Ուսուցչի վերապատրաստման մոդուլ. սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Դասընթացի տևողությունը՝ 05.09-11.09

Դասընթացի ծրագիր

Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում

Քանի որ ես աշխատում եմ կրտսեր դպրոցում, 1-3-րդ դասարաններում «Իմացումի հրճվանք» ծրագրով ուսուցանելիս միավորային գնահատում չեմ կատարում: Այդ ժամանակահատվածում գնահատումը միայն ձևավորող է լինում: 4-րդ և 5-րդ դասարաններում ձևավորողի հետ միասին գնահատում եմ նաև 10 բալային համակարգով: 

  • ո՞վ է գնահատում

Գնահատում եմ ես, իսկ երբեմն էլ սովորողները ինքնագնահատում են անում:

  • ի՞նչն են գնահատում

Գնահատում եմ բանավոր խոսքը, գրավոր խոսքը և նախագծային հրապարակումները բլոգում:

  • ինչպե՞ս են գնահատում

«Իմացումի հրճվանք» ծրագրով ուսուցանելիս ձևավորող-բնութագրիչ գնահատումներ եմ անում էլեկտրոնային նամակագրությամբ կամ էլ՝ իմ բլոգի հրապարակումներում: Իմ բլոգում ես սովորաբար հրապարակում եմ իրականացված տարբեր ուսումնական նախագծերի ամփոփումները: Ես գրում եմ իմ արձագանքը տարբեր սովորողների կատարած աշխատանքների մասին: Այս արձագանքները նաև որպես ուսումնառության արդյունքներ են դիտվում:

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր կատարած աշխատանքի համար պետք է գնահատվի: Մեծահասակների առօրյա կյանքում դա արվում է «շնորհակալություն» ասելով կամ էլ՝ պատվոգրեր տալով և ամենակարևորը՝ աշխատավարձով: Դպրոցում էլ սովորողի կատարած աշխատանքը գնահատվում է կամ ձևավորող գնահատականով, կամ՝ թվանշանային (բալային) համակարգով: Ճիշտ և տեղին գնահատումով բարձրանում է սովորողի ներքին մոտիվացիան:   

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Դասի ընթացքում, երբ սովորողները ակտիվություն են ցուցաբերում իրենց բանավոր խոսքում՝ ճիշտ արտահայտելով իրենց միտքը անգլերեն, ես անմիջապես ձևավորող մի բանավոր գնահատում եմ անում՝նշելով տվյալ սովորողի-սովորողների առաջխաղացումը: Օրինակ՝ «Վահե և Անգելինա, դուք արդեն կարողանում եք անցյալ ժամանակով ճիշտ հարցեր տալ և պատասխանել այդ հարցերինն»: Երբ դասի ավարտին 1-2 րոպե է մնում ես սովորաբար այդ օրվա դասի բանավոր ամփոփիչ գնահատում եմ անում՝ ասելով, թե ինչ են սովորողները այդ օրը սովորել. Ինչ նոր բառ, ինչ նոր արտահայտություն: Այդպես նրանց մոտ տպավորվում է, որ իրենք առաջընթաց ունեն: Այդպես նրանք ավելի են մոտիվացվում և հաջորդ դասին հաճույքով են սպասում:  

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման գործընթացի գործառույթները գնահատման ձևերն են: Հանրակրթության պետական չափորոշիչում գրված է, որ հիմնականում կա երկու տիպի գնահատում՝ ներքին և արտաքին: Ներքին գնահատումը կատարում է ուսուցիչը ընթացիկ ձևավորող կամ միավորային գնահատումներով, և կիսամյակների վերջում էլ ամփոփիչ միավորային գնահատականն է դրվում: Արտաքին գնահատումը կատարվում է ԳԹԿ-ի կազմած թեստերով 9-րդ և 12-րդ դասարանների տարեվերջին: 

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Գնահատման գործընթացի սկզբունքները նշված են Պետական չափորոշիչում: Այդ սկզբունքները այն մասին են, որ գնահատումը պետք է կատարվի ըստ չափորոշչային պահանջների, իսկ միավորային գնահատումը կատարվում է 10 միավորային համակարգով: Գնահատման գործընթացի սկզբունքներից է նաև այն, որ 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների գնահատումը կատարվում է նախարարության ԳԹԿ-ի կազմած թեստերով:

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Համացանցում գտա ԿԶՆԱԿ-ի կայքում հրապարակվածը:

Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային: 

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին:

Քանակական (միավորային) գնահատումը կատարվում է 10 միավորային սանդղակով: Ըստ նոր պետական չափորոշիչի՝ չկա գնահատման բացասական միավոր: Նույնիսկ 1 միավորը ցույց է տալիս սովորողի գիտելիքների, հմտությունների չափը:  

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Ենթադրենք ունենք չորրորդ դասարանի մի սովորող և ուզում ենք գնահատել գիտելիքը բայական անցյալ ժամանակի թեման ավարտելուց հետո:

Ձևավորող գնահատմամբ.  Սովորողը գիտի կանոնավոր բայերեի անցյալ ժամանակի կազմելու ձևերը: Սովորողը գիտի, որ օգտագործվում է do օժանդակ բայի անցյալի ձևը հարցեր կազմելու և ժխտելու համար: Սովորողը երբեմն մոռանում է անկանոն բայերի անցյալի ձևերը:

Միավորային գնահատմամբ՝ 7

Հմտությունների գնահատումը

Ձևավորող գնահատմամբ

Սովորողը կարողանում է իր բանավոր և գրավոր խոսքում կազմել նախադասություններ անցյալ ժամանակով, կարողանում է հարցեր տալ անցյալ ժամանակով և ժխտել դրանք: Սովորողը երբեմն չի կարողանում ճիշտ օգտագործել անկանոն բայերի ձևերը իր գրավոր և բանավոր խոսքում:

Միավորային գնահատմամբ 8

Դիրքորոշման գնահատումը

Ձևավորող գնահատմամբ

Տեքստի հարցերին սովորողի պատասխաններից կարելի է եզրակացնել, որ սովորողը սիրում է ընտանի կենդանիներին և չի թուլլատրի, որ այլ մարդիկ վնաս պատճառեն դրանց: Մի այլ զրույցից կարող է պարզ դառնալ, որ սովորողը միշտ պաշտպան է կանգնում թույլերին:

Միավորային գնահատում կարելի է չանել:

Արժեքային բաղադրիչի գնահատումը  

Ձևավորող գնահատում

Դասի ընթացքում սովորողների մոտ արժևորվում է սերը կենդանիների նկատմամբ:

Միավորային գնահատում կարելի է չանել:

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Դիրքորոշում բաղադրիչում ընդգրկվում է սովորողների վերաբերմունքը ուսումնասիրվող երևույթի նկատմամբ: Բացահայտվում է, թե արդյոք սովորողը հանդուրժող է, բարի է, աշխատասեր է, պատասխանատու է, շնորհակալական զգացումը և այլն: Եթե ուսուցիչը թերություններ է նկատում սովորողի մոտ, աշխատում է շտկել նրանց վարքագիծն ու վերաբերմունքը: Արժեքային բաղադրիչում ընդգրկվում է այն արժեքային համակարգի հատկանիշները, որոնք ձևավորվում են սովորողների մոտ: Օրինակ՝ սովորողը գիտակցում է, որ արժեք է օտար լեզվի իմացությունը, արժեք է սիրո զգացումը հայրենիքի հանդեպ, և այլն:  

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Նորությունն այն է, որ այսուհետ անբավարար միավորներ չկան: Նույնիսկ 1-ը բացասական միավոր չէ: Իսկ նախկինում 1-3-միավորները դիտարկվում էին անբավարար միավորներ:

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

Այդ բնութագրում կընդգրկեի սովորողի բանավոր խոսքը, գրավոր խոսքը, և նախագծային հրապարակումները սովորողի ուսումնական բլոգում:  

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

4-րդ դասարանցիների ուսումնական նախագծերից է, օրինակ, «Իմ բնակարանը»: 10 միավորային գնահատումով գնահատում եմ նախագծի վերջնական արդյունքը, որը տանը նկարահանած տեսաֆիլմ է, որտեղ սովորողը ներկայացնում է իրենց բնակարանը՝ ցույց տալով և միաժամանակ խոսելով բնակարանի տարբեր սենյակների և իրերի մասին: Այդ տեսաֆիլմից երևում է, թե որքանով է ճիշտ արտասանությամբ և ճիշտ լեզվական կառուցվածքներով  խոսում անգլերեն:   

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  • Գնահատման գործընթացի գործառույթները
  • Գնահատման գործընթացի սկզբունքները
  • Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
  • Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
  • Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
  • Սովորողի զարգացման բնութագիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s