Հունիսի 23՝ արևոտ ու պայծառ մի օր: Տիար Գևորգի հետ որոշեցինք հայրենագիտական ճամփորդություն կազմակերպել դեպի Վայոց Ձորի մարզ: Մեր առաջին կանգառը Արենի գինու գործարանի մոտ էր: Այնտեղ մի փոքր հանգստացանք, մտանք իրենց մառանը, որտեղ ահռելի մեծության տակառների մեջ պահում էին գինիները:
Մեր հաջորդ կանգառը եղավ Նորավանքի եկեղեցին, որը դարձել է մարզի զբոսաշրջիկների ամենահայտնի վայրը:
Մի փոքր տեղեկություն վանքի մասին:
Այն կառուցվել է XII-XIII-րդ դարերում և համարվել է սրբատեղի դեռ հնագույն ժամանակներից: Համալիրից առանձին Սբ Աստվածածին երկհարկ եկեղեցին է, որը 1331–39 թթ—ին կառուցել են Բուրթել իշխանը, նրա կինն ու որդիները: Առաջին հարկը կիսագետնափոր է, երկրորդը դրսից ու ներսից խաչաձև է՝ կիսաշրջանաձև խորանով և ավանդատներով: 1840 թ—ին Նորավանքն ավերվել է երկրաշարժից և լքվել: 1948–49 թթ—ին վանքը մասնակի նորոգվել է, իսկ 1982 թ—ին սկսվել են պեղումներն ու շենքերի վերականգնման աշխատանքները. Նորավանքը վերականգնվել է 1998 թ—ին, օծվել՝ 1999 թ—ին, հիմնովին վերանորոգվել է 2002 թ—ին և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային <<Արժեքների ցանկում>>
Նարեն արագ ու վստահ բարձրացավ եկեղեցու փոքր աստիճաններով: Ես ու Հովիկն էլ ուզեցինք հետ չմնալ և փորձեցինք բարձրանալ, բայց մինչև վերջ չկարողացանք բարձրանալ, ափսոս:
Մեր երրորդ կանգառը եղավ Թանահատի վանքը:
Այն վաղ միջնադարյան եկեղեցական համալիր է, որը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում և նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին: Գիտնականների մի մասի կարծիքով՝ այս վանքին կից գործել է Գլաձորի համալսարանը՝ միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական հաստատությունը:
Թանահատի վանքից շարունակեցինք մեր ճամփորդությունը դեպի այն վայրը, որը հենց ինքը խթան հանդիսացավ կազմակերպել այս ուխտագանցությունը: Հեռավոր սարերից այն կողմ նշմարվում էր մեր վերջին կայանատեղին՝ Սուրբ Խաչ եկեղեցին: Այդ վանքում ամփոփված է Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ: Այն համարվում է նշանավոր ուխտատեղիներից մեկը : Վանքի վերջին վերանարոգումն ավարտվել է 2011 թվականին և վերաօծվել է սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնի օրը: Վանքին կից կառուցվել է նաև հանդիսությունների նոր սրահ: Աղբյուրը
Վանքի հովիվը՝ Նարեկը, շատ բարեհամբյուր մեզ ընդունեց: Պարզվեց, որ նա վանքում է ապրում: 28 տարեկան այդ երիտասարդը ինչքան նվիրումով էր խոսում պատմում այդ վանքի մասին և ուխտի եկած մարդկանց հավատը դեպի եկեղեցին և այդ հավատի ուժը, որի շնորհիվ նրանք բժշկվեցին:
Տունդարձի ճանապարհին կանգ առանք Մալիշկա գյուղի Ս. Աստվածածնի մոր՝ Սուրբ Աննայի եկեղեցու մոտ, որը կառուցվել է 2000 թվականին՝ բարերարությամբ Արա Աբրահամյանի և օծվել նույն թվականի նոյեմբերի 4-ին: Աղբյուրը
Ցավոք, այդ օրը, այդ ժամին եկեղեցու դռները փակ էին: Մենք միայն կարողացանք մտնել եկեղեցու բակը և հիանալ նրան կից խնամված այգիներով: Բայց, փոխարենը, տիար Գևորգի անմիջական միջնորդությամբ ՝ կարողացանք մոտիկից տեսնել և հիանալ Արփա գետով:
Այսքանով մեր ուխտագնացություն-ճամփորդությունը ավարտվեց և մենք ուղևորվեցինք դեպի Երևան:
Հատուկ շնորհակալություն տիար Գևորգին՝ իմ, միստր Յուրայի և նրա երկու թոռնիկների՝ Նարեի և Հովիկի մեկ օրը կարևոր և հիշարժան դարձնելու համար: