«My First Steps in English»
Մեթոդական ուղեցույց
Մեթոդական ուղեցույցը նախատեսված է երկրոդ ուսումնական տարում «My First Steps in English» ուսումնական նյութով աշխատող անգլերենի մասնագետների, ինչպես նաև «Իմացումի հրճվանք» ծրագրով աշխատող դասվարների և ծնողների համար:
Ուսումնական նյութի PDF տարբերակը
Կրտսեր դպրոցում անգլերեն դասավանդելիս ղեկավարվում եմ բրիտանացի անգլերենի ուսուցիչ, անգլերենը որպես օտար լեզու ուսուցանելու դասագրքերի հեղինակ Լուիս Ջորջ Ալեքսանդրի հաղորդակցական անգլերենի սկզբունքով։ Լուիս Ջորջ Ալեքսանդրի մեթոդը օտար լեզու սովորող սկսնակների համար է։ «Հնարավոր չէ գրել մի բան՝ նախքան դա կարդալը: Հնարավոր չէ կարդալ մի բան՝ նախքան դա ասելը: Հնարավոր չէ ասել մի բան՝ նախքան դա լսելը»: Նույն միտքը այսպես է հնչում, եթե շրջենք գործողությունների ընթացքը. «Սկզբում սովորողը լսում է: Լսելուց հետո ասում է այն, ինչը լսել է: Ասելուց հետո կարդում է այն, ինչը ասել է: Կարդալուց հետո գրում է այն, ինչը կարդացել է»:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անգլերենի ուսուցումը սկսում ենք ուսուցման առաջին տարուց՝ բանավոր խոսքի զարգացմամբ: 2-րդ ուսումնական տարվա 3-րդ ուսումնական շրջանից արդեն սկսվում է բառուսուցում-ընթերցումը, որին հաջորդում է գրավոր անգլերենի զարգացումը: Այսինքն՝ 1-ին ուսումնական տարուց մինչև 2-րդ ուսումնական տարվա 3-րդ ուսումնական շրջանը անգլերենը ուսուցանվում է միայն բանավոր՝ տարբեր երգերի, բառախաղերի, երկխոսությունների, տեսանյութերի միջոցով: Բանավոր դասընթացի բոլոր թեմաները՝ իրենց կից ուսուցանող կայք-էջերի հղումներով, տեղակայված են աշխատանքային գիրք-տետր ուսումնական նյութի 1-ին մասում: Այդ տեսաֆիլմերը, մուլֆիլմերը, ձայնագրություններն ու երգ-երկխոսությունները հուշում են ուսուցչին, թե ինչ լեզվական նյութ է ուսուցանելու ուսումնական պարապմունքի ընթացքում: Ուսումնական պարապմունքի ընթացքում ուսուցիչը ներկայացնում է տեսաֆիլմերի, մուլտֆիլմերի, երգ-երկխոսությունների լեզվական նյութը: Սովորողները բազմաթիվ անգամ դրանք ասում են, կազմում երկխոսություններ: Այս նախնական աշխատանքից հետո միայն սովորողները սկսում են դիտել տեսանյութը և լսել բնագիր ձայնագրությունները:
Սովորողը տանը նույնպես կարող է բազմաթիվ անգամ լսել այդ բնագիր անգլերեն ձայնագրությունները, երգ-երկխոսությունները:
Առաջին դասարան
Բանավոր խոսքի դասընթացը:
Ուսուցիչը շաբաթական 4 օր, 20-25 րոպե տևողությամբ մտնում է դասարան՝ լի սիրով, եռանդով և նախօրոք դասին պատրաստված: Ուսումնական պարապմունքն իր մեջ ներառում է և՛ տեսանյութ, և՛ բառախաղ-երկխոսություն, և՛ երգ: Այսինքն՝ գործունեության ձևերը անընդհատ փոփոխվում են, որպեսզի սովորողի համար հետաքրքիր լինի, սովորողը չձանձրանա: Շատ կարևոր է 20-25 րոպեների ընթացքում ներառել բոլոր սովորողներին և անպայման հիշել նրանց անունները: Ուսուցիչ-սովորող միջանձնային բարի-դրացիական և վստահելի հոգեբանական կապ է ստեղծվում, երբ ուսուցիչը սովորողին հենց ուսումնական առաջին շրջանում դիմում է անունով: Այդպես սովորողը կարևորված է զգում իրեն:
