Ներառական կրթության կազմակերպման բարելավումը կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ունի ամենալայն հնարավորությունները (տաքացվող ջրով փակ լողավազան, ուսումնական ագարակ, հեծանվավարության ու կավագործության հնարավորություններ, հագեցած մարզասրահներ), որպեսզի ուսումնական պլանը հարմարեցվի ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաների պահանջներին՝ կրթությունը առավելագույն չափով դարձնելով գործունեության վրա հիմնված:

Որպես կրթահամալիրում արդեն 6 տարվա աշխատանքային փորձառություն ունեցող դասավանդող և որպես ուսումնական հատուկ կարիքով երեխայի մայր (Հովհաննես Մելքոնյան, Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորող)՝

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Մ ԵՄ՝

կազմել կրթահամալիրի դպրոց-պարտեզներում սովորող ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաների անհատական ուսումնական պլանները հետևյալ կերպ.

* Աշխատանքային շաբաթվա յուրաքանչյուր օր 2-րդ կամ 3-րդ ժամը դասացուցակում նշել որպես «ուսումնական հատուկ կարիքով երեխաների ընտրության ժամ»: Այս ընտրության ժամը վերաբերում է տվյալ դպրոց-պարտեզի ուսումնական հատուկ կարիքով սովորողներին, դպրոցի կազմակերպչին, ուսուցչի օգնականին, հոգեբանին, լոգոպեդին և ընտրված գործունեության դասավանդողին: Եթե սովորողների թիվը գերազանցում է 8-ը, կարելի է բաժանել 2 խմբի։ Ստացվում է այնպես, որ մեկ դասավանդող-մասնագետ այդ մեկ ուսումնական ժամի ընթացքում զբաղվում է 1-2 սովորողի հետ: Յուրաքանչյուր օրվա աշխատանքի չափը պլանավորված է այնպես, որ յուրաքանչյուր սովորող զգա իրեն ուղղված ուշադրությունը, սերն ու հոգատարությունը: Նրանք այնքան շատ ունեն դրանց կարիքը:

* Երկուշաբթի՝ տեխնոլոգիա(կավագործություն): Արդեն արված

ամենաչնչին արդյունքով աշխատանքը սովորողի անվան հետ պահվում է տեխնոլոգիայի կաբինետի մի անկյունում մինչև հաջորդ շաբաթվա նույն օրը:

* Երեքշաբթի՝ մի շաբաթ լող, իսկ մյուս շաբաթ՝ ուսումնական ագարակ: Արևմտյան դպրոց-պարտեզում գտնվող փակ լողավազանում պարապմունք անցկացնելու դասաժամը պետք է դպրոց-պարտեզները միմյանց հետ համաձայնեցնեն: Ուսումնական Ագարակում երեխաներին սովորեցնել, թե որ կենդանին ինչ է սիրում ուտել և նրանք կարող են կերակրել կենդանիներին իրենց հետ բերած մթերքներով:Եթե ծնողները տեղեկացված լինեն Ագարակի օրվա մասին, նրանք հաճույքով մի փոքրիկ տոպրակ կպատրաստեն այդ օրվա համար:

* Չորեքշաբթի՝ հեծանվավարություն.

* Հինգշաբթի՝ մարմնակրթություն դպրոց պարտեզի մարզասրահում:

* Ուրբաթ՝ շրջակա միջավայրի խնամք: Աշխատանքները կազմակերպվում են դպրոցի պարտեզում: Փոքրիկ ցնցուղներով ծառերի և ծաղկաթմբերի ջրում, մաքրման աշխատանքներ: Վստահ եմ, որ սովորողները ուրախ կլինեն՝ գիտակցելով, որ իրենք լավ ու կարևոր գործ են անում: Նրանց համար ամենակարևորը կարևորված լինելու զգացումն է, որն այնքան քիչ են ունենում:

  1. Յուրաքանչյուր սովորողի համար կազմել ուսումնական առարկաների անհատական ծրագիր՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի անհատական կարողությունները: Առարկայական դասավանդողը իր ծրագրում նշում է այն նվազագույն գիտելիքը և կարողությունները, որոնց կարող է ձեռք բերել տվյալ սովորողը և հետևողական է լինում դրա իրականացմանը:Անշուշտ պետք է մշտապես դասավանդող-ծնող կապ ստեղծվի, որպեսզի արդյունքը ակնհայտ լինի։

Ուսումնական պլանի այսկերպ անհատականացումը կօգնի, որպեսզի հատուկ կարիքով երեխան դասացուցակային մնացած ժամերին իր արդեն առարկայական անհատականացված ծրագրով ավելի լավ ներառվի իր դասընկերների ուսումնական գործընթացին. նա հանգստացած է, մի քիչ կարևորված, սիրված և գնահատված: