4-5-րդ դասարաններում գնահատման իմ ձևը

4-5-րդ դասարաններում գնահատումը կատարում եմ հետևյալ կերպ.

1.Բանավոր հարցում (կապույտ վանդակ)

2.Դասարանական աշխատանք (կանաչ վանդակ)

3.Տնային աշխատանքի կատարում և ակտիվություն դասարանում (դեղին վանդակ)

Այսինքն սովորողը կարող է մեկ դասաժամի ընթացքում ստանալ 2-3 գնահատական:

Բանավոր հարցումը իր մեջ ներառում է՝ տեքստերի ընթերցում և քննարկում, զուգընկերոջ հետ երկխոսությունների վերարտադրում: Գնահատումը կատարվում է 1-ից 10 բալային համակարգով:

Դասարանական աշխատանքը ներառում է դասարանում գրավոր կատարածը՝ նախադասությունների կազմում, որևէ թեմայի գրավոր ներկայացում: Գնահատումը կատարվում է 1-ից 10 բալային համակարգով:

Տնային աշխատանքը չի գնահատվում բալային համակարգով, այլ միայն բնութագրվում է բառերով՝ very good (շատ լավ), good (լավ), sat.(բավարար), bad(վատ):

Սովորողը կարող է չընտրել և չանել տնային աշխատանքը, բայց դասարանում պետք է մասնակցի դրա քննարկմանը:

Յուրաքանչյուր դասից հետո սովորողը ունենում է բանավոր հարցումից և դասարանական աշխատանքից մեկական միավորային գնահատական, իսկ տնային աշխատանքի կատարման և ակտիվության համար՝ բնութագրող գնահատական:

Սովորողի նախագծային աշխատանքը ամփոփվում է տվյալ ամսվա վերջում՝ բլոգի հղումով և մեկ ամփոփիչ միավորային գնահատականով:  Ամփոփման վերևում նաև տեղադրում եմ անգլերենի տվյալ ամսվա ֆլեշմոբի արդյունքները՝ կրկին բլոգի հղումով:

Գնահատման այս եղանակով ծնողը ամեն օր տեղյակ է լինում իր երեխայի առաջադիմությանը՝ ուսուցանվող լեզվի տարբեր բաղադրիչներից և ծնողի համար անորոշ հարցեր չեն առաջանում, երբ ամսվա վերջում տեսնում է մեկ ամփոփիչ գնահատականը:

Կրթահամալիրային օրեր. թարգմանչական համագործակցային նախագիծ

Նախագծի ուղղվածությունը՝ տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ. Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»   

Մասնակիցներ՝ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի և Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի ստեղծած մանկական հանրագիտարանային կայքի նոր հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները շարունակում են նախաձեռնել նմանատիպ նախագծեր իրենց դպրոց-պարտեզում:

Նախագծի ընթացքը՝ նախապես որոշված ու համաձայնեցված կրթահամալիրային օրերին Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խումբը այցելում է Հարավային դպրոց-պարտեզ և ներկայացնում իրենց ստեղծած նյութերը, որոնք տեղ են գտել մեր կայք-էջում:

Արդյունքը՝ Հարավային և Արևմտյան դպրոց-պարտեզների նախագծային խմբերը ձեռք են բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է: Կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզներում նմանատիպ նախագծի հնարավոր ձեռնարկումներ:

Կրթահամալիրային տոնին ընդառաջ՝ «Պապն ու շաղգամը» եռալեզու հեքիաթ-բեմադրություն

Համագործակցային նախագիծ ռուսերենի դասավանդող Վիկտորյա Հովսեփյանի և 2-րդ դասարանի դասվար Գայանե Թորոսյանի հետ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ 03.10-30.10

Նպատակը

Սովորողները զարգացնում են պարզագույն խոսքային նմուշներով կազմված նախադասություններով ձայնագրություն լսելու և հասկանալու, ունկնդրածը ասելու, ասված գործողությունները կատարելու կարողությունները:

Խնդիրրը

Սովորողները մուլտֆիլմ-հեքիաթի շնորհիվ սովորում են անգլերեն և ռուսերեն ասել ընտանիքի անդամների, ընտանի կենդանիների անվանումները և գործողություններ պարունակող պարզագույն խոսքային նմուշներով նախադասություններ կազմել:

Նախագծի ընթացքը

Նախքան հայերեն, ռուսերեն և անգլերեն մուլտֆիլմ-հեքիաթը դիտելը՝ համապատասխան լեզուների որոշ լեզվական աշխատանք են կատարում դասվարը և անգլերեն ու ռուսերեն դասավանդողները սովորողների հետ: Ներկայացնում ենք հեքիաթում գործածված բոլոր նոր բառերը և խոսքային նմուշները, որոնցով միասին նախադասություններ ենք կազմում ու մի քանի անգամ կրկնում: Բոլոր բառերն ու արտահայտությունները լավ սովորելուց հետո՝ սովորողները դիտում են մուլտֆիլմը, որի ձայնագրված տեքստը արդեն նրանց համար հասկանալի է: Մի քանի անգամ լսելուց հետո փորձում ենք ամբողջ դասարանով բերանացի ասել հեքիաթը: Հաջորդ քայլը դերաբաշխումն է, որի արդյունքում լինում են մի քանի հեղինակ, մի քանի պապիկ, մի քանի տատիկ, մի քանի կատու և մկների մի խումբ: Ամբողջ դասարանը ներառվում է հեքիաթի գործողություններում:

Վերջնական արդյունքը՝ եռալեզու հեքիաթ-բեմադրություն, որը նվեր կլինի կրթահամալիրի տոնին:

Պապն ու Շաղգամը

The Great Big Turnip

Cказка «Репка»