Սա դարձավ նախագիծ, մտավ ընտանիք  և դարձավ ընտանեկան նախագիծ: Նախագծի արդյունքն այն էր, որ սովորողները իրենց ծնողների, ավագ քույր եղբայրների հետ ստեղծեցին տարբեր դերային խաղ տեսաֆիլմեր: Ահա դրանցից մի քանիսը՝

Արև Սուքաիսյան և մայրիկ

Անահիտ Վերմիշյան և հայրիկ

Անդրե Վիրաբյան և ավագ եղբայր

Սեդա Հովհաննիսյան և ավագ եղբայր

Կային սովորողներ, որոնց ընտանիքներում անգլերեն իմացող չկար և ամեն մեկը իր հերթին մի հետաքրքիր լուծում էր գտել:

Օրինակ, Էլեն Հովհաննիսյանը իր հորինած երկխոսությունն անում էր ինքն իր հետ՝ տարբեր հագուստներով և մազերի սանրվածքով: Այ քեզ Ռոդարիական մոտեցում:

Նմանատիպ լուծում է գտել նաև Կարինա Մանուկյանը:

Իսկ Մարիամ Քորողլյանը և Անժելինա Սիմոնյանը իրենց ռոդարիական լուծումները գտել են`խոսեցնելով իրենց տիկնիկներին:

Եվա Սահրադյանն էլ դասընկերներին  իրենց տուն է հրավիրել և մեծ պատասխանատվությամբ ու ծնողների օժանդակությամբ պատրաստել  տեսաֆիլմը:

Սովորողների ոգևորությունից ես ինքս ոգևորվելով՝ Սուսան Ամուջանյանի օգնությամբ 5-րդ դասարանի սովորողների հետ ստեղծեցինք «Shopping» թեմայով տեսադաս, որտեղ ես ցույց եմ տալիս թե ինչ ուսումնական նյութեր և դասավանդման մեթոդներ եմ կիրառում:

Քանի որ այս տեսադասի մեջ ցույց եմ տալիս, որ ես իմ ամենօրյա դասերին գործածում եմ Բրիտանական Խորհրդի ուսումնական նյութերը, այդ իսկ պատճառով տվյալ տեսադասը հավանության արաժացավ Բրիտանական Խորհրդի նախագծերի ղեկավար Ադեհ Հովասափյանի կողմից: Հաշվի առնելով ինձ համար այս կարևոր մասնագիտական կարծիքը և կրթահամալիրի օտար լեզուների ուսկենտրոնի ղեկավար Բուշ Լուսինեի խորհուրդը՝ մայիս-հունիս ամիսներին և 2017-2018 ուստարվա ընթացքում նման տեսադասերի շարք եմ ստեղծելու իմ սովորողների հետ:

Ամփոփելով այս ամենը՝ կարող եմ ասել, որ կրտսեր դպրոցի սովորողի սովորելու ներքին շարժառիթը մեծանում է, երբ ուսումնական թեման դերային խաղի վերածվում, իսկ հետո էլ  տուն է բերվում ու այն դառնում է ընտանեկան նախագիծ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s