«My First Steps in English – Մեթոդական ուղեցույց

«My First Steps in English»
Մեթոդական ուղեցույց


Մեթոդական ուղեցույցը նախատեսված է երկրոդ ուսումնական տարում «My First Steps in English» ուսումնական նյութով աշխատող անգլերենի մասնագետների, ինչպես նաև «Իմացումի հրճվանք» ծրագրով աշխատող դասվարների և ծնողների համար:

Ուսումնական նյութի PDF տարբերակը

Կրտսեր դպրոցում անգլերեն դասավանդելիս ղեկավարվում եմ բրիտանացի անգլերենի ուսուցիչ, անգլերենը որպես օտար լեզու ուսուցանելու դասագրքերի հեղինակ Լուիս Ջորջ Ալեքսանդրի հաղորդակցական անգլերենի սկզբունքով։ Լուիս Ջորջ Ալեքսանդրի մեթոդը  օտար լեզու սովորող սկսնակների համար է։ «Հնարավոր չէ գրել մի բան՝ նախքան դա կարդալը: Հնարավոր չէ կարդալ մի բան՝ նախքան դա ասելը: Հնարավոր չէ ասել մի բան՝ նախքան դա լսելը»: Նույն միտքը այսպես է հնչում, եթե շրջենք գործողությունների ընթացքը. «Սկզբում սովորողը լսում է: Լսելուց հետո ասում է այն, ինչը լսել է: Ասելուց հետո կարդում է այն, ինչը ասել է: Կարդալուց հետո գրում է այն, ինչը կարդացել է»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անգլերենի ուսուցումը սկսում ենք ուսուցման առաջին տարուց՝ բանավոր խոսքի զարգացմամբ: 2-րդ  ուսումնական տարվա 3-րդ ուսումնական շրջանից արդեն սկսվում է  բառուսուցում-ընթերցումը, որին հաջորդում է գրավոր անգլերենի զարգացումը: Այսինքն՝ 1-ին ուսումնական տարուց մինչև 2-րդ ուսումնական տարվա 3-րդ ուսումնական շրջանը անգլերենը ուսուցանվում է միայն բանավոր՝ տարբեր երգերի, բառախաղերի, երկխոսությունների, տեսանյութերի միջոցով: Բանավոր դասընթացի բոլոր թեմաները՝ իրենց կից ուսուցանող կայք-էջերի հղումներով, տեղակայված են աշխատանքային գիրք-տետր ուսումնական նյութի 1-ին մասում: Այդ տեսաֆիլմերը, մուլֆիլմերը, ձայնագրություններն ու երգ-երկխոսությունները հուշում են ուսուցչին, թե ինչ լեզվական նյութ է ուսուցանելու ուսումնական պարապմունքի ընթացքում: Ուսումնական պարապմունքի ընթացքում ուսուցիչը ներկայացնում է տեսաֆիլմերի, մուլտֆիլմերի, երգ-երկխոսությունների լեզվական նյութը: Սովորողները բազմաթիվ անգամ դրանք ասում են, կազմում երկխոսություններ: Այս նախնական աշխատանքից հետո միայն սովորողները սկսում են դիտել տեսանյութը և լսել բնագիր ձայնագրությունները:

Սովորողը տանը նույնպես կարող է բազմաթիվ անգամ լսել այդ բնագիր անգլերեն ձայնագրությունները, երգ-երկխոսությունները:    

Առաջին դասարան

Բանավոր խոսքի դասընթացը:

Ուսուցիչը շաբաթական 4 օր,  20-25 րոպե տևողությամբ մտնում է դասարան՝ լի սիրով, եռանդով և նախօրոք դասին պատրաստված: Ուսումնական պարապմունքն իր մեջ ներառում է և՛ տեսանյութ, և՛ բառախաղ-երկխոսություն,  և՛ երգ: Այսինքն՝ գործունեության ձևերը անընդհատ  փոփոխվում են, որպեսզի սովորողի համար հետաքրքիր լինի, սովորողը չձանձրանա: Շատ կարևոր է 20-25 րոպեների ընթացքում ներառել բոլոր սովորողներին և անպայման հիշել նրանց անունները: Ուսուցիչ-սովորող միջանձնային բարի-դրացիական և վստահելի հոգեբանական կապ է ստեղծվում, երբ ուսուցիչը սովորողին հենց ուսումնական առաջին շրջանում դիմում է անունով: Այդպես սովորողը կարևորված է զգում իրեն:

Թեմաների ուսուցանումը պետք է լինի «Իմացումի հրճվանքի» անգլերենի ծրագրում տրված թեմաների հերթականությամբ: Կիրառվում է ձնագնդի մեթոդը: Այսինքն՝ երկրորդ թեման անցնելիս անպայմանորեն օգտագործվում է առաջին թեմայի լեզվանյութը,  իսկ երրորդ թեմայի մեջ ներառվում են առաջինն ու երկրորդը և այդպես շարունակ: Յուրաքանչյուր թեմայի խոսքային վարժանքներում կարևորվում են  երկխոսությունները։

Առաջին ուսումնական պարապմունքի օրինակ։

Teacher: Good morning! Բարի լույս: Good morning, children! Բարի լույս, երեխաներ: Դուք պատասխանում եք այսպես. «Good morning teacher!»

Good morning, children!

Good morning, teacher!

Պետք է բոլորը կրկնեն ողջույնի այս ձևը:

Պետք է նայել յուրաքանչյուր սովորողի աչքերին և ասել.

Teacher: Good morning! I am Ms. Anna. My name is Anna. What is your name?

Student: Good morning, Ms. Anna! My name is Aram.

Ուսուցչի արտահայտություններ, որոնք առաջին անգամ են հնչում, պետք է թարգմանվեն հայերեն։ Օրինակ՝  Well done, dear Aram! – Ապրես, Արամ ջան:

Teacher: Nice to meet you, Aram. Որախ եմ քեզ հետ ծանոթանալու համար, Արամ:

Aram: Nice to meet you, Ms. Anna.

Հայերեն բացատրություն։ Երեխաներ, եթե մեր ուսումնական պարապմունքը լիներ ժամը 12-ից հետո, ապա պետք է ողջունեինք այսպես՝ «Good afternoon, children!»

«Good afternoon, Ms. Anna», իսկ երեկոյան ասում ենք՝ «Good evening»։

Հիմա եկել է պահը, որպեսզի սովորողները դիտեն և լսեն այս ողջույնի երգը: Երգի բոլոր բառերն ու արտահայտությունները ուսումնական պարապմունքի ընթացքում բազմաթիվ անգամ ասվել և կրկնվել են: Երբ միացվում է ձայնագրությունը, սովորողներին ամեն ինչ հասկանալի է: Մնում է միայն ուշադրությունը սևեռել երաժշտությանը՝ մեղեդուն, որը պարզ է և հեշտությամբ յուրացվող:

Այսպիսով՝ բոլոր սովորողները՝ մեկ առ մեկ, ողջունում են ուսուցչին և ասում իրենց  անունները: Դասարանում հնարավոր է՝ լինեն այնպիսի սովորողներ, ովքեր արդեն գիտեն այդ արտահայտությունները: Կարող են նրանք ողջունել իրենց ընկերոջը և ստանալ պատասխան ողջույն։ Ուսուցիչը չպետք է ուսումնական պարապմունքը հիմնի իմացող կամ արագ յուրացնող սովորողների հետ աշխատանքի վրա և անտեսի դժվարացողներին։  Բոլորին հավասար չափով սեր և ուշադրություն պետք է տալ: Պետք է նաև հաշվի առնել այն, որ յուրաքանչյուր դաս իր մեջ ներառի թվյալ թեմային վերաբերող ուսուցանող տարբեր ձևեր, որպեսզի սովորողը չձանձրանա: Օրինակ՝ շատ լավ տարբերակ է սովորող-սովորող երկխոսությունը, բայց եթե 20 րոպե անընդմեջ նույն գործունեությունը ծավալել դասարանում, այն արդեն կդառնա ձանձրալի մի բան և սովորողներն էլ կհոգնեն: Կարելի է դասարանում կիրառել նույն թեմային վերաբերող տարբեր խաղային-գործունեություններ մեկ պարապմունքի ընթացքում:  

Խաղային գործունեության մեկ օրինակ

Սովորում ենք »What is your name?» »My name is……..»

Սկզբում սովորողները լսում են, թե ինչպես է ուսուցիչը հարց տալիս և ինքն իր հարցին պատասխանում: Դրանից հետո ուսուցիչը սկսում է, անակնկալ տարբեր ուրախ զգացողություններ ցույց տալով, մոտենալ որևէ սովորողի և հարցնել ՛՛What is your name?»: Այդ ձևով սովորողին մոտենալը իր համար ավելի հետաքրքիր է լինում և յուրաքանչյուր սովորող անհամբեր, ուշադիր սպասում է, թե երբ է ուսուցիչը իրեն մոտենալու:

Խաղային գործունեության մեկ այլ օրինակ.

Ուսուցիչը խնդրում է, որ բոլոր սովորողները սկսեն ուսուցչին հարց տալ՝ »What is your name», իսկ ուսուցիչը ուրախ զգացողություններով պատասխանում է՝ տալով տարբեր անուններ: Այդ պահին սովորողները մեծ հրճվանք են ապրում՝ լսելով ուսուցչից տարբեր անուններ:

Խաղային գործունեության մեկ այլ օրինակ.

Երբ սովորում ենք թեմատիկ բառեր Էլետրոնային online բառախաղերի միջոցով:

Բոլոր սովորողները ուզում են, որ իրենք առաջինը գան հեռուստացույցի մոտ և բառախաղը խաղան: Այստեղ ուսուցիչը մի հնարք է մտածում՝ այդ պահին գործածելով զգացողությունների արտահայտությունները.

You are very happy. Դու ուրախ ես:

You are very scared. Դու վախեցած ես:

You are very angry. Դու բարկացած ես:

You are very sleepy. Քո քունը տանում է:

You are very tired. Դու շատ հոգնած ես:

Երբ որևէ սովորող պետք է գա հեռուստացույցի մոտ, ուսուցիչը ասում է.

Օրինակ՝ You are very angry.

Եվ այդ պահին բոլոր սովորողները սկսում են տվյալ զգացողությունը ցույց տալ՝ գիտակցելով, որ ով ավելի լավ ցույց տա այդ զգացողությունը, ինքը առաջինը կգա:

Հեռուստացույցի մոտ առաջինը եկած սովորողը հաջորդին հենց ինքն է ընտրում: Եվ այդպես ամեն անգամ ընտրվում է ամենաուրախը,  ամենավախեցածը, ամենահոգնածը, կամ էլ նա ում քունն ամենաշատն է տանում:

Այսպիսով բոլոր սովորողները ներգրավվում են դասապրոցեսի մեջ:  Բոլորն ակտիվ են և ուրախ:

Խաղային գործունեության մեկ այլ օրինակ

Երբ սովորում ենք հագուստի կամ գրենական պիտույքների անվանումները. ուսուցիչը փորձում է դասարանում իրավիճակային գնորդ-վաճառող դերախաղ ստեղծել: Դասարանում սեղաններից մեկը բերում ենք կենտրոն, որտեղ դնում ենք տվյալ թեմային վերաբերող տարբեր գույների առարկաներ: Սկզբում միայն ուսուցիչն է և՚՚ վաճառողի, և՚՚ գնորդի դերը տանում, որից հետո մեկ սովորղի է կանչում և ստեղծվում է դասավնդող-սովորող դերախաղ, որից հետո՝ սովորող-սովորսղ դերախաղ: Տվյալ դերախաղի մեջ բացի թեմատիկ բառերից սովորողները նաև սովորում են տարբեր արտհայտություններ. Օրինակ՝

-Shop assistant: Come in

-Vahe: Good morning.

-Shop assistant: Good morning. What would you like? Ի՞նչ եք ցանկանում:

-Vahe: a pen, please.

-Shop assistant: What colour would you like?

-Vahe: Blue, please.

-Shop assistant: Here you are-ահա’ խնդրեմ:

-Vahe: Thank you.

-Shop assistant: Anything else?-էլի ինչ-որ բա՞ն եք ցանկանում:

-Vahe: No, thank you, good-bye.

-Shop assistant: Good-bye, have a nice day.

Երկրորդ ուսումնական պարապմունքի օրինակ

Ամրապնդվում է առաջին ուսումնական պարապմունքի լեզվանյութը տրված երկխոսություններով, իսկ ձնագունդն էլ մի փոքր գլորվում է ու մեծանում: Ուսուցիչ-սովորող երկխոսությունից հետո սկսվում են սովորող-սովորող երկխոսությունները:

“Good morning. My name is Vahe. What is your name?”

“My name is Ashkhen, nice to meet you Vahe.”

“Nice to meet you Ashkhen.”

“Goodbye, Ashkhen.”

“Goodbye, Vahe.”

Բոլոր սովորողները զույգերով կրկնում են այս երկխոսությունը, որից հետո ուսուցիչը երկու նոր արտահայտություն է ներմուծում:

“How are you?” – Ինչպե՞ս ես:

“I am fine, thank you.” – Շնորհակալություն, լավ եմ:

Մի քանի անգամ այս նոր արտահայտությունները կրկնելուց հետո միացնում ենք մեր սկզբնական երկխոսությանը և մեծանում է ձնագունդը:

“Good morning (կամ Hello), my name is Tigran. What is your name?”

“My name is Vahan. Nice to meet you Tigran.”

“Nice to meet you, too (նույնպես)”                                                   

“How are you, Tigran?”

“I am fine, thank you Vahan. How are you, Vahan?”

“I am fine, too. Thank you.”

Հիմա եկեք դիտենք և լսենք այս ուրախ երգ-երկխոսությունը:

Երգի բառերն ու արտահայտությունները ուսումնական պարապմունքի ընթացքում բազմաթիվ անգամ ասվել և կրկնվել են: Սովորողների համար նորությունը միայն րաժշտության պարզ մեղեդին է, որն անմիջապես է յուրացվում:

Երրորդ ուսումնական պարապմունք

Սովորողները արդեն գիտեն, որ անգլերենի ուսումնական պարապմունքը մի ինչ-որ տհաճ պարտականություն չէ, որը պետք է անպայման անել: Ընդհակառակը՝ այդ ուսումնական պարապմունքին բոլորը սպասում են, որովհետև կարողանում են խոսել իրենց առաջին երկխոսությամբ, և բոլորն էլ ուզում են որքան հնարավոր է շատ ասել այն, և ուսուցչի պարտականությունն է անել այնպես, որ բոլոր սովորողներն էլ ապրեն այդ «իմացումի հրճվանքը»:

Նախքան առաջ անցնելը՝ նորից պետք է կրկնել առաջին և երկրորդ ուսումնական պարապմունքների միացյալ երկխոսությունը: Համոզվելուց հետո, որ բոլոր սովորողները կարողանում են ասել այդ երկխոսությունը, ուրախությամբ հայտարարում ենք սովորողներին, որ այսօր սովորելու ենք անգլերենի թվերը՝ 1-10: Անգլերեն թվերը ուսուցանելու համար օգտագործվում է այս հիանալի մուլտֆիլմ- տեսադասը: Տեսադասը նրանով է արդյունավետ, որ սովորողները և՚՚ լսում են թվի արտասանությունը, և՚՚ տեսնում են այն իր լատինատառ գրությամբ ու թվանշանով: Յուրաքանչյուր թիվ ներկայացնելուց հետո դադար է տրվում, որպեսզի սովորողները կրկնեն այն: Տեսաֆիլմի ընթացքում 1-10 թվերը մի քանի անգամ են ներկայացվում տարբեր առարկաների հետ՝ առանց նշելու այդ առարկաների անունները:

Ուսումնական պարապմունքի ընթացքում սովորողների առաջին և երկրորդ ուսումնական պարապմունքների արդեն ծանոթ երկխոսություններին ավելանում է ևս երկու արտահայտություն՝ «Happy birthday to you- Շնորհավոր ծննդյանդ օրը», և «How old are you?- Քանի՞ տարեկան ես»:

 “Good morning (կամ Hello), my name is Tigran. What is your name?”

“My name is Vahan. Nice to meet you Tigran.”

“Nice to meet you, too (նույնպես)”

“How are you, Tigran?”

“I am fine, thank you Vahan. How are you, Vahan?”

“I am fine, too. Thank you. It is my birthday.”

“Happy birthday to you, Vahan. How old are you?”

“I am six.”      

Երրորդ ուսումնական պարապմունքի վերջնարդյունքն այն է, որ սովորողները կարողանում են ողջունել իրար, ներկայանալ ու հարցնել միմյանց անունները, ասել, որ ուրախ են միմյանց հետ ծանոթանալու համար, հարցնել միմյանց որպիսությունը ու պատասխանել այդ հարցին, շնորհավորել ծննդյան օրը, հարցնել տարիքը և պատասխանել այդ հարցին, հաշվել մինչև 10-ը և ցույց տալ տարբեր քանակության առարկաներ՝ ասելով դրանց քանակը թվերով: 

Ուսուցիչը ներկայացված առաջին երեք ուսումնական պարապմունքների պլանավորման ոգուն համապատասխան պետք է շարունակի «Իմացումի հրճվանքի» անգլերենի ծրագրով աշխատել։

Իսկ ինչպե՞ս է ուսումնական թեման ընտանեկան նախագիծ դառնում: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունքի վերջում անպայման պետք է արժևորել այն, ինչը երեխաները սովորել են այդ օրը: «Ի՞նչ սովորեցինք այսօր» հարցին նրանք անմիջապես խմբով պատասխանում են՝ «ողջունե~լը և ծանոթանա~լը», կամ էլ՝ «գույնե~րը», մի ուրիշ անգամ էլ՝ «մինչև տասը հաշվե~լը»…: Ինչպե՞ս կզարմացնեք ձեր ծնողներին: Եվ տարբեր տեղերից լսվում են սովորողների ուրախ ձայները.

Ես կասեմ. «What is your name, Mother?»

Մեկ ուրիշն էլ ասում է, որ երբ իր հայրիկը աշխատանքից տուն գա, կասի նրան. «Good evening Father. How are you?»

Նրանք մի վերջին անգամ կրկնում են իրենց այդ օրվա սովորած բառերն ու արտահայտությունները և ես նրանց ասում եմ. «Goodbye, children!», որին ի պատասխան լսում եմ. «Goodbye, teacher!»:

Այս ձևով անգլերենը սովորողների տուն է մտնում ոչ որպես պարտադիր սովորելու մի տհաճ դաս, այլ որպես մի հաճելի առիթ՝ ծնողներին ու տան այլ անդամներին զարմացնելու և հրճվանք պատճառելու համար: Սովորողն ինքն էլ չի գիտակցում, որ օրվա դասն է սովորում: Նա ուրախանում է, որ կարողանում է իր այդ օրը սովորած անգլերեն բառերն ու արտահայտությունները ասել, իսկ ծնողներն էլ հրճվանք են ապրում: Օրերն անցնում են, և աստիճանաբար հասունանում է ընտանեկան միջավայրում առաջին երկխոսությունը նկարահանելու պահանջը:      

Հենց այս ձևով է մեկնարկում ուսումնական թեման ընտանեկան նախագիծ դարձնելու գործընթացը:

Երկրորդ դասարան

2-րդ դասարանի 1-ին և 2-րդ ուսումնական շրջանների ընթացքում մի փոքր ընդլայնված կրկնվում է բանավոր դասընթացը: Սովորողները 1-ին դասարանում անցած թեմաների շուրջ արդեն կազմում են տրամաբանական շարունակությամբ իրար հաջորդող 2-3 փոքրիկ նախադասություն, սովորում են տարբեր թեմատիկ արտահայտություններ: Օրինակ՝ հագուստներ թեման կրկնելիս, սովորողները դիտում են առաջարկված տեսանյութը, որտեղ լսում և սովորում են հագուստներին վերաբերող տարբեր արտահայտություններ: Օրինակ` It is cold outside, put on your coat.

Կարելի է ուսումնական 1-ին և 2-րդ  շրջանների ընթացքում փոքրիկ հեքիաթ-բեմադրություններ կազմակերպել: Կարող եմ առաջարկել իմ այս փորձարկված նախագիծը:

Ինչպե՞ս ուսուցանել բառուսուցում-ընթերցումը։

 Աշխատանք հեղինակային գիրք-տետր ուսումնական նյութով

2-րդ դասարանի 3-րդ ուսումնական շրջանում սկսվում է բառուսուցում-ընթերցումը, որին հաջորդում է գրավոր խոսքի զարգացումը: Հեղինակային աշխատանքային գիրք-տետր ուսումնական նյութը բաղկացած է 3 մասից: 1-ին մասում առաջարկվում է կրկնել բանավոր դասընթացը: Երկրորդ մասը տառ-բառ ուսուցում է՝ խոսքային նմուշներով, փոքրիկ տեքստերով և առաջադրանքներով, որոնք պահանջում են մտածել և կազմել սեփական խոսքը:

Գիրք-տետրի 3-րդ մասը առօրյա բառապաշարով ու արդեն յուրացված խոսքային նմուշներով երկխոսություններ են, որոնք կօգնեն երեխաներին ձեռք բերել իրենց, իրենց ընկերներին, ընտանիքը անգլերեն ներկայացնելու կարողություններ: Հրապարակված են նաև պարզեցված, սեղմագիր հեքիաթներ՝ ընթերցելով հասկանալու առաջին քայլերը անելու համար:

Ինչպե՞ս աշխատել գիրք-տետր ուսումնական նյութով

Բանավոր դասընթացը լավ կրկնելուց հետո 2-րդ ուսումնական տարվա 3-րդ շրջանում սկսում ենք աշխատել գիրք-տետրի 2-րդ մասով:

Գրքի 2-րդ մասը բաղկացած է 22 ուսումնական պարապմունքից: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունք ունի իր ձայնագրությունը: Քանի որ անգլերեն բառերը չենք կարող կարդալ տառը տառին կապելով կամ վանկերով, գիրք-տետրում հնարավորինս ընտրված են այն բառերը, որոնք սովորողները բանավոր դասընթացում արդեն անցել են և բառերը ճանաչում են հենց իրենց արտաքին տեսքից: Բանավոր դասընթացի բոլոր մուլտֆիլմ-տեսադասերի անգլերեն ձայնագրությունները ուղեկցվում են բառերի տողատակի գրություններով, և սովորողները ակամայից արդեն ճանաչում են այդ բառերը իրենց գրությամբ և արտասանությամբ: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունքի սկզբում կցված է տվյալ ուսումնական պարապմունքի ձայնագրությունը նրա համար, որ սովորողը ինքը տանը բացի, լսի, ուսումնական պարապմունքը կրկնի, հիշի առաջարկված բառերի արտասանությունը: Եվ այստեղ այլևս առանձին բառի հնչյունական արտասանությունը սովորելու կարիք չի լինում:

1-ից 6-րդ ուսումնական պարապմունքները միայն բանավոր ասելու և կարդալու համար են: Սովորողները լսում են ուսումնական պարապմունքի ձայնագրությունը մի քանի անգամ, որից հետո փորձում են կարդալ  բառերը: Պատկերները սկզբում սովորողներին օգնում են բառը ճիշտ ընկալել, և ձայնագրությունն էլ իր հերթին օգնում է բառը ճիշտ կարդալ: Ուսումնական պարապմունքերի վերջում առաջարկված են արդեն փոքրիկ նախադասություններ: Սկզբում ուսուցիչը տարբեր նախադասություններ է կազմում՝ ցույց տալով տարբեր առարկաներ:  Հետո սովորողներն են սկսում իրենց նախադասությունները կազմել՝ գործածելով իրենց առջև եղած առարկաների անունները: Օրինակ՝ It is a computer. It is a book. …….

Բանավոր լավ յուրացնելուց հետո սովորողը լսում է տվյալ նախադասությունների ձայնագրությունը, որից հետո ինքն է փորձում կարդալ:

7-րդ ուսումնական պարապմունքից սկսած մինչև 22-րդ ուսումնական պարապմունքը սովորողներն արդեն կարողանում են գրավոր փոքրիկ առաջադրանքներ կատարել: Օրինակ՝ 7-րդ ուսումնական պարապմունքի լեզվանյութի մեջ արդեն ներառված է (has- ունի) բայը, որի բոլոր տառերը սովորողն արդեն գիտի և արդեն կարող է գրավոր կազմել սեփական նախադասությունը. « Ann has a hat.  Կամ  Dad has a car.»

Յուրաքանչյուր ուսումնական պարապմունք ուսուցանելուց ուսւոցիչը բանավոր պետք է շատ օրինակներով արտահայտի տվյալ ուսումնական պարապմունքին առաջարկվող փոքրիկ լեզվական նյութը, որից  հետո սովորողն ինքն է փորձում ասել նման օրինակներ՝ գործածելով շրջապատող առարկաների անունները: Այս բանավոր նախնական աշխատանքից հետո սովորողը սկսում է կարդալ մոտավորապես այն նույն նախադասությունները, որոնք բանավոր ասել է: Ուսուցչի խոսքը լսելուց, սեփական նախադասությունները ասելուց և նույնատիպ նախադասություններ կարդալուց հետո սովորողն արդեն պատրաստ է նույն լեզվական նյութով կազմված բառեր և նախադասություններ գրել: Նորից ենք հիշում Լուիս Ջորջ Ալեքսանդրի օտար լեզու սովորող սկսնակներին առաջարկած հաղորդակցական սկզբունքը՝ լսել, լսելուց հետո ասել ու խոսել, խոսելուց հետո կարդալ և վերջում միայն՝ գրել:

Գիրք-տետրի 3-րդ մասը առօրյա բառապաշարով ու արդեն յուրացված խոսքային նմուշներով երկխոսություններ են, որտեղ սովորողը լսում է, կարդում, իսկ հետո ինքն է գրավոր կազմում երկխոսություններ: Գրքի 3-րդ մասում ներառված են «Իմ ընկերը», «Իմ ընտանիքը» թեմաները, որտեղ սովորողը լսելով, կարդալով տեքստերի օրինակները, ինքն է փորձում գրավոր նկարագրել և բնութագրել իր ընկերոջը, գրավոր ներկայացնել իր ընտանիքը:

Երկրորդ դասարանի անգլերենի գիրք-տետր ուսումնական նյութի մի առավելությունն էլ այն է, որ այն ունի բոլոր ուսումնական պարապմունքերի ձայնագրությունները: Երբ սովորողը տանը լսում է այդ ձայնագրությունները, մի ջերմ զգացում է առաջանում նրա մեջ՝ «Իմ ուսուցիչն ինձ հետ է՝ մեր տանը»:    

Հաջողություն եմ մաղթում բոլոր անգլերեն դասավանդողներին, ովքեր աշխատելու են այս գիրք-տետր ուսումնական նյութով:

Աննա Գանջալյան

24.10.2022 

«Անգլերենը՝ ամենօրյա հաղորդակցական միջոց կրտսեր դպրոցում» հետազոտական աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝«Անգլերենը՝ ամենօրյա հաղորդակցական միջոց կրտսեր դպրոցում»   

Կատարող՝ Աննա Գանջալյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզ

Դասավանդած առարկան՝ անգլերեն

Խորհրդատու՝ Յուրա Գանջալյան

Հետազոտական աշխատանքի Word Office ֆայլը

Երևան 2022

Բովանդակություն

Ներածություն ………………………………………………………… 3

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը.

Հաղորդակցական կարողությունների տեսակները. ……………..5  

Ունկնդրում ……………………………………………………………  5

Ընթերցանություն ……………………………………………………..  7

Խոսելը. Մենախոսություն և փոխներգործություն…………………9

Գրավոր խոսք………………………………………………………..    12

Լեզվանյութի կիրառում կամ քերականության ուսուցումը հաղորդակցական մոտեցմամբ……………………………………… 13

Եզրակացություն, առաջարկություններ ………………………… .  16

Օգտագործված էլեկտրոնային և տպագիր գրականության ցանկ.. 17

Ներածություն

      Ես ընտրել եմ իմ առաջին հետազոտական աշխատանքի համար այս թեման, որովհետև արդեն 11-րդ տարին է, ինչ անգլերեն եմ դասավանդում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում: Հայտնի փաստ է, որ կրթական տարրական աստիճանում սովորողների համար առաջնահերթություն է օտար լեզվով հաղորդակցական կարողությունների զարգացումը:  

Հանրակրթության պետական չափորոշիչով «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի տարրական դպրոցի սովորողի համար սահմանված են հետևյալ վերջնարդյունքները՝ «առնվազն երկու օտար լեզվով հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ»: Հետազոտական աշխատանքում պարզելու եմ, թե արդյոք անգլերենի ուսուցման մեր հեղինակային մոտեցումներով կարողանում ենք սովորողների մոտ ձևավորել պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան լեզվական կարողություններ:

           Հետազոտական աշխատանքում ուսումնասիրելու և պարզելու եմ, նաև թե առաջավոր կրթական համակարգեր ուցող երկրներում հաղորդակցական կարողությունների ո՞ր տեսակներն են (ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն, լեզվանյութի կիրառում) առաջնայինը համարվում կրտսեր դպրոցում: Աշխատանքի ընթացքում տեղեկատվություն ստանալու համար ուսումնասիրելու եմ մանկավարժական նորարար գաղափարներ, առաջադեմ աշխատնքային փորձեր պարունակող հետևյալ էլեկտրոնային ամսագրերը՝ edutopia.org, teachingenglish.org.uk , European Journal of Foreign Language Teaching   

           Հետազոտական աշխատանքի ընթացքում պարզելու եմ նաև, թե կրտսեր դպրոցում անգլերենը որպես օտար լեզու ուսուցանելու ընթացքում ուսումնական գործունեության ո՞ր ձևերն են ամենաարդյունավետը, եթե մեր հիմնական նպատակը սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացնելն է: Կրտսեր դպրոցում անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու համար ի՞նչ ուսումնական գործունեության ձևեր են օգտագործում առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում: Արդյո՞ք իմ մանկավարժական մոտեցումները և դասավանդողի հնարքները նորարարական են և համընկնում են աշխարհում ընդունված, փորձարկված և դրական արդյունքներ ցույց տվածներին: Այլոց փորձի ուսումնասիրության արդյունքում հնարավո՞ր է բացահայտել ինձ համար մի նոր ու հետաքրքիր ուսումնական գործունեության ձև, դասավանդողի հնարք, որը կկարողանամ կիրառել իմ ամենօրյա աշխատոնքում:   

Հաղորդակցական կարողությունների տեսակները. 

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչներում հաղորդակցության չափորոշիչները արտահայտվում են 6 կարողություններով՝  ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն, լեզվանյութի կիրառում:

Հիմա իմ առջև հետազոտական աշխատանքի խնդիր եմ դնում. արդյո՞ք կրտսեր դպրոցում իմ իրականացրած անգլերենի ուսուցման հեղինակային մոտեցումները օգնում են, որպեսզի սովորողները ձեռք բերեն նոր չափորոշիչներով սահմանված հաղորդակցական կարողությունները: Միանգամից պետք է ասեմ, որ տարրական դպրոցում ղեկավարվում եմ բրիտանացի անգլերենի ուսուցիչ, անգլերենը որպես օտար լեզու ուսուցանելու դասագրքերի հեղինակ՝ Լուիս Ջորջ Ալեքսանդրի հաղորդակցական մոտեցման սկզբունքը օտար լեզու սովորող սկսնակների համար. «Հնարավոր չէ գրել մի բան՝ նախքան դա կարդալը: Հնարավոր չէ կարդալ մի բան՝ նախքան դա խոսելը: Հնարավոր չէ խոսել մի բան՝ նախքան դա լսելը»: 

Ունկնդրում

Տարրական դպրոցի ունկնդրելու չափորոշիչներն են՝

Լսել և հասկանալ շատ պարզ հրահանգները և իրեն ծանոթ թեմաներով խոսքի ընդհանուր բովանդակությունը։

1-3-րդ դասարաններում անգլերենի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։ Ըստ օտար լեզուների և մասնավորապես՝ անգլերենի ուսուցման հեղինակային մոտեցման ամենակարևոր բաղադրիչը ՏՀՏ միջոցների օգտագործումն է: Առաջին և երկրորդ դասարանների առարկայական ծրագիրը ուսուցանելու համար « https://genkienglish.net/teaching/»,  « https://www.anglomaniacy.pl/ » « https://learnenglishkids.britishcouncil.org/ » կայքերում պահանջվող թեմաներով ուսումնական նյութեր տեսաֆիլմերով, մուլտֆիլմերով ու երգերով՝ «ողջույնի ձևերը օրվա տարբեր ժամերին», «գույներ», «մրգեր և բանջարեղեն», «գրենական պիտույքներ», «ընտանի և վայրի կենդանիներ», «հագուստի տեսակներ», «ընտանիքի անդամներ», «մթերք»: Իմ արտասանած յուրաքանչյուր նոր բառից, արտահայտությունից կամ նախադասությունից հետո սովորողները կրկնում են դրանք և անմիջապես լսում նաև լեզվակրի բնագիր ձայնագրությունը, ինչը մեծ հնարավորություն է տալիս սովորողին զարգացնելու իր ունկնդրելու կարողությունը: 

Երկրորդ դասարանում սովորողների ունկնդրելու կարողությունների զարգացմանը նպաստում է նաև իմ հեղինակած աուդիո գիրք–տետր–դասագրքը, որտեղ բոլոր դասերն ունեն իրենց ձայնագրությունները: Աուդիո գիրք-տետրը մեծապես նպաստում է հատկապես հեռավար սովորողների ունկնդրելու կարողությունների զարգացմանը: 

3-րդ դասարանում սովորողներին առաջարկվում է լսել  https://learnenglishkids.britishcouncil.org/ կայքում առկա կարճ երկխոսություններ և պատմություններ:

Այսպիսով «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի անգլերենի դասընթացը ավարտելիս սովորողները արդեն ունենում են ունկնդրելու հետևյալ վերջնարդյունքները՝

  • լսում և հասկանում են պարզ խոսքը
  • լսում և կատարում են ուսուցչի հրահանգները
  • լսում և հասկանում են պարզ մանկական երգեր բնագիր ձայնագրություններով
  • լսում և հասկանում են պարզ առօրեական երկխոսություններ

Կարծում եմ, որ թվարկված վերջնարդյունքները լիովին բավարարում են տարրական դպրոցի ունկնդրելու նոր չափորոշիչներին:

Ակտիվ ունկնդրման Հետաքրքիր

Ընթերցանություն

Տարրական դպրոցի ընթերցանության չափորոշիչներն են՝

Ընկալել շատ պարզ և ծանոթ տեքստի փաստերը և հիմնական բովանդակությունը։

Ըստ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երկրորդ դասարանում են սովորողները սովորում անգլերենի տառերը և սկսում են կարդալ այնպիսի տեքստեր, որոնց բովանդակությանը ծանոթ են դեռ առաջին դասարանից, որոնց բառապաշարը և լեզվական նյութը սովորողները յուրացրել են առաջին դասարանի բանավոր նախնական դասընթացում: Ընթերցանության այդ տեքստերը առկա են «My First Steps in English» երկրորդ դասարանի աուդիո-գիրք-տետրում:

Ընթերցանության սկզբունքը, որը ներդրվել է երկրորդ դասարանում, պահպանվում է նաև տարրական դպրոցի 3-4-5-րդ դասարաններում: Սովորողները ընթերցում են այն, ինչը նախօրոք լսել են ու խոսել: Օրինակ, 4-րդ և 5-րդ դասարաններում հաճախ եմ օգտագործում Բրիտանական խորհրդի learnenglishkids.britishcouncil.org կայքը իր կարճ պատմություններով և հեքիաթներով: Այստեղ իհարկե նոր բառեր և արտահայտություններ կան, որոնց սովորողը պետք է ունկնդրի, կրկնի և օգտագործի նախադասությունների մեջ և միայն դրանից հետո ընթերցի տեքստը:

Ընթերցելով հասկանալու և թարգմանելու կարողությունների զարգացմանը մեծապես նպաստեց 5-րդ դասարանցիների հետազոտական-թարգմանական նախագիծը, որի վերջնարդյունքի՝ ուսումնական կայքի անունն է «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը», ինչն ինքնին մի մանկական մեդիահանրագիտարան է:  Այս նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:

Նախագծի շարժառիթն ու դրանով ստեղծվող նյութերը    

Մեր դպրոց-պարտեզների 5-րդ դասարանցիները 10-11 տարեկան են: 5-րդ դասարանում են սովորողները սկսում ուսումնասիրել «Բնագիտություն» ուսումնական առարկան: Ճիշտ է ընտրված այդ տարիքը:  Այդ տարիքում սովորաբար երեխաները սկսում են շրջակա միջավայրի, բնության երևույթների, բուսական ու կենդանական աշխարհի մասին այնպիսի հարցեր տալ, որ ծնողները և նույնիսկ իրենց դասավանդողները դժվարանում են պատասխանել: Բնագիտության դասագիրքը շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները չկան դասագրքում: Իսկ ինչու՞ պետք է 5-րդ դասարանցին  հարց տա ծնողներին ու դասավանդողներին այն բաների մասին, որոնք հետաքրքրում են իրեն: Նա կարող է իմանալ դրանք կարդալով, ուսումնական ֆիլմեր դիտելով: Սա արդեն 21-րդ դարի առաջընթացն է: Առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում արդեն հասկացել են, որ չկա այլևս ուսուցչի՝ գիտելիքի միակ աղբյուրը լինելու  մենաշնորհը: Կարելի է հարցը գրել Google հարթակի որոնման պատուհանում և կստանաս պատասխանը: Հնարավոր պատասխանների շրջանակը շատ ավելի մեծ կլինի, եթե կարողանաս հարցը անգլերեն ձևակերպել:

Իսկ ինչպե՞ս օգնել, ուղղորդել սովորողին, որպեսզի նա կարողանա գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները: Իմ որոնումները տվեցին ցանկալի արդյունքը: Գտա երեխաների համար նախատեսված ուսումնական տեսաֆիլմերի կայքեր, որոնք բավարարում են նրանց հետաքրքրությունները՝  «All Things Animal TV», «Kids Learning Videos», «Animal Fun-facts», «Free School»: Դրանից հետո սկսվեց նախագծի իրականացումը: Սա իրականում ընտանեկան նախագիծ է: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում իրեն հետաքրքրող թեման և իր ծնողի հետ սկսում աշխատել:

Օրինակ՝ բնագիտության դասագրքում գրված է, որ Արեգակի շուրջը պտտվում է 8 երկնային մարմին՝ 8 մոլորակ: Տրվում են այդ 8 մոլորակների անունները, բայց դրանցից միայն Երկրի մասին է առանձին դաս առաջարկվում: Իսկ ինչպիսի՞ն են Վեներան և Մերկուրին: Այս հարցերն են հետաքրքրել իր հայուհի մոր և արաբ հոր հետ Բեյրութից Հայաստան ներգաղթած 5-րդ դասարանի սովորող Յազան Ալաբդալլային: Երկու տեսաֆիլմերի թարգմանություններով ստեղծվեցին մեր մանկական հանրագիտարանի «Գիտություն» բաժնի առաջին նյութերը՝ Վեներա և Մերկուրի մոլորակների մասին:

Հատկանշականն այն է, որ այդ տարիքի սովորողներին հատկապես հետաքրքրում են ամենա-ամենաները: Եթե որևէ մեկը որոշում է թռչնի մասին գրել, ապա գրում է աշխարհի ամենափոքր թռչնի՝ կոլիբրիի մասին, եթե ծառի մասին, ապա ընտրվում է աշխարհի ամենամեծ ծառը՝ բաոբաբը, եթե պարի մասին, ապա ամենաշարժուն Բրեյք դանսը:

Փաստորեն սովորողների հետաքրքրությունների շրջանակով ստեղծվեցին նաև մեր հանրագիտարանի բաժինները՝ «Գիտություն», «Կենդանիներ», «Թռչուններ» «Միջատներ», «Բույսեր», «Մշակույթ»:

Այս ուսումնական տարվա ընթացքում 5-րդ դասարանցիների հետ շարունակում եմ մեր ուսումնական կայքի նյութերի ստեղծման աշխատանքները:

Խոսելը. Մենախոսություն և փոխներգործություն

Տարրական դպրոցի մենախոսության և փոխներգործության չափորոշիչներն են՝

Համառոտ վերարտադրել պարզ, տարբեր ուղիներով ստացված գրավոր կամ բանավոր խոսքի/տեքստի բովանդակությունը։ Համառոտ նկարագրել իրեն, իր շրջապատը, իր առօրյան։  

Սկսել երկխոսություն իրեն ծանոթ թեմայով` արձագանքելով իրեն ուղղված հարցերին։

Արտահայտել համաձայնություն կամ անհամաձայնություն՝ տալով պարզ պատասխաններ կամ խնդրելով հստակեցումներ։

Խոսակցին տալ պարզ հարցեր իրեն ծանոթ թեմաների շուրջ։

4-5-րդ դասարաններում ուսուցանվող բոլոր թեմաները և դրանց հիման վրա իրականացվող նախագծերը ուղղված են հաղորդակցական հենց այդ չափորոշիչներին բավարարող կարողությունները ձևավորելուն:

Ուսուցանվող թեմաներն են՝ 

1. Ես և իմ շրջապատը

2.Ես, իմ ընկերները, իմ բարեկամները

3. Իմ ընտանիքը

4. Իմ պարտականությունները

5.Իմ բնակարանը

6. Դպրոց

7.Դպրոցական առօրյա

8. Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը

9. Հագուստ

10. Գնումներ

11. Տարվա եղանակներ և դպրոցական արձակուրդ

12. Ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Ուսուցանվող թեմաներին զուգահեռ իրականացվում են նաև հետևյալ ուսումնական նախագծերը՝

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում»

Թումանյանական օրեր. Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Սուրբ Զատիկը իմ ընտանիքում

ՙՀամագործակցային նախագծեր. համագործակցային մի նախագծի ամփոփում՝ որպես օրինակ.

5-րդ դասարանի վերջում սովորողները ձեռք են բերում խոսելու (մենախոսության և փոխներգործության) հետևյալ կարողությունները՝

  • Կարողանալ հասկանալ և տալ տեղեկատվություն,  երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն
  • կարողանալ հասկանալ կարճ նկարագրության ընդհանուր միտքը և տալ տեղեկատվություն այդ մասին,
  • կարողանալ հասկանալ գործողությունների պարզ հրահանգներ և տալ նման հրահանգներ, օրինակ՝ կանգնիր, թեքվիր աջ, թեքվիր ձախ, առաջ/հետ գնա,
  • կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով մի որևէ մուլտֆիլմի գլխավոր միտքը և տալ կարճ տեղեկատվություն այդ մասին,
  • կարողանալ ներկայացնել ինքն իրեն, ընտանիքի անդամներին և ընկերներին,
  • կարողանալ զրուցել դպրոցի, առօրյայի մասին,
  • կարողանալ զրուցել սիրելի զբաղմունքի մասին,
  • կարողանալ ողջունել և հրաժեշտ տալ օրվա տարբեր ժամերի համար բնորոշ արտահայտություններով,
  • կարողանալ շնորհակալություն հայտնել և պատասխանել շնորհակալությանը,
  • կարողանալ ընդունել առաջարկությունը, օգնությունը, կամ էլ քաղաքավարի կերպով մերժել դրանք,

Գրավոր խոսք

Տարրական դպրոցի սովորողի գրավոր խոսքի չափորոշիչներն են՝

 Շարադրել կարճ տեքստ իր շրջապատի, առօրյայի, նախասիրությունների մասին։

Լրացնել պարզ տեղեկություններ պահանջող ձևաթուղթ։

5-րդ դասարանի անգլերենի իմ առարկայական ծրագրում նույնիսկ ավելիին է նախատեսվում հասնել:

  • կարողանալ լրացնել անձնական քարտ հե­տևյալ կետերով. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվն ու ամիս ամսաթիվը, ծննդյան տեղը, ծնողների անունները, դպրոցը, հայրենի քա­ղա­քը կամ գյուղը, հասցեն և հեռախոսի համարը,
  • կարողանալ կազմել և գրել նախա­դասութ­յուն­ներ տրված բառերով և բառակապակցութ­յուն­ներով,
  • կարողանալ հասկանալ և գրել անձնա­կան կարճ նամակներ, որոնք վերաբերում են առօր­յային, դպրոցին կամ սիրելի զբաղմունքին.
  • Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տե­ղեկատվությունը։

Գրավոր խոսքի ձևավորմամբ է ավարտվում տարրական դպրոցում օտար լեզվի ուսուցման հաղորդակցական մոտեցման սկզբունքի շրջանը՝ սկզբում սովորողն ունկնդրում է այն, ինչը պետք է ասի: Ասելուց հետո նա ընթերցում է այն ինչը ասել է: Ընթերցելուց հետո նա գրում է այն, ինչը ընթերցել է: Այսպիսով, ուսումնառության ողջ ընթացքում սովորողը գիտակցաբար ու հասկանալով է մասնակցում ուսումնական գործունեության բոլոր ձևերին:

Լեզվանյութի կիրառում կամ քերականության ուսուցումը հաղորդակցական մոտեցմամբ

Տարրական դպրոցի սովորողի լեզվանյութի կիրառման չափորոշիչներն են՝

Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք (բառապաշար, քերականություն, ուղղգրություն,արտասանութոյւն)։

Ուշագրավ է, որ չափորոշիչները կազմողները չեն գրել՝ «լեզվանյութի իմացություն»: Բոլորովին էլ պարտադիր չէ լեզվանյութի մասին գիտելիքը: Կարևորվում է դրա կիրառումը:  Ինչպես Լ.Ջ. Ալեքսանդրն է գրել իր «Վարժանք և առաջընթաց» գրքի նախաբանում՝ «Ուսուցչի ջանքերով սովորողները պետք է օտար լեզուն գործածելու կարողություն ձեռք բերեն, այլ ոչ թե լեզվի մասին գիտելիքներ»: Սովորողի օտար լեզվի իմացությունն էլ պետք է չափվի այն բանով, թե որքանով է նա կարողանում գործածել այն, այլ ոչ թե այդ լեզվի մասին նրա ունեցած գիտելիքով:

Ջո Շեյլզը իր «Ժամանակակից լեզուների ուսուցումը հաղորդակցական մոտեցումով» աշխատության մեջ գրել է. «Երբ շատ ուշադրություն ենք դարձնում ձևին՝ կառուցվածքին, ինչն արվում է բովանդակության հաշվին, սովորողները դժվարությունների են հանդիպում իրական կյանքում հաղորդակցվելու ժամանակ»:

Ջո Շեյլզի այս պնդումը կարելի է հիմնավորել այս երկու տիպի վարժանքների միջոցով:

Վարժանք, որտեղ ձևն է գերիշխում.

Տրված է մի օրինակ և բոլոր հաջորդող նախադասությունների բայերի անորոշ ձևերը գրում ենք Present Continuous ժամանակաձևով:

 Նմուշ օրինակ.

She (to write) a letter now. She is writing a letter now.

He (to run) in the stadium now.

My sister (to watch) TV now.

Այս տիպի վարժություններ անելուց հետո սովորողն իհարկե դժվարություններ կունենա, երբ ցանկանա այդ ժամանակաձևը կիրառել խոսելու ժամանակ, որովհետև նրա ուշադրությունը միշտ կենտրոնացած է եղել ձևի վրա: Միանգամայն այլ արդյունք է լինում, երբ ուշադրությունը կենտրոնանում է բովանդակության վրա:

 Վարժանք, որտեղ բովանդակությունն է գերիշխում.

Պատկերացնում ենք մի հեռախոսային խոսակցություն սովորողի և իր հետաքրքրասեր մորաքույրի միջև: Մեր նպատակն այն է, որ սովորողները կարողանան հատուկ հարցեր տալ և պատասխանել դրանց:

“Hello, who is on the phone?”

“This is Tom speaking.”

“Oh, Tom, this is Aunt Lucy speaking. What are you doing, Tom? ”

“I am doing my lessons.”

“What is your mother doing?”

“My mother is cooking.”

Aunt lucy asks the same question about Tom’s father, brother, grandma and grandpa.

Սովորողներն արդեն մտածում են բովանդակության մասին, նրանք հաղորդակցվում են, այլ ոչ թե քերականական վարժանք անում:

Լեզվանյութի կիրառման բավականին հետաքրքիր ձև են առաջարկում  ամերիկացի անգլերենի ուսուցիչներ Սթիվեն Մօլինսկին և Բիլ Բլիսը իրենց «Անգլերենի քերականությունը ուղղորդվող զրույցների միջոցով» գրքում: `

Օրինակ, ինչպե՞ս են այդ գրքի հեղինակները կրտսեր դպրոցի սովորողներին սովորեցնում Present Continuous բայական ժամանակաձևը:

Սկզբում տրվում է նմուշը.

Are you busy? (cleaning my room)

Yes, I am cleaning my room.

Այլ օրինակներ.

Is Nancy busy? (washing her car)

Are you busy? (doing my homework)

Կարծում եմ, որ Սթիվ Մոլինսկու և Բիլ Բլիսի քերականության այս գիրքը, որտեղ չկա ոչ մի քերականական տերմին կամ կանոն, կարող է օգտագործվել մեր դպրոց-պարտեզների 4-5-րդ դասարաններում:

Եզրակացություն, առաջարկություններ

Այս հետազոտական աշխատանքը երեք խնդիր ուներ պարզելու: Նախևառաջ, պետք էր պարզել, թե արդյոք անգլերենի իմ ուսուցումը, որն իրականացնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում, նպաստում է սովորողների նոր չափորոշիչներով սահմանված վերջնարդյունքների ձևավորմանը:

Ուսումնասիրելով «Հանրակրթության պետական չափորոշիչը» և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչները» և համեմատելով ուսուցման արդյունքում սովորողների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ կարող եմ վստահաբար ասել, որ ուսման ընթացքում ձեռք են բերում ունկնդրելու, ընթերցելու, խոսելու (մենախոսություն և փոխներգործություն), գրավոր խոսքի և լեզվանյութի հաղորդակցական չափորոշիչներին համապատասխան վերջնարդյունքներ:

Երկրորդ խնդիրն այն էր, որ պետք էր պարզել, թե արդյոք պահպանվում է օտար լեզուների ուսուցման ամենակարևոր սկզբունքը տարրական դպրոցում՝ սկզբում սովորողն ունկնդրում է այն, ինչը պետք է ասի: Ասելուց հետո նա ընթերցում է այն, ինչը ասել է: Ընթերցելուց հետո նա գրում է այն, ինչը ընթերցել է:

Երրորդ խնդիրն այն էր, որ պետք էր պարզել, թե արդյոք  առաջավոր կրթական համակարգեր ուցող երկրներում հաղորդակցական կարողությունների ո՞ր տեսակներն են (ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն, լեզվանյութի կիրառում) առաջնայինը համարվում կրտսեր դպրոցում:

 Աշխատանքի ընթացքում տեղեկատվություն ստանալու համար ուսումնասիրեցի մանկավարժական նորարար գաղափարներ, առաջադեմ աշխատանքային փորձեր պարունակող հետևյալ էլեկտրոնային ամսագրերը՝ edutopia.org, teachingenglish.org.uk , European Journal of Foreign Language Teaching և կարող եմ վստահամար ասել, որ հաղորդակցական կարողությունների բոլոր բաղադրիչներն էլ կարևորվում են տարրական դպրոցում: 

Հետազոտական աշխատանքի ընթացքում ինձ համար հայտնություն էր Սթիվ Մոլինսկու և Բիլ Բլիսի գիրքը « SIDE BY SIDE  English Grammar Through Guided Conversations.» 4-5-րդ դասարաններում շատ կարևոր է լեզվանյութը՝ քերականությունը ներկայացնել առանց քերականական տերմինների՝ զվարթ երկխոսություններով:   

Օգտագործված էլեկտրոնային և տպագիր գրականության ցանկ

  1. Հանրակրթության պետական չափորոշիչ, 2020
  2. Հայաստանի հանրապետության կրթության բարելավման ծրագրի «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի հանրակրթության առարկայական չափորոշիչներ և ծրագրեր , 2021     
  3. Joe Sheils “ Communication in the Modern Languages Classroom”  Council of Europe, 1995
  4. Յուրա Գանջալյան «Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը. .To teach the language and not some knowledge about the language» 2011
  5. T.I. Matyushkina-Guerke “Practical Grammar in Patterns”  1979
  6. SIDE BY SIDE  English Grammar Through Guided Conversations.  Steven J.Molinsky and Bill Bliss, 

Փոքր գյուղական տարրական դպրոցներ Ավստրիայում. ներուժ և մարտահրավերներ

Այլոց փորձի ուսումնասիրում

Փոքր դպրոցները տարբերվում են մեծերից մի քանի առումներով՝ դասարանում սովորողների թվով, անձնակազմի անդամների թվով, խառը դասարանների կիրառմամբ և ամենակարևորը՝ ուսուցիչների դերով:

Նման դպրոցների ուժեղ կողմն այն է, որ աշակերտների ցածր թիվը ավելի հավանական է դարձնում յուրաքանչյուր երեխային հատկացվող անհատական աջակցությունը:  

Գյուղական փոքր դպրոցի տնօրենը բացատրեց, որ իր փոքրիկ գյուղական դպրոցը գրավում է ծնողներին քաղաքային բնակավայրերից, ովքեր անհատական աջակցությամբ ավելի հոգատար դպրոց են փնտրում: Դպրոց են հաճախում երկու աշակերտ, ովքեր «ձախողել են» իրենց նախկին ավելի մեծ տարրական դպրոցում:

Փոքր գյուղական դպրոցների բազմակարծությունը

Ավստրիական 20 փոքր գյուղական դպրոցներ են հետազոտվել: Փորձել են պարզել յուրաքանչյուր դպրոցում առկա խնդիրները: Քանի՞ ուսուցիչ է աշխատում այնտեղ: Քանի՞ աշակերտ է հաճախում այդ դպրոցը: Որտե՞ղ է այն գտնվում: Արդյո՞ք այդ դպրոցին սպառնում է փակվելը:

Հետազոտության արդյունքում պարզվել է հետևյալը.

  • Առկա է մեկ ուսուցչով 7 դպրոց, որոնք ունեն 20-ից ավելի քիչ սովորող:
  • Առկա է 2 ուսուցիչ ունեցող 11 դպրոց, որոնք ունեն 20-ից 30 աշակերտ, և որոնք  գտնվում են քաղաքից մոտ 25-30 կմ հեռավորության վրա:
  • Քաղաքային կենտրոնների մոտ գտնվող Մոնտեսորիի հատուկ պրոֆիլ ունեցող 2 դպրոց իրենց 20-35 աշակերտներով: 

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ փոքր դպրոցներում աշխատող ուսուցիչները գոհ են իրենց աշխատանքից, որին նվիրված են: Դա կարող է դժվար լինել, բայց ոչ՝ ձանձրալի: Սովորողների հետ հարցազրույցներն էլ պարզել են, որ նրանց դուր է գալիս իրենց ազատությունը մեծ տարածքներում, որտեղ խաղահրապարակները բազմամարդ չեն, և խաղալիքներն էլ բոլորին է հասանելի: Նրանց դուր է գալիս նաև այն փաստը, որ բոլորը բոլորին ճանաչում են:

Փոքր դպրոցների ղեկավարները

Գյուղական փոքր տարրական դպրոցների մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ նրանք ունեն ուսուցիչ, որը երկակի դեր ունի՝ ծառայելու և՛ որպես դասարանի ուսուցիչ, և՛ որպես դպրոցի տնօրեն: Միայն առնվազն ութ դասարան ունեցող դպրոցներն ունեն տնօրեն, ով հիմնականում պատասխանատու է կառավարման առաջադրանքները կատարելու համար և ազատված է դասավանդման պարտավորություններից: Ուսուցիչ-տնօրեններն էլ իրենց հարցազրույցներում նշել են, որ իրենք իրենց առաջինը ուսուցիչ են համարում, իսկ տնօրենի դերը երկրորդն է: Այդ երկրորդ դերի մեջ ներառվում են հետևյալ պարտականությունները. համայնքի հետ կապեր ստեղծելը, շենքային կառույցների համար պատասխանատու լինելը, ուսումնական ծրագրի և դպրոցի զարգացման պատասխանատվությունը:  

Խառը դասարաններ

Փոքր դպրոցների կարևոր հատկանիշն այն է, որ նրանք ունեն խառը դասարաններ՝ աշակերտների քիչ թվի պատճառով: Մի կողմից, խառը դասարանները կառուցվածքային անհրաժեշտություն են գյուղական փոքր տարրական դպրոցների պահպանման համար,  մյուս կողմից, նրանք տալիս են ուսուցման հատուկ հնարավորություններ: Մասնակից ուսուցիչները նշում են, որ աշակերտները մեծ օգուտներ են քաղում տարիքով ավելի փոքրերի և ավելի մեծերի կողքին սովորելուց: Ոմանք քննադատում են ընդհանուր առմամբ կրթական համակարգում առկա խիստ տարիքային կողմնորոշումը և այն որակում որպես «անբնական»։ «Հասարակության մեջ ոչ մի տեղ դուք միայն նույն տարիքի մարդկանց հետ չեք, բացի դպրոցներից»: Նրանք բացատրում են, որ խառը դասարանների դասը ընդգծում է երեխաների բազմազանությունը և օգնում է նրանց բացահայտել իրենց ներուժը: Մի քանի մասնակից ուսուցիչներ միտումնավոր ավելի մեծ քաղաքային դպրոցներից միտումնավոր կերպով տեղափոխվել էին փոքր դպրոցներ, քանի որ ցանկանում էին աշխատել խառը դասարանների հետ: Նրանք խորապես համոզված են այս համակարգի առավելությունների մեջ, թեև գիտեն, որ «ավելի բարդ է դառնում, երբ մեկ դասարանում չորս տարիքային խմբերի դասարաններ ունես»:

Ավստրիայում գյուղական փոքր դպրոցների ուսուցիչները նույքան աշխատավարձ են ստանում, որքան քաղաքային մեծ դպրոցների ուսուցիչները: 

Համագործակցության նոր ուղիներ

Գյուղական փոքր դպրոցները միմյանց հետ աշխատանքային փորձի փոխանակման նպատակով կապ են պաշտպանում միմյանց հետ: Այս առումով փոքր դպրոցների ցանց է ստեղծված: Փոքր դպրոցների ուսուցիչ-տնօրենները ոչ պաշտոնական հանդիպումներ են ունենում՝ փոխադարձ աջակցության կամ ուսումնական նյութեր մշակելու համար: 

Տարրական դասարանների ուսուցիչները սերտորեն համագործակցում են նաև գյուղական մանկապարտեզի դաստիարակների հետ, ինչը բացակայում է քաղաքում: 

Գյուղական հաստատություններում սերտ համագործակցությունն ընդլայնվում է, քանի որ նրանք հաճախ գյուղի միակ պրոֆեսիոնալ մանկավարժներն են:

Ընթացիկ փոփոխություններ. Տարածաշրջանային կլաստերների զարգացում

Ներկայումս կլաստերների զարգացումը նոր խնդիր է Ավստրիայի փոքր գյուղական դպրոցների համատեքստում: Նպատակն է միացնել մի քանի փոքր գյուղական տարրական դպրոցներ դպրոցների տարածաշրջանային ցանցում մեկ տնօրենի հետ, որը պատասխանատու է մեկ կլաստերի համար: Մինչև վերջերս յուրաքանչյուր փոքր և նույնիսկ շատ փոքր տարրական դպրոց ուներ իր ղեկավարը: Կլաստերները կարող են ներառել տարածաշրջանի երկուսից ութ դպրոցներ (տարրական և միջնակարգ դպրոցներ): Կլաստերի ղեկավարը պետք է ստանձնի յուրաքանչյուր դպրոցի մինչ այժմ գործող ուսուցիչ-տնօրենների պարտականությունների մեջ մտնող կառավարման խնդիրները:

Փոքր գյուղական դպրոցները որպես նորարարության վայրեր

Հետազոտությունը ցույց է տվել, որ փոքր դպրոցի կառուցվածքը հեշտացնում է նորարարական փոփոխություններ ձեռնարկելը: Փոքր կառուցվածքը հնարավորություն է տալիս հեշտությամբ իրականացնել նոր գաղափարներ: Դա հեշտ է, որովհետև աշխատակիցների շփումը միմյանց հետ ավելի հեշտ է: Մեծ դպրոցներում շատ աշխատողներ են մասնակցում քննարկմանը, իսկ այստեղ պարզապես նստում եք դեմ դիմաց ու որոշում կայացնում:

Գյուղական փոքր դպրոցներ՝ հատուկ պրոֆիլով

Երկու փոքր դպրոց խուսափել էին փակվելուց, որովհետև ընդունել էին Մարիա Մոնտեսորիի գաղափարները և համոզել էին կրթության կազմակերպիչներին, որ իրենք այդ փոքր դպրոցներում կկարողանան իրականացնել Մոնտեսորիի մանկավարժական գաղափարները՝ տարբեր դիդակտիկ նյութերի կիրառում և կենտրոնանում յուրաքանչյուր երեխայի անհատական զարգացման վրա: Այժմ Մոնտեսորիի երկու դպրոցները կառավարության կողմից ֆինանսավորվող գյուղական դպրոցներ են: Երկու գյուղական դպրոցները գրավիչ են դարձել մոտակա քաղաքների ծնողների համար, և դա օգնել է ապահովել նրանց գոյությունը: Hill School-ը կրկնապատկել է իր աշակերտների թիվը, իսկ Valley School-ն իր աշակերտների մեկ երրորդն ապահովում է գյուղից դուրս ապրող երեխաների հաշվին: Հարակից քաղաքների ծնողները հետաքրքրվեցին նորաստեղծ փոքր Մոնտեսորի դպրոցներով գյուղական միջավայրում, և դպրոցները տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ երեխաներ ընդունեցին: Սեփական մանկավարժական գաղափարներով դպրոց զարգացնելը երազանք էր եղել երկու փոքր դպրոցների ուսուցիչ-տնօրենների համար: Հետազոտությունը պարզեց, որ  գյուղական փոքր դպրոցների ուսուցիչ-տնօրենները ունեն իրենց մանկավարժական գաղափարների համաձայն դպրոց ստեղծելու ազատության բարձր մակարդակ: Նրանց գաղափարների իրականացման համար կարևոր գործոն էր Մոնտեսորիի մանկավարժությամբ վերապատրաստված ուսուցիչներ գտնելը և նվիրված ուսուցիչների թիմ ստեղծելու նրանց կարողությունը:

Տեղական մունիցիպալ իշխանությունները խիստ կասկածի տակ են դնում արվարձանների այս գյուղական դպրոցների գոյությունը: Ցույց տալը, որ նրանք կարողանում են գյուղից դուրս ծնողներին ներգրավել և ավելացնել աշակերտների թիվը, օգնում է այս դպրոցներին գոյատևել:

Փոքր գյուղական Մոնտեսորիի դպրոցների ձգողական գործոնը

Մոնտեսորիի գյուղական երկու դպրոցները հրահրել են մի հետաքրքիր երևույթ, որը կարծես թե մարտահրավեր է նետում դեպի քաղաքային կենտրոններ գերիշխող շարժմանը մի տեսակ հակաշարժումով: Աշակերտների կեսից ավելին ամեն օր ավտոբուսներով գնում են այս փոքրիկ գյուղական դպրոցներ:

Ընտանիքները համաձայնեցին ավելի երկար դպրոցական ճամփորդությանը, քանի որ փոքր գյուղական դպրոցը տալիս է առավելություններ՝ փոքր դասարաններում սովորելը և երեխաներին ուղղված ավելի անհատական աջակցությունը, որը կազմում է Մոնտեսորիի մանկավարժության կենտրոնական մասը:

Եզրակացություն

Արևմտյան Ավստրիայի փոքր գյուղական դպրոցներում կատարած հետազոտությունները ցույց տվեցին, որ դրանք տարբեր են՝ ըստ իրենց գտնվելու վայրի, աշակերտների և ուսուցիչների քանակի, և հարցեր են առաջանում, թե արդյոք նրանք պետք է պայքարեն իրենց գոյության համար, թե ոչ: Փոքր դպրոցների ուսուցիչ-տնօրենները կարող են ավելի հեշտությամբ իրականացնել իրենց նորարարական մանկավարժական գաղափարները, քան ավելի մեծ դպրոցներում և այդ պատճառով էլ փոքր դպրոցները համարվում են որպես աշխատանքի գրավիչ վայրեր:

Ուսուցիչների մեծամասնությունը սիրում է աշխատել փոքր գյուղական տարրական դպրոցներում և գնահատում է ինչ-որ բան ստեղծելու իրենց ազատությունը և վայելելու դժվար, բայց երբեք ձանձրալի աշխատանքային իրենց կարգավիճակը:

Թարգմանություն-փոխադրություն

Աղբյուրը՝

Andrea Raggl “Small Rural Schools in Austria: Potentials and Challenges” 

«Future English – Ապագա անգլերեն» վերապատրաստման ծրագիրը՝  կրթահամալիրի հեղինակային մանկավարժության տարածման յուրահատուկ հարթակ

2021-2022 ուսումնական տարին ինձ համար, նախ և առաջ, նշանավորվեց նրանով, որ մասնակցեցի Բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման «Future English – Ապագա անգլերեն» երկամսյա (22.10.2021-22.102021) վերապատրաստման դասընթացին, որը երաշխավորել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ սահմանելով ուսուցիչների պարտադիր ատեստացիայի 4 կրեդիտ:

Վերապատրաստման դասընթացը 3 մոդուլից էր բաղկացած՝ դաս-դասարանական պարապմունքի կառավարում, սովորողների սովորելու մոտիվացիան և սովորողների գնահատումը: Դասընթացին հաջողությամբ մասնակցել նշանակում էր օրեկան 1-1.5 ժամյա հեռավար աշխատանք կատարել, որի ընթացքում կարդում էինք ուսուցիչ-սովորող հոգեբանական դրական փոխհարաբերություններ ստեղծելու, սովորողների ներքին ու արտաքին մոտիվացիաների բարձրացման և սովորողների գնահատման տարբեր ձևերի մասին տեսական պարզաբանումներ, լուծում մանկավարժական իրավիճակային խնդիրներ, կարդում տարբեր մոդուլներին վերաբերող ֆորումների հարցերը, գրում դրանց պատասխանները, ինչպես նաև՝ կարծիքներ էինք գրում տարբեր մասնակիցների պատասխանների վերաբերյալ: Օրեցօր ես ավելի ու ավելի էի գիտակցում, որ իմ պատասխաններով, տարբեր հարցերի մասին իմ կարծիքներով ներկայացնում էի մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը, մասնավորապես՝ անգլերենի ուսուցման հեղինակայինը մեր կրթահամալիրում: Հետքրքիր էր նաև ուսուցչի օրագիրը լրացնելու պահանջի կատարումը:

Ես ամեն օր դուրս էի գրում դասընթացի հեղինակների տված պարզաբանումները այս կամ այն հարցի մասին ու իմ կատարած գրառումները ֆորումներում՝ իրապես գիտակցելով դրանց կարևորությունը իմ մասնագիտական զարգացման գործում: Եվ հիմա ուզում եմ ներկայացնել դրանք կրթահամալիրի իմ գործընկերներին, Դպիրի ընթերցողներին:

Մոդուլ 1. Դաս-դասարանային պարապմունքի կառավարումը

Դասընթացի հեղինակների տեսական պարզաբանումները վերացական գիտական տերմիններով հագեցած չէին: Դրանք գործնական էին, մարդամոտ ու ապրումակցային՝ նպատակ ունենալով օգնել վերապատրաստվող ուսուցչին որքան հնարավոր է լավ ու ճիշտ կառուցել ուսուցիչ-սովորող դրական փոխհարաբերությունները:

Ահա’ մի քանի օրինակ այդ գործնական խորհուրդներից.

Ընտրի՛ր քո ճիշտ վերաբերմունքը սովորողի հետ

Դու պետք է բարեկամաբար, ընկերաբար, բայց նաև՝ արհեստավարժ կերպով վերաբերվես սովորողին: Հիշիր, որ քո սովորողները չեն ուզում, որ դու իրենց ընկերը լինես: Նրանք ուզում են, որ հարգեն քեզ որպես ուսուցիչ: Ցույց տուր նրանց, որ ակնկալում ես այնպիսի աշխատանք դասարանում, որը հաճելի է և՛ իրենց համար, և` քո:     

Սովորողներին դիմի՛ր նրանց անուններով  

Այո, կարող է դժվար լինել արագ մտապահել մեծ դասարանի բոլոր սովորողների անունները, բայց անուններով դիմելը ցույց է տալիս, որ դու նրանց վերաբերվում ես որպես անհատականությունների, ինչը կապ է ստեղծում քո ու նրանց մեջ: 

Լսի՛ր նրանց
Իրապես լսի՛ր քո սովորողների արտահայտած մտքերը և արձագանքիր դրանց, այլ ոչ թե միայն ուղղիր անգլերենի քերականական սխալները: 

Խուսափի՛ր չափազանց շատ ուղղումներից 

Այն ուսուցիչները, ովքեր անընդհատ ուղղում են սովորողի լեզվական սխալները, վնասում են նրա ինքնավստահությանը և խաթարվում են ուսուցիչ-սովորող հոգեբանական դրական փոխհարաբերությունները: Իհարկե` անհրաժեշտ է սխալներ ուղղելը, բայց պետք չէ դա անել այն ժամանակ, երբ սովորողը ոգևորված մի բան է պատմում:

 
Նայի՛ր սովորողի աչքերին, երբ հաղորդակցվում ես նրա հետ 

Եղան նաև ուսուցիչ-սովորող փոխադարձ վստահություն սերմանող այնպիսի հարցադրումներ, որոնց ես անդրադարձա այս մոդուլի ֆորումին:

Օրինակ՝ «Մի՛ ունեցիր, կամ էլ՝ ցույց մի տուր, որ դասարանում առանձնակի սիրելի սովորողներ ունես»: Ահա՛ այս խորհրդի մասին իմ կարծիքը ֆորումում. «Սա հատկապես արժեքավոր խորհուրդ է կրտսեր դպրոցի ուսուցչի համար: Կրտսեր դպրոցում բոլոր սովորողները սովորելու ներքին մոտիվացիա ունեն: Նրանք քննությունների չեն պատրաստվում, կամ էլ բարձր վարձատրվող աշխատանքի համար հարցազրույց չեն ունենալու մոտ ապագայում: Նրանք իսկապես ուզում են սովորել, և ուսուցչի գլխավոր պարտականությունն է՝ չթուլացնել այդ ներքին մոտիվացիան: Ուսուցիչները մեծ սխալ են գործում կրտսեր դպրոցում՝ իրենց ուշադրությունը կենտրոնացնելով միայն այն սովորողների վրա, ովքեր արագ են մտածում և շուտ պատասխաններ են տալիս: Կրտսեր դպրոցի սովորողները այնքան տարբեր են իրենց ակադեմիական ունակություններով, ուշադրության չափով, կամ էլ մի նոր օտար բառ արտաբերելու կարողությամբ: Այսպիսով ես փորձում եմ խուսափել այնպիսի հարցերից, ինչպիսիք են «Ո՞վ կարող է ասել…»: Իմ հարցերը միշտ անձնավորված են՝ այս կամ այն սովորողին, ում անունով եմ դիմում: Ես նույնիսկ փորձում եմ ինչ-որ ձևերով հարցեր ուղղել նաև կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Իմ դասարանի բոլոր սովորողները պետք է զգան իրենց անհատականության կարևորությունը»: 

Այս մոդուլի գործնական աշխատանքները և առաջարկվող մանկավարժական խնդիրների մեծ մասը վերաբերում էր խմբային աշխատանքի կառավարմանը: Ներկայացնում եմ մի քանի այդպիսի խնդիրների օրինակներ:

Ա. Խմբերի մի քանի սովորող սկսում է խոսել առաջարկված առաջադրանքի հետ կապ չունեցող թեմաներով: Ի՞նչ ես անում նման դեպքերում: Ինչպե՞ս ես կանխարգելում նման շեղումները ուսպարապմունքից:

Բ. Ինչպե՞ս ես լուծում աշխատանքային խմբերում ծագած հակասությունները:

Գ. Ի՞նչպես ես վարվում, երբ տեսնում ես, որ խմբերի ոչ բոլոր անդամներն են աշխատում և փաստորեն ներգրավված չեն ուսպարապմունքի մեջ:

Դ. Ինչպե՞ս ես աշխատում խառը ակադեմիական ընդունակություններ և լեզվական կարողություններ ունեցող սովորողների հետ:         

Որպես նմանատիպ մանկավարժական խնդիրների պատասխան՝ ես այս գրառումը արեցի ուսուցչի իմ օրագրում, որը թարգմանաբար ներկայացնում եմ հայերեն. «Այսօր 5-րդ դասարանցիների հետ առանձնապես դժվար էր աշխատելը: Այնքան էլ հեշտ մարտահրավեր չէ աշխատել խառը կարողություններ ունեցող 25 սովորողներով դասարանի հետ: Ես որոշեցի դասավանդողի մի հնար օգտագործել, որը միշտ լավ է աշխատում նման դեպքերում: Այս հնարը ենթադրում է ուսումնական թվային միջոցների արդյունավետ կիրառում: (Մեր բոլոր սովորողները դպրոց են գալիս իրենց սեփական նոթբուք-նեթբուքերով, պլանշետներով, և բոլոր դասասենյակները, կաբինետները ապահովված են համացանցի Wi-Fi կապով:) Ես սովորողներին տվեցի լեզվական տարբեր բարդություններ ունեցող առաջադրանքներ՝ ըստ յուրաքանչյուրի լեզվական իմացության մակարդակի: Երբ նրանք բոլորը ներգրավված էին իրենց առաջադրանքների կատարման աշխատանքում, ես մոտեցա կրթական հատուկ կարիք ունեցող սովորողին ու նրա պլանշետի վրա մի քանի առարկաների նկարներ ցույց տվեցի և հստակ արտասանությամբ անվանեցի առարկաների անունները և այն գործողությունները, որոնց կարելի է անել այդ առարկաներով: Նա սկսեց կրկնել իմ ասածները և նույնպես զգաց, որ ներգրավված է դասին: Որոշ ժամանակ անց նա արդեն ինքնուրույն ցույց էր տալիս առարկաները և ասում դրանց անգլերեն անվանումները: Հետո ես սկսեցի դիտել այլ սովորողների կատարած և կատարվող աշխատանքները իրենց համակարգիչների էկրաններին՝ անհրաժեշտ ցուցումներ տալով և ոգևորելով նրանց: Այս ձևով բոլոր 25 սովորողները զգացին իրենց անձի կարևորությունը ուսումնական պարապմունքի ընթացքում, քանի որ բոլորն էլ ներգրավված էին ուսումնական գործընթացում»:

Մոդուլ 2. Սովորողների սովորելու մոտիվացիայի բարձրացումը

Խոստովանում եմ, որ մինչև այս վերապատրաստումը ես շատ քիչ գիտելիք ունեի սովորողների սովորելու մոտիվացիաների տարբեր տեսակների և դրանց ենթատեսակների դասակարգման մասին և այն մասին, թե ինչպես կարելի է արդյունավետ կերպով ավելի մոտիվացնել սովորողին: Օրինակ, ես չգիտեի, որ գոյություն ունեն սովորողների ներքին և արտաքին մոտիվացիաներ: Արտաքին մոտիվացիան մեծ է, երբ սովորողը քննության է պատրաստվում, երբ սովորողը ջանք է գործադրում, որպեսզի լավ գնահատականներ ստանա, քանի որ ծնողները խոստացել են նրա համար մի բաղձալի իր գնել: Արտաքին մոտիվացիա է նաև չափազանց խիստ ուսուցչի պահանջները բավարարելու համար սովորելը: Ուսումն ավարտելուց հետո օտար լեզու սովորելու արտաքին հզոր մոտիվացիա կարող է լինել նաև բարձր աշխատավարձով աշխատանք ստանալու ձգտումը, որի պահանջներից մեկը օտար լեզվի իմացության բարձր մակարդակն է:

Բոլորովին այլ է ներքին մոտիվացիան, երբ սովորելու ցանկությունը սովորողի ներքին մղումով է ազդակ ստանում: Սովորաբար հենց ներքին մոտիվացիա ունեցողներն են ամենամեծ հաջողություններ ունենում:

Տարբերակվում են նաև մոտիվացիայի այնպիսի ձևեր, ինչպիսիք են միկրոմոտիվացիան և մակրոմոտիվացիան: Միկրոմոտիվացիան այն գործոնների ամբողջությունն է, որոնք դրական կամ բացասական ազդեցություն են ունենում սովորողի ներքին և արտաքին մոտիվացիաների վրա: Միկրոմոտիվացիայի բացասական ազդակ կարող է լինել այն ուսուցիչը, ով թվանշանային գնահատականով է կարգավորում իր ուսումնական գործընթացը: Սովորողը կարող է ապամոտիվացվել, երբ նրա բացասական ազդակները չափազանց շատանում են: Դրան հակառակ՝ դրական միկրոմոտիվացիայի ազդակ է խանդավառ, իր գործը և երեխաներին անչափ սիրող ուսուցիչը: Սովորելու մակրոմոտիվացիան և՛ ներքին, և՛ արտաքին մոտիվացիաների միասնությունն է: Օրինակ, Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի ռուսերենի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը ռուսերենը սովորելու մակրոմոտիվացիա ունի:)

Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ առանց այս տերմինների դասակարգումը իմանալու էլ կարելի է մոտիվացնել սովորողին՝ հենց միայն նրան հարգելով և սիրելով ու պետք է ավելացնեմ, որ ուսուցչի սերը մեծապես տարբերվում է մայրական սիրուց: Ուսուցիչը իր սերը երեխայի հանդեպ գուրգուրանքով չի արտահայտվում: Նա ուսուցչական սիրով է սիրում սովորողին, երբ սովորողը կարևորված և ուսումնական գործունեությամբ ներգրավված է լինում ուսումնական պարապմունքի ողջ ընթացքում:  

Ներկայացնում եմ մոտիվացիայի բարձրացմանը ուղղված դասավանդողի իմ գործունեության մասին գրառումները վերապատրաստման ֆորումում և ուսուցչի օրագրում:

«Ես կրտսեր դպրոցի ուսուցիչ եմ և կարող եմ վստահաբար ասել, որ կրտսեր դպրոցի սովորողները շատ են մոտիվացվում, երբ պարապմունքի ընթացքում շարժվում են, պարում, երգում կամ էլ ներկայացում են տալիս: Օրինակ՝ մենք երբեմն Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթները բեմականացնում ենք անգլերեն՝ մի քիչ պարզեցնելով տեքստերը: Ահա՛ «The Liar — Սուտասանը» հեքիաթի անգլերեն բեմադրությունը: Կրտսեր դպրոցի սովորողների մոտիվացիան իր գագաթնակետին հասավ, երբ նրանք սովորեցին և խմբով երգեցին երաժշտության հնչյունները ֆիլմի Do Ray Me  երգը»:

«Կրտսեր դպրոցի սովորողների անգլերեն սովորելու մոտիվացիան բարձրանում է նաև երբ իրականացնում ենք Բրիտանական խորհրդի LearnEnglish Kids կայքի հեքիաթների ուսումնասիրման և բեմադրման նախագծերը: Սկզբում ես ներկայացնում եմ նոր բառերը և արտահայտությունները, որից հետո լսում ենք ձայնագրությունը և կարդում տեքստը: Հետո սկսվում է տեքստի վերաբերյալ հարց ու պատասխանի փուլը: Երբ նրանք արդեն բավականին յուրացրել են տեքստի լեզվական նյութը, սովորողները սկսում են մտածել, թե ինչպես կարելի է այդ հեքիաթը ներկայացնել: Տանը այդ հեքիաթի ներկայացումը դառնում է ընտանեկան դպրոցի նախագիծ: Ահա՛ արդյունքը. The Ugly Duckling – Անճոռնի ճուտիկը»:  

Մոդուլ 3. Գնահատում

Ֆորմալ կամ ամփոփիչ գնահատում (գնահատման այս ձևը մեր չափորոշիչներում ունի «արտաքին գնահատում» անվանումը)

Գնահատման վերաբերյալ նույնպես հետաքրքիր պարզաբանումներ կարդացի այս դասընթացի ընթացքում:

Ֆորմալ կամ ամփոփիչ գնահատումը սովորաբար արվում է կիսամյակի կամ ուսումնական տարվա վերջում: Դա արվում է տարբեր թեստերի միջոցով, որի արդյունքում թվանշան է դրվում: Ամփոփիչ գնահատմամբ պարզվում է սովորողների ձեռք բերած գիտելիքների և կարողությունների մակարդակը: Այլ բառերով ասած սա սովորածի չափի գնահատումն է:

Ոչ ֆորմալ կամ ձևավորող գնահատում (գնահատման այս ձևը մեր չափորոշիչներում ունի «ներքին գնահատում» ընդհանուր անունը)

Ոչ ֆորմալ կամ ձևավորող գնահատումը արվում է բնութագրիչ բառերով: Թվանշաններ չեն դրվում: Այս գնահատման նպատակը պարզելն է, թե արդյոք դասընթացի ո՞ր մասն է սովորողը լավ յուրացրել, և ո՞ր մասը՝ ոչ: Այս գնահատումը նաև ուղղորդում է ուսուցչին և սովորողին, պարզում է, թե դասընթացի ո՞ր մասին ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել:

Ձևավորող գնահատումը կարող է իրականացվել նաև ինքնագնահատմամբ, կամ էլ դասընկերոջ դիտարկումներով, սովորողների ձեռքբերումները բնութագրող թղթապանակներով (պորտֆոլիոներով):

Վերապատրաստման ընթացքում այս մոդուլի առցանց սեմինարի ընթացքում պարզվեց, որ այլ դպրոցների դասավանդողները չափազանց մեծ տեղ են տալիս միայն թվանշանային ընթացիկ գնահատումներին:   

Իմ գրառումը՝ որպես պատասխան այն հարցին, թե գնահատման ո՞ր տեսակն եմ նախընտրում: «Միշտ էլ նախընտրել եմ ձևավորող գնահատումը: Ես լսել եմ, որ սովորողների ձեռքբերումների ձևավորող գնահատման ամենալավ ձևը յուրաքանչյուր սովորողի համար մի թղթապանակ (պորտֆոՙլիո) պահելն է, բայց մեր կրթահամալիրի դպրոցներում դա չենք անում: Ձևավորող գնահատման համար մենք սովորաբար օգտագործում ենք էլեկտրոնային նամակագրությունը և ուսումնական բլոգները: Իմ բլոգում ես սովորաբար հրապարակում եմ իրականացված տարբեր ուսումնական նախագծերի ամփոփումները: Ես գրում եմ իմ արձագանքը տարբեր սովորողների կատարած աշխատանքների մասին: Այս արձագանքները նաև որպես ուսումնառության արդյունքներ են դիտվում: https://youtu.be/PpY79_tOQQE

Ամփոփելով իմ այս հոդվածը՝ կարող եմ ասել, որ անգլերենի ուսուցիչների Բրիտանական խորհրդի «Future English» մասնագիտական զարգացման ծրագրով վերապատրաստումը շատ արդյունավետ էր և ծառայեց իր նպատակին, դեռ ավելին՝ շնորհիվ վերապատրաստման մասնակիցներ Իրինա Ապոյանի, Հերմինե Գևորգյանի, Նունե Այդինյանի ֆորումներում, առցանց սեմինարներում, ուսուցչի օրագրերում արված գրառումների՝ մի նոր միջազգային տարածում ունեցավ մեր հեղինակային մանկավարժությունը:

Վերադարձ-մուտք կրթահամալիր

Երբ 2020-ի օգոստոսին ֆիզիոլոգիական արձակուրդից հետո վերադարձա հարազատ կրթահամալիր, պարզվեց, որ նոր ընդունվող մանկավարժների հետ պետք է մասնակցեմ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական քառօրյա դասընթացներին: Սկզբում անակնկալի եկա. կրթահամալիրում աշխատանքային 13 տարվա փորձ ունեի: Այնուամենայնիվ, երբ սկսվեցին դասընթացները, հասկացա, որ ամեն ինչ ճիշտ է արվում: Մեր կրթահամալիրը անշարժ ճահիճ չէ. այն նման է անընդհատ փոփոխվող լեռնային արագահոս գետի ու պետք է  միշտ պատրաստ լինել այդ փոփոխություններին: Փոխվել էին սովորողի և դասավանդողի ուսումնական բլոգներին ներկայացվող պահանջները, նոր ուսումնական ակումբներ էին կազմավորվել և ամենակարևորը՝ պետք էր հեռավար-առցանց ուսուցման նոր հմտություններ ձեռք բերեի: Սովորեցի ու պահանջվող նոր հմտություններն էլ ձեռք բերեցի ու սկսվեց 2020-2021 ուսումնական տարին, որն ամենաբեղմնավորը եղավ կրթահամալիրում իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում իմ երեք նշանակալից ձեռքբերումներով՝

  • Աշխատանքային աուդիո գիրք-տետր-դասագիրք՝ նախատեսված 2-րդ դասարանի սովորողների համար`«My First Steps in English»
  • Ուսումնական հետազոտական-թարգմանական նախագծի իրականացում՝ «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը»
  • Անգլերենի հաղորդակցական և ընտանեկան նախագծերը կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարաններում

 Երկրորդ դասարանի անգլերենի աուդիո գիրք-տետր-դասագրքի ստեղծման շարժառիթը

Ըստ անգլերենի դասավանդման ընդունված մեթոդաբանության՝ անգլերենը որպես օտար լեզու ընդհանուր դասընթացը պետք է սկսվի բանավոր ներածական դասընթացով, որը կրթահամալիրի դպրոց-պարտեզներում տարիներ շարունակ իրականացրել և իրականացնում ենք առաջին դասարանում: Սովորեցնում ենք հաղորդակցական առաջին արտահայտությունները, կենցաղում և ուսումնական գործընթացում հանդիպող առարկաների անունները, գույները, 1-10 թվերը, որոշ ընտանի և վայրի կենդանիների, մրգերի և բանջարեղենների անունները աշխույժ և ուրախ երկխոսություններով ու երգերով՝ լսելով բնագիր ձայնագրություններ: Երկրորդ դասարանում, երբ սկսվում էր տառուսուցումը, մաքուր օդ շնչելու անհրաժեշտության նման պահանջ էր դառնում տառերը, կարդալն ու գրելը սովորեցնելը՝ հիմնված առաջին դասարանի բանավոր ներածական դասընթացի լեզվական կարողությունների վրա:

Մի ժողովրդական ասացվածք կա՝ «Չկա չարիք՝ առանց բարիքի»: 2020-ի գարնանային և ամառային համատարած ինքնամեկուսացումը լավ պայմաններ ստեղծեց ստեղծագործական աշխատանքի համար: Օգոստոսի 12-ին արդեն հրապարակեցի դասագիրքը իր բոլոր դասերի ձայնագրություններով: Այս դասագրքով ես միշտ իմ սովորողի հետ եմ: Բոլորովին անպայման չէ, որ երկրորդ դասարանի սովորողի ծնողը անգլերեն իմանա, առավել ևս՝ ճիշտ արտասանությամբ: Դասագրքի թվային տարբերակը հասանելի է մեր մյուս դպրոց-պարտեզների սովորողների և անգլերեն դասավանդողների համար:   

Մանկական մեդիահանրագիտարանի ստեղծումը

2020-2021 ուսումնական տարին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների և ինձ համար նշանավորվեց մի հետաքրքիր ու երկարատև ուսումնական հետազոտական-թարգմանական նախագծով, որի վերջնարդյունքի՝ ուսումնական բլոգի անունն է «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը», ինչն ինքնին մի մանկական մեդիահանրագիտարան է:  Այս նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:

Նախագծի շարժառիթն ու դրանով ստեղծվող նյութերը    

Մեր դպրոց-պարտեզների 5-րդ դասարանցիները 10-11 տարեկան են: 5-րդ դասարանում են սովորողները սկսում ուսումնասիրել «բնագիտություն» ուսումնական առարկան: Ճիշտ է ընտրված այդ տարիքը:  Այդ տարիքում սովորաբար երեխաները սկսում են շրջակա միջավայրի, բնության երևույթների, բուսական ու կենդանական աշխարհի մասին այնպիսի հարցեր տալ, որ ծնողները և նույնիսկ իրենց դասավանդողները դժվարանում են պատասխանել: Բնագիտության դասագիրքը շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները չկան դասագրքում: Իսկ ինչու՞ պետք է 5-րդ դասարանցին  հարց տա ծնողներին ու դասավանդողներին այն բաների մասին, որոնք հետաքրքրում են իրեն: Նա կարող է իմանալ դրանք կարդալով, ուսումնական ֆիլմեր դիտելով: Սա արդեն 21-րդ դարի առաջընթացն է: Առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում արդեն հասկացել են, որ չկա այլևս գիտելիքի միակ աղբյուրը լինելու ուսուցչի մենաշնորհը: Կարելի է հարցը գրել Google հարթակի որոնման պատուհանում և կստանաս պատասխանը: Հնարավոր պատասխանների շրջանակը շատ ավելի մեծ կլինի, եթե կարողանաս հարցը անգլերեն ձևակերպել:

Իսկ ինչպե՞ս օգնել, ուղղորդել սովորողին, որպեսզի նա կարողանա գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները: Իմ որոնումները տվեցին ցանկալի արդյունքը: Գտա երեխաների համար նախատեսված ուսումնական տեսաֆիլմերի կայքեր, որոնք բավարարում են նրանց հետաքրքրությունները՝  «All Things Animal TV», «Kids Learning Videos», «Animal Fun-facts», «Free School»: Դրանից հետո սկսվեց նախագծի իրականացումը: Սա իրականում ընտանեկան նախագիծ է: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում իրեն հետաքրքրող թեման և իր ծնողի հետ սկսում աշխատել:

Օրինակ՝ բնագիտության դասագրքում գրված է, որ Արեգակի շուրջը պտտվում է 8 երկնային մարմին՝ 8 մոլորակ: Տրվում են այդ 8 մոլորակների անունները, բայց դրանցից միայն երկրի մասին է առանձին դաս առաջարկվում: Իսկ ինչպիսի՞ն են Վեներան և Մերկուրին: Այս հարցերն են հետաքրքրել իր հայուհի մոր և արաբ հոր հետ Բեյրութից Հայաստան ներգաղթած 5-րդ դասարանի սովորող Յազան Ալաբդալլային: Երկու տեսաֆիլմերի թարգմանություններով ստեղծվեցին մեր մանկական հանրագիտարանի «Գիտություն» բաժնի առաջին նյութերը՝ Վեներա և Մերկուրի մոլորակների մասին:

Հատկանշականն այն է, որ այդ տարիքի սովորողներին հատկապես հետաքրքրում են ամենա-ամենաները: Եթե որևէ մեկը որոշում է թռչնի մասին գրել, ապա գրում է աշխարհի ամենափոքր թռչնի՝ կոլիբրիի մասին, եթե ծառի մասին, ապա ընտրվում է աշխարհի ամենամեծ ծառը՝ Բաոբաբը, եթե պարի մասին, ապա ամենաշարժուն՝ Բրեյք դանսը:

Փաստորեն սովորողների հետաքրքրությունների շրջանակով ստեղծվեցին նաև մեր հանրագիտարանի բաժինները՝ «Գիտություն», «Կենդանիներ», «Թռչուններ» «Միջատներ», «Բույսեր», «Մշակույթ»:

Երկրորդ ուսումնական շրջանի ձմեռային ճամբարի ընթացքում այս նախագծով փորձի փոխանակման պարապմունքներ անցկացրեցի Արևմտյան դպրոցում անգլերեն դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանի և իր 5-րդ դասարանցիների խմբի հետ: Արդյունքը եղավ այն, որ Հայկուհի Հովհաննիսյանը և իր սաները նույնպես սկսեցին իրականացնել այս նախագիծը:

Մայիսի սկզբներին նամակագրական կապ հաստատեցի Արարատի մարզի Արբաթ գյուղի միջնակարգ դպրոցի անգլերեն դասավանդող Սյուզաննա Մկրոյանի հետ, առաջարկեցի համագործակցել այս նույն նախագծով, իսկ բոլորովին վերջերս՝ մայիսի 17-ին Արբաթ գյուղի միջնակարգ գյուղում ամփոփեցինք մեր կրթական փոխանակումների նախագծի արդյունքները:

Անգլերենի հաղորդակցական և ընտանեկան նախագծերը կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարաններում

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր 4-րդ դասարանցիների հետ.

1.«Հարցազրույց հայտնի մարդկանց հետ»

2. «Մարդկանց նկարագրումը»

3.Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

Հաղորդակցական ընտանեկան նախագիծ 5-րդ դասարանցիների հետ՝ «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»

4-րդ և 5-րդ դասարանցիները ընթերցում և քննարկում են Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները:

Ուսումնական գարուն. 3-րդ դասարանցիները ներկայացնում են նույն հեքիաթները տարբեր մեկնաբանություններով:

3-րդ դասարնցիների հետ իրականացրած ուսումնական նախագծեր.

1.Մեր բնակարանը/Our Flat

2.Իմ Օրը/My Day

Առաջին դասարանցիների հաղորդակցական նախագիծը՝ «Անգլերենը մեր տանը»

5-րդ դասարանցիները Հովհաննես Թումանյանի հեքիաթները ներկայացնում են անգլերեն:

4-րդ դասարանցիները ներկայացնում են՝ «Ընտանեկան հեքիաթապատումներ»

May Gathering: when a school topic becomes a family project

For me, the 2016-2017 school-year was marked with this slogan: A School Topic is a Family Project. Media education, which comprises in itself a blog and project based teaching learning process, gives the learners an opportunity to be creative just in the first years of schooling. The family members also begin to create with the learners. When a learner comes home and says what he/she has learned at school, says something which is related to their everyday life as a live language requiring an answer to make up a dialogue, the family members are automatically involved in this dialogue. When a school topic is brought to the learner’s home in this way, the parents are no longer tutors or strict superintendents trying to check their children’s knowledge and skills acquired at school. Let’s begin with Grade three to give the analyses of my methodological approach.

The vocabulary of the learners of Grade 3 generally consists of the object and people names surrounding them, and the verbs denoting the actions which they do with these objects and people. For example, they learn the verb draw with the noun pencil, the verb read is learned with the noun book, and the noun toy is first used with the verb play. And who do they do these actions with? They are sure to do them with their friends, parents, brothers and sisters. These everyday and chummy topics easily move to the learners’ homes and turn into pleasant family projects.

The third graders’ project of the Southern School “English at our home” caused a great liveliness in their families. The learners could speak about their family members, their flats and their toys in English in front of their parents who had their cameras turned on trying to record their children’s first English speeches. Great is the inspiration in Mane Hovhannisyan’s eyes when she is speaking about their flat. There is cheerfulness in Hayk and Mary’s dialogue, and Gohar Barseghyan has involved her younger brother in her video film.

We can imagine the happiness of their mother who shot the film.  People never forget the things which they loved in their childhood. Ashot Zozanyan, Irine Gyurjinyan and Alex will always remember their first English narration because the video film was shot with their favorite dog, doll, ball, piano and the yellow toy car.

During the autumn holidays I began to carry out an online translational project with the fifth graders of the Western School. The learners translated the short fairy tales composed by their younger schoolmates and published them in their blogs and the school website after I had edited them. The final result of that project was an illustrated media book of fairy tales in English and Armenian.

During the Tumanyan Days the fourth graders read and role played the English translation of the tale Black Kiddy. Then it became a family project. The learners illustrated the tale and recorded the parts of the tale characters with their family members. Luiza Yeghiazaryan with her mother and elder brother, Tigran Grigoryan with his mother, and Anahit Vermishyan with her father created their own films of the tale Black Kiddy.

This year I have introduced the topic Shopping to the fourth and fifth graders using the video lessons of the British Council. The learners began to make up their own situational dialogues on the same topic. This became a project in their homes. In the result of this project the learners with their parents, brothers and sisters created video films of role play games. Here are some of them:

Arev Sukiassyan and Mother

Anahit Vermishyan and Father

Andre Virabyan and his Elder Brother

Seda Hovhannisyan and her Elder Brother

There were some learners whose family members don’t know English, and they had to find creative solutions. For example, Elen Hovannisyan speaks to herself in different clothes and hairstyle. It is a real Rodari approach.

A similar solution has been found by Karina Manukyan.

Mariam Koroghlyan  and Angelina Simonyan have found their Rodari solutions by making their dolls speak.

Eva Sahradyan invited her friends to her place and made her video film with the her parents’ support.

Inspired by the learners’ inspiration I made a video lesson on the topic Shopping in which I show what teaching materials and methods of teaching I use. I have received a letter of appreciation from Addeh Hovassapian, projects manager of the British Council in Yerevan. Taking into account the expert’s opinion and following Lucine Bush’s advice, the head of the foreign languages department of the ED Complex, I have made up my mind to create a series of such video lessons with my students in the period of May-June and during the 2017-2018 school year.

In conclusion, I may say that the primary school learner’s internal motivation gets bigger when a school topic turns into a role play game and then it is taken home and it finally becomes a family project.

Մայիսյան հավաք. երբ ուսումնական թեման ընտանեկան նախագիծ է դառնում

2016-2017 ուսումնական տարին ինձ համար նշանավորվեց այս նշանաբանով` «Ուսումնական թեման՝ ընտանեկան նախագիծ»:

Մեդիակրթությունը, որն իր մեջ ներառում է բլոգային-նախագծային ուսուցում, սովորողներին հնարավորություն է տալիս ստեղծագործելու ուսումնառության առաջին տարիներին: Սովորողների հետ ստեղծագործում են նաև ընտանիքի անդամները: Երբ սովորողը տանն ասում է այն, ինչ ինքը սովորել է դպրոցում, ասում է որպես կենցաղի հետ կապված ու երկխոսություն պահանջող կենդանի լեզու, այլ ոչ թե անգիր սովորած մի ոտանավոր, տան անդամներն ինքնաբերաբար ներքաշվում են այդ երկխոսությունների մեջ: Երբ ուսումնական թեման այս ձևով է տուն մտնում, ծնողներն այլևս կրկնուսույցների, սովորած դասը ստուգող խիստ վերակացուների դեր  չեն կատարում: Ասվածի վերլուծությունը սկսենք երրորդ դասարանից:

Երրորդ դասարանցիների բառապաշարը հիմնականում շրջապատող առարկաների  ու մարդկանց անուններն են և այն գործողությունները, որոնք արվում են այդ առարկաների ու մարդկանց հետ: Օրինակ, «pencil-մատիտ» բառի հետ սովորում են «draw-նկարել» բառը, «book-գիրք» բառի հետ՝ «read-կարդալ» բառը, «toy-խաղալիք» բառի հետ` «play-խաղալ»: Իսկ ու՞մ հետ են նրանք անում այդ գործողությունները. ընկերների, ծնողների, քույրերի և եղբայրների հետ: Այդ կենցաղային ու մարդամոտ թեմաները հեշտությամբ տեղափոխվում են տուն և դառնում ընտանեկան երեկոների ցուցադրություններ, որոնք կամաց կամաց ու աննկատ դառնում են ընտանեկան չպարտադրված հաճելի նախագծեր:

Հարավային դպրոցի երրորդ դասարանցիների այս տարվա առաջին նախագիծը՝ «Անգլերենը մեր տանը» մեծ աշխուժություն էր առաջացրել նրանց ընտանիքներում: Սովորողներն իրենց տան ջերմ մթնոլորտում, տեսախցիկը միացրած մայրիկների կամ հայրիկների առջև առանց որևէ մեկի օգնության կարողանում էին անգլերեն ներկայացնել իրենց բնակարանը, տան անդամներին, իրենց սիրելի խաղալիքները: Տեսաֆիլմից երևում է, թե ինչ ոգևորություն կա Մանե Հովհաննիսյանի աչքերում, երբ նա նկարագրում է իրենց բնակարանի ընդհանուր սենյակը, կամ էլ` կենսուրախություն Հայկի և Մերիի երկխոսության մեջ: Իսկ Գոհար Բարսեղյանն իր տեսաֆիլմում ներգրավել է նաև նույն դպրոցի առաջին դասարանցի իր եղբայր Հայկին: Կարելի է պատկերացնել նկարահանող մոր ուրախությունը: Մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ երբեք չի մոռանում այն, ինչը շատ է սիրել մանկության ժամանակ: Աշոտ Զոզանյանը,  Իրինա Գյուրջինյանը  և Ալեքս միշտ կհիշեն անգլերեն իրենց առաջին պատումները, որովհետև տեսաֆիլմը նկարահանվել է սիրելի շան, տիկնիկի, գնդակի, դաշնամուրի ու դեղին ավտոմեքենայի հետ:

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիների մի խումբ սովորողների հետ աշնանային արձակուրդների ընթացքում սկսեցի առցանց թարգմանչական նախագիծ իրականացնել: Սովորողները անգլերեն էին թարգմանում իրենց երկրորդ դասարանցի կրտսեր ընկերների հորինած հեքիաթները և իմ խմբագրելուց հետո հրապարակում էին իրենց բլոգներում և Արևմտյան դպրոցի ենթակայքում:

 Արդյունքում եղավ «Անգլերեն և հայերեն փոքրիկ հեքիաթ-պատմությունների պատկերազարդ մեդիագիրք»:

Թումանյանական օրերին չորրորդ դասարանցիների հետ կարդացինք, դերերով խաղացինք «Սևուկ ուլիկ» հեքիաթի անգլերեն թարգմանությունը, որից հետո այն դարձավ արդեն ընտանեկան նախագիծ: Սովորողները նկարազարդեցին հեքիաթը և իրենց ընտանիքների անդամների հետ դերերով ձայնագրեցին խոսքերը: Լուիզա Եղիազարյանն իր մայրիկի և ավագ եղբոր հետ, Տիգրան Գրիգորյանն իր մայրիկի հետ և Անահիտ Վերմիշյանն իր հայրիկի հետ ստեղծեցին «Սևուկ ուլիկի» իրենց ֆիլմերը:

Այս տարի 4-րդ և 5-րդ դասարանի սովորղներին ներկայացրեցի  “Shopping” թեման՝ որպես ուսումնական նյութ գործածելով Բրիտանական խորհրդի ուսումնական ֆիլմերը: Սովորողները մեծ ոգևորությամբ սկսեցին իրենց սովորած բառապաշարով նույն թեմայով հորինել տարբեր իրավիճակային երկխոսություններ: Սա դարձավ նախագիծ, մտավ ընտանիք  և դարձավ ընտանեկան նախագիծ: Նախագծի արդյունքն այն էր, որ սովորողները իրենց ծնողների, ավագ քույր եղբայրների հետ ստեղծեցին տարբեր դերային խաղ տեսաֆիլմեր: Ահա դրանցից մի քանիսը՝

Արև Սուքաիսյան և մայրիկ

Անահիտ Վերմիշյան և հայրիկ

Անդրե Վիրաբյան և ավագ եղբայր

Սեդա Հովհաննիսյան և ավագ եղբայր

Կային սովորողներ, որոնց ընտանիքներում անգլերեն իմացող չկար և ամեն մեկը իր հերթին մի հետաքրքիր լուծում էր գտել:

Օրինակ, Էլեն Հովհաննիսյանը իր հորինած երկխոսությունն անում էր ինքն իր հետ՝ տարբեր հագուստներով և մազերի սանրվածքով: Այ քեզ Ռոդարիական մոտեցում:

Նմանատիպ լուծում է գտել նաև Կարինա Մանուկյանը:

Իսկ Մարիամ Քորողլյանը և Անժելինա Սիմոնյանը իրենց ռոդարիական լուծումները գտել են`խոսեցնելով իրենց տիկնիկներին:

Եվա Սահրադյանն էլ դասընկերներին  իրենց տուն է հրավիրել և մեծ պատասխանատվությամբ ու ծնողների օժանդակությամբ պատրաստել  տեսաֆիլմը:

Սովորողների ոգևորությունից ես ինքս ոգևորվելով՝ Սուսան Ամուջանյանի օգնությամբ 5-րդ դասարանի սովորողների հետ ստեղծեցինք «Shopping» թեմայով տեսադաս, որտեղ ես ցույց եմ տալիս թե ինչ ուսումնական նյութեր և դասավանդման մեթոդներ եմ կիրառում:

Քանի որ այս տեսադասի մեջ ցույց եմ տալիս, որ ես իմ ամենօրյա դասերին գործածում եմ Բրիտանական Խորհրդի ուսումնական նյութերը, այդ իսկ պատճառով տվյալ տեսադասը հավանության արաժացավ Բրիտանական Խորհրդի նախագծերի ղեկավար Ադեհ Հովասափյանի կողմից: Հաշվի առնելով ինձ համար այս կարևոր մասնագիտական կարծիքը և կրթահամալիրի օտար լեզուների ուսկենտրոնի ղեկավար Բուշ Լուսինեի խորհուրդը՝ մայիս-հունիս ամիսներին և 2017-2018 ուստարվա ընթացքում նման տեսադասերի շարք եմ ստեղծելու իմ սովորողների հետ:

Ամփոփելով այս ամենը՝ կարող եմ ասել, որ կրտսեր դպրոցի սովորողի սովորելու ներքին շարժառիթը մեծանում է, երբ ուսումնական թեման դերային խաղի վերածվում, իսկ հետո էլ  տուն է բերվում ու այն դառնում է ընտանեկան նախագիծ:

Ծնողների ներգրավվածությունը ուսումնական գործընթացում. «Ընտանեկան նախագիծ»

Ծնողների ճիշտ ներգրավվածության արդյունավետությունը սովորողների ուսման գործընթացում հատկապես մեծ է լինում կրտսեր դպրոցի պարագայում: Ես ուզեցի շեշտել «ճիշտ» բառը, որովհետև շատ ավելի հաճախ է պատահում, երբ ծնողների սխալ ներգրավվածությունը ավելի շատ խանգարում է, քան նպաստում սովորելու գործընթացին: Դիտարկենք շատերին հայտնի այս տիպի ընտանեկան դասուսուցումը.

Տառերդ տառերի նման չեն, ուղիղ գրի′, ուղիղ նստի′, նորից կարդա′, նորից պատմի′, լավ չպատմեցիր դասդ, նորից… նորից…նորից: Ինչու՞ ես առաջին հարցով բազմապատկում անում. բաժանումից սկսի′ր… այստեղ փակագիծ դի′ր, իսկ այստեղ էլ՝ հավասարման նշան: Վատ է, ամբողջ էջը պատռի′ ու նորից գրի′: Չե՞ս հասկանում, քանի անգամ նույն բանը բացատրեմ:

Շատ հնարավոր է, որ ծնողը մանկավարժական գիտելիքներ չունի, ուղղագրական կանոններ չգիտի, բավարար չափով մաթեմատիկա կամ էլ օտար լեզու չգիտի: Եթե կրտսեր դպրոցի սովորողին մի որևէ տնային առաջադրանք է տրվում, որը որոշակի գիտելիքների իմացություն և հմտությունների կարողություն է պահանջում, ապա դասավանդողի կողմից մանկավարժա-հոգեբանական կոպիտ սխալ է արվում այդպիսի առաջադրանք տալը, եթե պահանջվող գիտելիքները և կարողությունները չեն յուրացվել դպրոցում: Կրտսեր դպրոցի սովորողի տնային առաջադրանքը պետք է հաճելի լինի: Հաճելիի այդ զգացողությունը առաջանում է, երբ սովորողը գիտի և կարողանում է անել այն, ինչն առաջադրված է: Այդ հաճույքն ավելի է մեծանում, եթե առաջադրանքն իր մեջ ստեղծագործական տարրեր է պարունակում:

Բավականին երկար ժամանակ, երբ պատրաստվում էի Մայիսյան հավաքի համար «Ընտանեկան նախագիծ» թեմայով հոդված գրել, սկսեցի համացանցում փնտրել նմանատիպ հոդվածներ՝ պարզելու համար, թե ինչ վիճակում է այս հարցն այլ երկրներում: Ինձ հուզող թեմային ամենամոտը ավստրալիական փորձի մասին պատմող ուսումնասիրությունն էր, որի վերնագիրն է «Ընտանիք-դպրոց-համայնք համագործակցության բյուրո»: 2012 թվականին արված այս ուսումնասիրությունը հաստատել են Ավստրալիայի ծնողական խորհրդի նախագահը և Ավստրալիայի պետական հանրակրթական դպրոցների խորհրդի նախագահը: Այստեղից երևում է, որ Ավստրալիայում ծնողների ներգրավվածությանը հանրակրթության մեջ բարձր հիմքերի վրա է դրված և մեծ ուշադրություն է դարձվում կառավարության կողմից:

Ըստ վերը նշված հետազոտություն-ուսումնասիրության ծնողական ներգրավվածությունը ուսման գործընթացում դրական ազդեցություն է ունենում հետևյալ ցուցանիշների վրա.

  • Գիտելիքների և կարողությունների ստուգման թեստային ավելի բարձր գնահատականներ
  • Միջին դպրոցից ավագ դպրոց տեղափոխման ավելի բարձր տոկոսային հարաբերություն
  • Դպրոցից դուրս մնալու ավելի քիչ թվով դեպքեր
  • Վարքի բարելավում
  • Միջնակարգ կրթությունից հետո կրթությունը շարունակելու ավելի բարձր հավանականություն

Կարդալով այս տողերը ես մի պահ մտածեցի, որ այս ամենին հնարավոր է հասնել նաև մասնավոր դասընթացներով և ուզում էի դադարեցնել հոդվածի ընթերցումը ու հենց այդ ժամանակ հանդիպեցի ծնողների ներգրավվածության սկզբունքների հետևյալ՝ մեր կրթահամալիրի մանկավարժությանը հոգեհարազատ տողերին.