Թեմաների ուսուցանումը պետք է լինի «Իմացումի հրճվանքի» անգլերենի ծրագրում տրված թեմաների հերթականությամբ: Կիրառվում է ձնագնդի մեթոդը: Այսինքն՝ երկրորդ թեման անցնելիս անպայմանորեն օգտագործվում է առաջին թեմայի լեզվանյութը, իսկ երրորդ թեմայի մեջ ներառվում են առաջինն ու երկրորդը և այդպես շարունակ: Յուրաքանչյուր թեմայի խոսքային վարժանքներում կարևորվում են երկխոսությունները։
Առաջին ուսումնական պարապմունքի օրինակ։
Teacher: Good morning! Բարի լույս: Good morning, children! Բարի լույս, երեխաներ: Դուք պատասխանում եք այսպես. «Good morning teacher!»
Good morning, children!
Good morning, teacher!
Պետք է բոլորը կրկնեն ողջույնի այս ձևը:
Պետք է նայել յուրաքանչյուր սովորողի աչքերին և ասել.
Teacher: Good morning! I am Ms. Anna. My name is Anna. What is your name?
Student: Good morning, Ms. Anna! My name is Aram.
Ուսուցչի արտահայտություններ, որոնք առաջին անգամ են հնչում, պետք է թարգմանվեն հայերեն։ Օրինակ՝ Well done, dear Aram! – Ապրես, Արամ ջան:
Teacher: Nice to meet you, Aram. Որախ եմ քեզ հետ ծանոթանալու համար, Արամ:
Aram: Nice to meet you, Ms. Anna.
Հայերեն բացատրություն։ Երեխաներ, եթե մեր ուսումնական պարապմունքը լիներ ժամը 12-ից հետո, ապա պետք է ողջունեինք այսպես՝ «Good afternoon, children!»
«Good afternoon, Ms. Anna», իսկ երեկոյան ասում ենք՝ «Good evening»։
Հիմա եկել է պահը, որպեսզի սովորողները դիտեն և լսեն այս ողջույնի երգը: Երգի բոլոր բառերն ու արտահայտությունները ուսումնական պարապմունքի ընթացքում բազմաթիվ անգամ ասվել և կրկնվել են: Երբ միացվում է ձայնագրությունը, սովորողներին ամեն ինչ հասկանալի է: Մնում է միայն ուշադրությունը սևեռել երաժշտությանը՝ մեղեդուն, որը պարզ է և հեշտությամբ յուրացվող:
Այսպիսով՝ բոլոր սովորողները՝ մեկ առ մեկ, ողջունում են ուսուցչին և ասում իրենց անունները: Դասարանում հնարավոր է՝ լինեն այնպիսի սովորողներ, ովքեր արդեն գիտեն այդ արտահայտությունները: Կարող են նրանք ողջունել իրենց ընկերոջը և ստանալ պատասխան ողջույն։ Ուսուցիչը չպետք է ուսումնական պարապմունքը հիմնի իմացող կամ արագ յուրացնող սովորողների հետ աշխատանքի վրա և անտեսի դժվարացողներին։ Բոլորին հավասար չափով սեր և ուշադրություն պետք է տալ: Պետք է նաև հաշվի առնել այն, որ յուրաքանչյուր դաս իր մեջ ներառի թվյալ թեմային վերաբերող ուսուցանող տարբեր ձևեր, որպեսզի սովորողը չձանձրանա: Օրինակ՝ շատ լավ տարբերակ է սովորող-սովորող երկխոսությունը, բայց եթե 20 րոպե անընդմեջ նույն գործունեությունը ծավալել դասարանում, այն արդեն կդառնա ձանձրալի մի բան և սովորողներն էլ կհոգնեն: Կարելի է դասարանում կիրառել նույն թեմային վերաբերող տարբեր խաղային-գործունեություններ մեկ պարապմունքի ընթացքում:
Խաղային գործունեության մեկ օրինակ
Սովորում ենք »What is your name?» »My name is……..»
Սկզբում սովորողները լսում են, թե ինչպես է ուսուցիչը հարց տալիս և ինքն իր հարցին պատասխանում: Դրանից հետո ուսուցիչը սկսում է, անակնկալ տարբեր ուրախ զգացողություններ ցույց տալով, մոտենալ որևէ սովորողի և հարցնել ՛՛What is your name?»: Այդ ձևով սովորողին մոտենալը իր համար ավելի հետաքրքիր է լինում և յուրաքանչյուր սովորող անհամբեր, ուշադիր սպասում է, թե երբ է ուսուցիչը իրեն մոտենալու:
Խաղային գործունեության մեկ այլ օրինակ.
Ուսուցիչը խնդրում է, որ բոլոր սովորողները սկսեն ուսուցչին հարց տալ՝ »What is your name», իսկ ուսուցիչը ուրախ զգացողություններով պատասխանում է՝ տալով տարբեր անուններ: Այդ պահին սովորողները մեծ հրճվանք են ապրում՝ լսելով ուսուցչից տարբեր անուններ:
Խաղային գործունեության մեկ այլ օրինակ.
Երբ սովորում ենք թեմատիկ բառեր Էլետրոնային online բառախաղերի միջոցով:
Բոլոր սովորողները ուզում են, որ իրենք առաջինը գան հեռուստացույցի մոտ և բառախաղը խաղան: Այստեղ ուսուցիչը մի հնարք է մտածում՝ այդ պահին գործածելով զգացողությունների արտահայտությունները.
You are very happy. Դու ուրախ ես:
You are very scared. Դու վախեցած ես:
You are very angry. Դու բարկացած ես:
You are very sleepy. Քո քունը տանում է:
You are very tired. Դու շատ հոգնած ես:
Երբ որևէ սովորող պետք է գա հեռուստացույցի մոտ, ուսուցիչը ասում է.
Օրինակ՝ You are very angry.
Եվ այդ պահին բոլոր սովորողները սկսում են տվյալ զգացողությունը ցույց տալ՝ գիտակցելով, որ ով ավելի լավ ցույց տա այդ զգացողությունը, ինքը առաջինը կգա:
Հեռուստացույցի մոտ առաջինը եկած սովորողը հաջորդին հենց ինքն է ընտրում: Եվ այդպես ամեն անգամ ընտրվում է ամենաուրախը, ամենավախեցածը, ամենահոգնածը, կամ էլ նա ում քունն ամենաշատն է տանում:
Այսպիսով բոլոր սովորողները ներգրավվում են դասապրոցեսի մեջ: Բոլորն ակտիվ են և ուրախ:
Խաղային գործունեության մեկ այլ օրինակ
Երբ սովորում ենք հագուստի կամ գրենական պիտույքների անվանումները. ուսուցիչը փորձում է դասարանում իրավիճակային գնորդ-վաճառող դերախաղ ստեղծել: Դասարանում սեղաններից մեկը բերում ենք կենտրոն, որտեղ դնում ենք տվյալ թեմային վերաբերող տարբեր գույների առարկաներ: Սկզբում միայն ուսուցիչն է և՚՚ վաճառողի, և՚՚ գնորդի դերը տանում, որից հետո մեկ սովորղի է կանչում և ստեղծվում է դասավնդող-սովորող դերախաղ, որից հետո՝ սովորող-սովորսղ դերախաղ: Տվյալ դերախաղի մեջ բացի թեմատիկ բառերից սովորողները նաև սովորում են տարբեր արտհայտություններ. Օրինակ՝
-Shop assistant: Come in
-Vahe: Good morning.
-Shop assistant: Good morning. What would you like? Ի՞նչ եք ցանկանում:
-Vahe: a pen, please.
-Shop assistant: What colour would you like?
-Vahe: Blue, please.
-Shop assistant: Here you are-ահա’ խնդրեմ:
-Vahe: Thank you.
-Shop assistant: Anything else?-էլի ինչ-որ բա՞ն եք ցանկանում:
-Vahe: No, thank you, good-bye.
-Shop assistant: Good-bye, have a nice day.
Երկրորդ ուսումնական պարապմունքի օրինակ
Ամրապնդվում է առաջին ուսումնական պարապմունքի լեզվանյութը տրված երկխոսություններով, իսկ ձնագունդն էլ մի փոքր գլորվում է ու մեծանում: Ուսուցիչ-սովորող երկխոսությունից հետո սկսվում են սովորող-սովորող երկխոսությունները:
“Good morning. My name is Vahe. What is your name?”
“My name is Ashkhen, nice to meet you Vahe.”
“Nice to meet you Ashkhen.”
“Goodbye, Ashkhen.”
“Goodbye, Vahe.”
Բոլոր սովորողները զույգերով կրկնում են այս երկխոսությունը, որից հետո ուսուցիչը երկու նոր արտահայտություն է ներմուծում:
“How are you?” – Ինչպե՞ս ես:
“I am fine, thank you.” – Շնորհակալություն, լավ եմ:
Մի քանի անգամ այս նոր արտահայտությունները կրկնելուց հետո միացնում ենք մեր սկզբնական երկխոսությանը և մեծանում է ձնագունդը:
“Good morning (կամ Hello), my name is Tigran. What is your name?”
“My name is Vahan. Nice to meet you Tigran.”
“Nice to meet you, too (նույնպես)”
“How are you, Tigran?”
“I am fine, thank you Vahan. How are you, Vahan?”
“I am fine, too. Thank you.”
Հիմա եկեք դիտենք և լսենք այս ուրախ երգ-երկխոսությունը:
Երգի բառերն ու արտահայտությունները ուսումնական պարապմունքի ընթացքում բազմաթիվ անգամ ասվել և կրկնվել են: Սովորողների համար նորությունը միայն րաժշտության պարզ մեղեդին է, որն անմիջապես է յուրացվում:
Երրորդ ուսումնական պարապմունք
Սովորողները արդեն գիտեն, որ անգլերենի ուսումնական պարապմունքը մի ինչ-որ տհաճ պարտականություն չէ, որը պետք է անպայման անել: Ընդհակառակը՝ այդ ուսումնական պարապմունքին բոլորը սպասում են, որովհետև կարողանում են խոսել իրենց առաջին երկխոսությամբ, և բոլորն էլ ուզում են որքան հնարավոր է շատ ասել այն, և ուսուցչի պարտականությունն է անել այնպես, որ բոլոր սովորողներն էլ ապրեն այդ «իմացումի հրճվանքը»:
Նախքան առաջ անցնելը՝ նորից պետք է կրկնել առաջին և երկրորդ ուսումնական պարապմունքների միացյալ երկխոսությունը: Համոզվելուց հետո, որ բոլոր սովորողները կարողանում են ասել այդ երկխոսությունը, ուրախությամբ հայտարարում ենք սովորողներին, որ այսօր սովորելու ենք անգլերենի թվերը՝ 1-10: Անգլերեն թվերը ուսուցանելու համար օգտագործվում է այս հիանալի մուլտֆիլմ- տեսադասը: Տեսադասը նրանով է արդյունավետ, որ սովորողները և՚՚ լսում են թվի արտասանությունը, և՚՚ տեսնում են այն իր լատինատառ գրությամբ ու թվանշանով: Յուրաքանչյուր թիվ ներկայացնելուց հետո դադար է տրվում, որպեսզի սովորողները կրկնեն այն: Տեսաֆիլմի ընթացքում 1-10 թվերը մի քանի անգամ են ներկայացվում տարբեր առարկաների հետ՝ առանց նշելու այդ առարկաների անունները:
Ուսումնական պարապմունքի ընթացքում սովորողների առաջին և երկրորդ ուսումնական պարապմունքների արդեն ծանոթ երկխոսություններին ավելանում է ևս երկու արտահայտություն՝ «Happy birthday to you- Շնորհավոր ծննդյանդ օրը», և «How old are you?- Քանի՞ տարեկան ես»:
“Good morning (կամ Hello), my name is Tigran. What is your name?”
“My name is Vahan. Nice to meet you Tigran.”
“Nice to meet you, too (նույնպես)”
“How are you, Tigran?”
“I am fine, thank you Vahan. How are you, Vahan?”
“I am fine, too. Thank you. It is my birthday.”
“Happy birthday to you, Vahan. How old are you?”
“I am six.”
Երրորդ ուսումնական պարապմունքի վերջնարդյունքն այն է, որ սովորողները կարողանում են ողջունել իրար, ներկայանալ ու հարցնել միմյանց անունները, ասել, որ ուրախ են միմյանց հետ ծանոթանալու համար, հարցնել միմյանց որպիսությունը ու պատասխանել այդ հարցին, շնորհավորել ծննդյան օրը, հարցնել տարիքը և պատասխանել այդ հարցին, հաշվել մինչև 10-ը և ցույց տալ տարբեր քանակության առարկաներ՝ ասելով դրանց քանակը թվերով:
Ուսուցիչը ներկայացված առաջին երեք ուսումնական պարապմունքների պլանավորման ոգուն համապատասխան պետք է շարունակի «Իմացումի հրճվանքի» անգլերենի ծրագրով աշխատել։
Իսկ ինչպե՞ս է ուսումնական թեման ընտանեկան նախագիծ դառնում: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունքի վերջում անպայման պետք է արժևորել այն, ինչը երեխաները սովորել են այդ օրը: «Ի՞նչ սովորեցինք այսօր» հարցին նրանք անմիջապես խմբով պատասխանում են՝ «ողջունե~լը և ծանոթանա~լը», կամ էլ՝ «գույնե~րը», մի ուրիշ անգամ էլ՝ «մինչև տասը հաշվե~լը»…: Ինչպե՞ս կզարմացնեք ձեր ծնողներին: Եվ տարբեր տեղերից լսվում են սովորողների ուրախ ձայները.
Ես կասեմ. «What is your name, Mother?»
Մեկ ուրիշն էլ ասում է, որ երբ իր հայրիկը աշխատանքից տուն գա, կասի նրան. «Good evening Father. How are you?»
Նրանք մի վերջին անգամ կրկնում են իրենց այդ օրվա սովորած բառերն ու արտահայտությունները և ես նրանց ասում եմ. «Goodbye, children!», որին ի պատասխան լսում եմ. «Goodbye, teacher!»:
Այս ձևով անգլերենը սովորողների տուն է մտնում ոչ որպես պարտադիր սովորելու մի տհաճ դաս, այլ որպես մի հաճելի առիթ՝ ծնողներին ու տան այլ անդամներին զարմացնելու և հրճվանք պատճառելու համար: Սովորողն ինքն էլ չի գիտակցում, որ օրվա դասն է սովորում: Նա ուրախանում է, որ կարողանում է իր այդ օրը սովորած անգլերեն բառերն ու արտահայտությունները ասել, իսկ ծնողներն էլ հրճվանք են ապրում: Օրերն անցնում են, և աստիճանաբար հասունանում է ընտանեկան միջավայրում առաջին երկխոսությունը նկարահանելու պահանջը:
Հենց այս ձևով է մեկնարկում ուսումնական թեման ընտանեկան նախագիծ դարձնելու գործընթացը:
Երկրորդ դասարան
2-րդ դասարանի 1-ին և 2-րդ ուսումնական շրջանների ընթացքում մի փոքր ընդլայնված կրկնվում է բանավոր դասընթացը: Սովորողները 1-ին դասարանում անցած թեմաների շուրջ արդեն կազմում են տրամաբանական շարունակությամբ իրար հաջորդող 2-3 փոքրիկ նախադասություն, սովորում են տարբեր թեմատիկ արտահայտություններ: Օրինակ՝ հագուստներ թեման կրկնելիս, սովորողները դիտում են առաջարկված տեսանյութը, որտեղ լսում և սովորում են հագուստներին վերաբերող տարբեր արտահայտություններ: Օրինակ` It is cold outside, put on your coat.
Կարելի է ուսումնական 1-ին և 2-րդ շրջանների ընթացքում փոքրիկ հեքիաթ-բեմադրություններ կազմակերպել: Կարող եմ առաջարկել իմ այս փորձարկված նախագիծը:
Ինչպե՞ս ուսուցանել բառուսուցում-ընթերցումը։
Աշխատանք հեղինակային գիրք-տետր ուսումնական նյութով
2-րդ դասարանի 3-րդ ուսումնական շրջանում սկսվում է բառուսուցում-ընթերցումը, որին հաջորդում է գրավոր խոսքի զարգացումը: Հեղինակային աշխատանքային գիրք-տետր ուսումնական նյութը բաղկացած է 3 մասից: 1-ին մասում առաջարկվում է կրկնել բանավոր դասընթացը: Երկրորդ մասը տառ-բառ ուսուցում է՝ խոսքային նմուշներով, փոքրիկ տեքստերով և առաջադրանքներով, որոնք պահանջում են մտածել և կազմել սեփական խոսքը:
Գիրք-տետրի 3-րդ մասը առօրյա բառապաշարով ու արդեն յուրացված խոսքային նմուշներով երկխոսություններ են, որոնք կօգնեն երեխաներին ձեռք բերել իրենց, իրենց ընկերներին, ընտանիքը անգլերեն ներկայացնելու կարողություններ: Հրապարակված են նաև պարզեցված, սեղմագիր հեքիաթներ՝ ընթերցելով հասկանալու առաջին քայլերը անելու համար:
Ինչպե՞ս աշխատել գիրք-տետր ուսումնական նյութով
Բանավոր դասընթացը լավ կրկնելուց հետո 2-րդ ուսումնական տարվա 3-րդ շրջանում սկսում ենք աշխատել գիրք-տետրի 2-րդ մասով:
Գրքի 2-րդ մասը բաղկացած է 22 ուսումնական պարապմունքից: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունք ունի իր ձայնագրությունը: Քանի որ անգլերեն բառերը չենք կարող կարդալ տառը տառին կապելով կամ վանկերով, գիրք-տետրում հնարավորինս ընտրված են այն բառերը, որոնք սովորողները բանավոր դասընթացում արդեն անցել են և բառերը ճանաչում են հենց իրենց արտաքին տեսքից: Բանավոր դասընթացի բոլոր մուլտֆիլմ-տեսադասերի անգլերեն ձայնագրությունները ուղեկցվում են բառերի տողատակի գրություններով, և սովորողները ակամայից արդեն ճանաչում են այդ բառերը իրենց գրությամբ և արտասանությամբ: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունքի սկզբում կցված է տվյալ ուսումնական պարապմունքի ձայնագրությունը նրա համար, որ սովորողը ինքը տանը բացի, լսի, ուսումնական պարապմունքը կրկնի, հիշի առաջարկված բառերի արտասանությունը: Եվ այստեղ այլևս առանձին բառի հնչյունական արտասանությունը սովորելու կարիք չի լինում:
1-ից 6-րդ ուսումնական պարապմունքները միայն բանավոր ասելու և կարդալու համար են: Սովորողները լսում են ուսումնական պարապմունքի ձայնագրությունը մի քանի անգամ, որից հետո փորձում են կարդալ բառերը: Պատկերները սկզբում սովորողներին օգնում են բառը ճիշտ ընկալել, և ձայնագրությունն էլ իր հերթին օգնում է բառը ճիշտ կարդալ: Ուսումնական պարապմունքերի վերջում առաջարկված են արդեն փոքրիկ նախադասություններ: Սկզբում ուսուցիչը տարբեր նախադասություններ է կազմում՝ ցույց տալով տարբեր առարկաներ: Հետո սովորողներն են սկսում իրենց նախադասությունները կազմել՝ գործածելով իրենց առջև եղած առարկաների անունները: Օրինակ՝ It is a computer. It is a book. …….
Բանավոր լավ յուրացնելուց հետո սովորողը լսում է տվյալ նախադասությունների ձայնագրությունը, որից հետո ինքն է փորձում կարդալ:
7-րդ ուսումնական պարապմունքից սկսած մինչև 22-րդ ուսումնական պարապմունքը սովորողներն արդեն կարողանում են գրավոր փոքրիկ առաջադրանքներ կատարել: Օրինակ՝ 7-րդ ուսումնական պարապմունքի լեզվանյութի մեջ արդեն ներառված է (has- ունի) բայը, որի բոլոր տառերը սովորողն արդեն գիտի և արդեն կարող է գրավոր կազմել սեփական նախադասությունը. « Ann has a hat. Կամ Dad has a car.»
Յուրաքանչյուր ուսումնական պարապմունք ուսուցանելուց ուսւոցիչը բանավոր պետք է շատ օրինակներով արտահայտի տվյալ ուսումնական պարապմունքին առաջարկվող փոքրիկ լեզվական նյութը, որից հետո սովորողն ինքն է փորձում ասել նման օրինակներ՝ գործածելով շրջապատող առարկաների անունները: Այս բանավոր նախնական աշխատանքից հետո սովորողը սկսում է կարդալ մոտավորապես այն նույն նախադասությունները, որոնք բանավոր ասել է: Ուսուցչի խոսքը լսելուց, սեփական նախադասությունները ասելուց և նույնատիպ նախադասություններ կարդալուց հետո սովորողն արդեն պատրաստ է նույն լեզվական նյութով կազմված բառեր և նախադասություններ գրել: Նորից ենք հիշում Լուիս Ջորջ Ալեքսանդրի օտար լեզու սովորող սկսնակներին առաջարկած հաղորդակցական սկզբունքը՝ լսել, լսելուց հետո ասել ու խոսել, խոսելուց հետո կարդալ և վերջում միայն՝ գրել:
Գիրք-տետրի 3-րդ մասը առօրյա բառապաշարով ու արդեն յուրացված խոսքային նմուշներով երկխոսություններ են, որտեղ սովորողը լսում է, կարդում, իսկ հետո ինքն է գրավոր կազմում երկխոսություններ: Գրքի 3-րդ մասում ներառված են «Իմ ընկերը», «Իմ ընտանիքը» թեմաները, որտեղ սովորողը լսելով, կարդալով տեքստերի օրինակները, ինքն է փորձում գրավոր նկարագրել և բնութագրել իր ընկերոջը, գրավոր ներկայացնել իր ընտանիքը:
Երկրորդ դասարանի անգլերենի գիրք-տետր ուսումնական նյութի մի առավելությունն էլ այն է, որ այն ունի բոլոր ուսումնական պարապմունքերի ձայնագրությունները: Երբ սովորողը տանը լսում է այդ ձայնագրությունները, մի ջերմ զգացում է առաջանում նրա մեջ՝ «Իմ ուսուցիչն ինձ հետ է՝ մեր տանը»:
Հաջողություն եմ մաղթում բոլոր անգլերեն դասավանդողներին, ովքեր աշխատելու են այս գիրք-տետր ուսումնական նյութով:
Աննա Գանջալյան
24.10.2022