  • Դպրոցական աշխատանքը կապել ընթացիկ հանրային իրադարձությունների և այլ թեմաների հետ
  • Նպաստել ուսումնատենչությանը ուսումը կապելով ապագա մասնագիտության, ապագա պլանների հետ
  • Ուշադրություն դարձնել այնպիսի գործունեության վրա, որը նպաստում է ինքնուրույն որոշումներ կայացնելուն, անհատականոթյան ձևավորմանը
  • Տանը ստեղծել սովորելուն նպաստող միջավայր և այնպես անել, որ հաճելի լինի տանը որևէ բան սովորելը

 

Երբ ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում 2-րդ և երրորդ դասարանցիների հետ սկսեցինք «Անգլերենը մեր տանը» ընտանեկան նախագիծը, 20-ից ավել ընտանիք մասնակցեց այդ նախագծի իրականացմանը և ես վստահ եմ, որ հենց այս չորս սկզբունքներն են կիրառվել: Սովորողներն իրենց ծնողների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեեղծելու էին տեսաֆիլմ, որտեղ սովորողը պետք է անգլերեն պատմեր իր ընտանիքի, խաղալիքների, սենյակի մասին և ցույց տար իր «բացառիկ» կարողությունները:

Սկզբում մի փոքր անհանգստություն կար իմ մեջ այն առումով, որ սովորողները կդժվարանան կամ էլ՝ ծնողների զբաղվածության պատճառով նախագիծը չի իրականանա, քանի որ գործ ունենք 2-րդ, 3-րդ  դասարանցիների հետ: Բայց ի զարմանս ինձ, երբ Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորող Հասմիկ Սարգսյանի ֆիլմը հայտնվեց դպրոցի կայքում, այն ինձ շատ ոգևորեց, այդ թվում նաև՝ շատ ու շատ սովորողների, և սկսվեց ամեն օր մի նոր ֆիլմի թողարկումը դպրոցական կայքում:

https://www.youtube.com/watch?v=EN1XgEMJW58

Ուզում եմ առանձնացնել Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորող Սաթինե Տեր-Պետրոսյանի ֆիլմը, որտեղ նա անգլերեն երգում է, իսկ իրեն կիթառով նվագակցում է իր քույրիկը, և  այդ դիջի ընտանեկան համերգը տեսախցիկով նկարում է իրենց մայրիկը:

https://www.youtube.com/watch?v=FCffh8GgS8M

Իսկ թե անգլերեը ինչպես է հյուրընկալվել Դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորող Հրայր Սեմիրջյանի ընտանիքում, ուղղակի տեսնել է պետք, թե ինչ ոգևորությամբ է իր քույրիկի հետ երկխոսություն վարում, կամ թե՝ ինչ հավեսով է երգում ու պարում, և այդ ամենը նկարում է իրենց մայրիկը՝ միաժամանակ մասնակցելով նրանց անգլերեն զրույցին:

https://www.youtube.com/watch?v=shVibwPTieY

Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորող Վահե Մուսաելյանը իր ֆիլմում ցույց է տալիս իր անգլերենի գիտելիքները՝ նկարագրելով իր սենյակը: Եվ այդ ամենը նկարահանել է իր մայրիկը և ինքն էլ AVS ծրագրով ֆիլմն է պատրաստել:

https://www.youtube.com/watch?v=kbmGIoTE2VY

Մարմնամարզական գեղեցիկ շարժումներ է ցույց տալիս իր ֆիլմում Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորող Գևորգ Հարությունյանը և թե ինչպես է իր հայրիկի հետ շախմատ կարողանում խաղալ: Այդ ամենը տեսախցիկով  նկարում է  ապագա բալիկի սպասող մայրիկը և ինքն էլ AVS ծրագրով ֆիլմն է պատրաստել: Փաստորեն ամբողջ ընտանիքն էր ներգրավված ֆիլմի ստեղծմանը:

https://www.youtube.com/watch?v=z3cv4PtLxsM

Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորող Մարկ Հովհաննիսյանի ֆիլմի ստեղծման գործում նույնպես մեծ աջակցություն է ունեցել իր մայրիկը: Ֆիլմը նայելիս մեծ հիացմունք և միաժամանակ զարմանք ես ապրում, երբ տեսնում ես, թե ինչպես են այդ փոքրիկ ձեռքերը այդքան երկար կարողանում հարվածել դհոլին ու չեն հոգնում: Ֆիլմի երաժշտությունը ընտրել է մայրիկը ու AVS ծրագրով պատրաստել ֆիլմը:

https://www.youtube.com/watch?v=O3rDg_5XqH4

Ներկայացնում եմ մյուս սովորողների ֆիլմերը առանց մեկնաբանության, որոնց մեջ իհարկե մեծ դեր են խաղացել իրենց ընտանիքի անդամները:

Սիլվա Կարապետյան

Դավիթ Բեյբության

Լիրա Խաչատրյան

Միլենա Հարությունյան

Հրաչյա Բրուտյան

Միքայել Մարգարյան

Միքայել Սահակյան

Բոլոր ներկայացված աշխատանքներից երևում է, որ ծնողները մեծ ոգևորությամբ են աշխատել իրենց զավակների հետ: Տնային առաջադրանքի կամ նախագծի իրականացումն էլ հաճույք է պատճառել նրանց: Հիշենք վերը նշված սկզբունքներից վերջինը. «Տանը ստեղծել սովորելուն նպաստող միջավայր և այնպես անել, որ հաճելի լինի տանը որևէ բան սովորելը»:

Բոլոր ներկայացված աշխատանքներից երևում է նաև, որ

2-րդ և 3-րդ դասարանի սովորողները հաջողությամբ մասնակցեցին նաև «Ձոն» ստուգատեսին,  որտեղ իրենց պատրաստած բացիկները անգլերեն և ռուսերեն լեզուներով նվիրում են իրենց սիրելի մայրիկներին: Իսկ 1-ին դասարանցիները փորձում էին օրվա ռադիոհաղորդման հերոսներ լինեին՝ իրենց մայրիկներին անգլերեն բարեմաղթանքներ ասելով:

Դպրոց պարտեզի 1-ին դասարան

Հիմնական դպրոցի 2-րդ դասարան

Դպրոց պարտեզի 3.3 դասարան

Դպրոց պարտեզի 3.1 դասարան

Ճիշտ է՝ «Ձոն» նախագծին ծնողները անմիջական մասնակցություն չեն ունեցել, բայց նախագծի առանցքում սովորողների մայրերն են եղել և բացի դա այն իր բնույթով համահունչ է «Դպրոցական աշխատանքը կապել ընթացիկ հանրային իրադարձությունների և այլ թեմաների հետ» սկզբունքին, որի էությունն ընտանեկան է:

Օգտագործված աղբյուրը՝ “Family-School & Community Partnerships Bureau”

Անգլերենի նախագծային ուսուցումը 5-րդ դասարանում

Նախագծի մանկավարժա-հոգեբանական մոտեցումը, կամ «Ես ասե՞մ…»

Երբ ետևում են մնացել առաջին-երկրորդ դասարաններում հաճախակի կրկնվող անգլերեն առաջին բառերի, հարց ու պատասխանների յուրացման հաճելի պահերը, սովորողների ինքնաբուխ բուռն ձգտումը. «Ես…, ես…ես ասեմ», երբ երրորդ և չորրորդ դասարանների համար նախատեսված բավականին հաջողված դասագրքերի լեզվական նյութն էլ է յուրացված, ու արդեն պետք է մի նոր քայլ կատարել դեպի առաջ, անգլերենի բոլոր դասավանդողները տհաճ արգելքի են հանդիպում՝ հաղթահարել դասագրքային պատնեշը: 5-6-րդ դասարանների սովորողների արտահայտվելու բնական առույգ ձգտումը սկսում է աստիճանաբար թուլանալ դասագրքերում հանդիպող «հեղինակային հետաքրքիր» տեքստերով և ոչ հաղորդակցական բառերով ու բառակապակցություններով  ու վերջնականապես  հետին պլան է մղվում սովորողի «ես»-ը: Իսկ ինչու՞ պետք է հաղթահարել մի ինչ-որ դասագրքի բառապաշարը, դրա լեզվական կառուցվածքները: Ո՞րն է դրա նպատակը: Այս հարցին բոլորս էլ միաբերան կարող ենք պատասխանել. Սովորողները ձեռք են բերում ուսուցման տվյալ աստիճանի համար նախատեսված առարկայական չափորոշիչներին համապատասխան կարողություններ. Հիրավի բարձրագոչ նախարարական ձևակերպում: Իսկ ի՞նչ գնով ենք հասնում այդ նպատակին: Այս նպատակը չի արդարացվում, եթե դրան հասնում ենք ուսման նկատմամբ ձգտումի համատարած թուլացմամբ: Իմ խորին համոզմամբ 5-6-րդ դասարաններում օտար լեզվի ուսուցումը պետք է կառուցողական լինի, հաղորդակցական և ուղղված լինի դեպի սովորողի «ես»-ը: Այս պայմաններին է համապատասխանում կառուցողական նախագծային ուսուցումը:

Սովորողծնողդասավանդող կապը, կամ «Առակս ի՞նչ ցուցանե…»

2013-2014 ուսումնական տարվա ընթացքում Դպրոց-պարտեզի չորրորդ դասարանցիների խումբը դասվար  Տաթև Ավետիսյանի ղեկավարությամբ ստեղծեց «Իմաստուն հեքիաթների ժողովածու» մեդիագիրքը ISSUU ծրագրով: Այդ մեդիագիրքն ինքնին արդեն հաջողությամբ ավարտված նախագիծ էր: Բոլոր առակ-հեքիաթները հորինել էին սովորողները, իսկ առակ հեքիաթների վերջում տրվող ասացվածքների ու բարոյախրատական  եզրահանգումների ձևակերպումների գործում զգացվում է նաև ծնողների տեղին միջամտությունը: Փաստորեն նախագծի հաջող իրականացմանը նպաստել էր նաև սովորող-ծնող-դասավանդող կապը, որի հիմքը դրվել էր դեռ հայերեն տեքստերի վրա աշխատելիս: Օրինակ, «Ուրիշի հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն» նշանաբանով իր առակ-հեքիաթն է հորինել Սամվել Հարությունյանը «Էշն ու կապիկը – The donkey and the monkey»: Սովորողներն իրենց առակ-հեքիաթներում աշխատել են ցույց տալ, թե որն է չարը ու որն է բարին. ո՞րն է մեր կյանքում ընդունելին և որը՝ մերժելին: Աշխատասիրությունն են մեծարում և ծուլությունը փնովում Ստեփան Ապերյանի «Հայրն ու տղաները – The father and his sons» և Վահե Վարդանյանի «Աշխատասեր ոզնին և ծույլ նապաստակը» առակ-հեքիաթները: Իրենց իմաստուն հեքիաթներում գողությունը մերժելի են համարել Էրիկ Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը և Օֆելյա Կարապետյանը:

Անգլերենի ուսուցումը նախագծային եղանակով, կամ  «Ես եմ ստեղծում անգլերենի իմ դասագիրքը »     

2014-2015 ուսումնական տարվա սկզբին որոշեցի 5-րդ դասարանում անգլերենի նախագծային ուսուցումը կազմակերպել հենց այդ առակ-հեքիաթների հիման վրա: Ըստ նախագծի «Իմաստուն հեքիաթների ժողովածու» մեդիագիրքը սովորողները պետք է թարգմանեին անգլերեն և անգլերենի ուսուցումը տարվեր հենց իրենց ստեղծած տեքստերի հիման վրա: Նախագիծը մեթոդապես հիմնավորված էր. Ուսուցումը տարվելու էր մանկավարժական կառուցողական սկզբունքով (սովորելու համար պատրաստի տեքստեր չէին տրվելու. Այդ տեքստերը հենց իրենք էին ստեղծելու): Օտար լեզվի ուսուցումը տարվելու էր սովորողների մայրենի լեզվի բառապաշարը և լեզվական կառուցվածքների իմացությունը հաշվի առնելով: Ավելին՝ այդ բառապաշարն ու լեզվական կառուցվածքները անհրաժեշտություն չկար փնտրելու: Դրանք արդեն ներկայացված էին իրենց իսկ ստեղծած առակ-հեքիաթներում: Չորս ամիս շարունակ սովորողների հետ միասին թարգմանում և ստեղծում էինք մեր ուսումնական դասերի տեքստերը, որոնք հենց այդ առակ հեքիաթներն էին: Երբ սովորողը գիտի տեքստի բովանդակությունը, իսկ բառապաշարն ու լեզվական կառուցվածքներն էլ խորթ չեն, ապա մնում է միայն նույնը ասել անգլերենով, որն այնքան էլ մեծ դժվարություն չի պահանջում: Հայերեն տեքստերի բովանդակությունն ու լեզվական կառուցվածքները ուղղորդում էին անգլերենի համապատասխան լեզվական կառուցվածքների ներմուծմանն ու ամրապնդմանը: Օրինակ, Արեն Կարապետյանի առակ-հեքիաթը՝ «Փիղն ու փշոտ թուփը –The elephant and the thorny bush», մեծ արդյունավետությամբ նպաստեց  ածականների համեմատության աստիճաններով անգլերենի լեզվական կառուցվածքների ամրապնդմանը: Գրեթե բոլոր տեքստերը նպաստեցին անգլերենի «Simple Past» բայական ժամանակաձևի կիրառման հմտությունների ձևավորմանը բանավոր և գրավոր խոսքում, իսկ «Past Continuous» բայական ժամանակաձևի կիրառման հմտությունները սովորողները ձեռք բերեցին «Էշն ու կապիկը-The donkey and the monkey» և «Գողը գողից գողացավ-A thief stole from a thief» առակ-հեքիաթների թարգմանությամբ: Սովորողները ժամանակների համաձայնեցման մեկ-երկու գործնական կիրառման հմտություն ձեռք բերեցին. Օրինակ, «Future in the Past». Տեքստերի բովանդակությունից ելնելով բավականին կիրառելի դարձան նաև կրավորական սեռի բայական ժամանակաձևերը՝ հատկապես “Simple Past”-ով:   Անձնական և ցուցական դերանունները գործածվել են գրեթե բոլոր հեքիաթներում: Կենդանի, հաղորդակցական լեզվով շարադրված հեքիաթների դերային վերապատմումների ժամանակ սովորողները սովորել են տեղին գործածել անգլերենի հետևյալ շաղկապներն ու այլ կապակցող բառերը. And-(և, իսկ), because-որովհետև, that-որը, which-որը, or else-այլապես, that is why-ահա թե ինչու: Այդ տեքստերը պատմելով, միմյանց հարցեր տալով, մտքերը քննարկելով մեր դասերը անցնում էին նպատակասլաց և արդյունավետ: Յուրաքանչյուր նոր տեքստ մոտեցնում էր մեր նախագծի վերջնական արդյունքին՝ «Առակ-հեքիաթների ժողովածու հայերեն և անգլերեն լեզուներով»:

Տեքստերը ավելի խոսուն էին դարձնում հեքիաթների բովանդակությանը համապատասխան սովորողների Paint ծրագրով կատարած նկարները: Առաջին կիսամյակի վերջում, երբ թարգմանեցինք վերջին առակ-հեքիաթը, բոլոր սովորողներն իրենց կատարած աշխատանքի կարևորությունն ու գոհունակությունը ունեցան: Նախագծի վերջնական արդյունքը՝ ստեղծված էլեկտրոնային գիրքը, որի վերնագիրն է «Իմաստուն հեքիաթներ հայերեն և անգլերեն լեզուներով –Wise tales in Armenian and English», կարող է օգտագործվել կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններում որպես ուսումնական նյութ:

 

Անգլերենի իմ ուսումնական նախագծերը

Երբ կազմում էի իմ 2013-2014 ուստարվա նախագծերը, ուսումնական նախագծերի մասին որևէ տեսական գիրք, հոդված չէի կարդացել, բացի մեր կրթահամալիրի փորձառու դասավանդողների ներկայացրած նախագծերից: Կարդալով մեր կրթահամալիրի փորձառու մանկավարժների ներկայացրած նախագծերը՝ ես ինձ համար պարզեցի ուսումնական նախագծերին ներկայացվող այն հիմնական մոտեցումները, որոնք որոշակի առարկայական առանձնահատկությունների տարբերությամբ ընդհանուր էին գրեթե բոլոր նախագծերում: Ահա այդ ընդհանրությունները`

  • Բոլոր նախագծերն ունեն իրենց կատարման ժամկետները
  • Բոլոր նախագծերում նշվում է, թե որ դասարանների համար են դրանք նախատեսված
  • Բոլոր նախագծերում նշվում են այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք ձեռք են բերում սովորողները նախագիծ իրականացնելիս
  • Բոլոր նախագծերում նշվում են, թե ինչ վերջնական արդյունք են ունենում դրանք (ուսումնական նյութ, տեսաֆիլմ, էլեկտրոնային գիրք և այլն)
  •  Բոլոր նախագծերում նկարագրվում են այն գործողությունների ծրագրերը, որոնց կատարումով նախագիծն իրականանում է:

Հաշվի առնելով բոլոր այս ընդհանրությունները, ես կազմեցի իմ ուսումնական նախագծերը, որոնք տեղադրել եմ իմ բլոգում :

Հիմա ես ուզում եմ մի փոքրիկ հետազոտական աշխատանք կատարել`  համեմատելով  6-րդ դասարանի համար կազմած իմ ուսումնական նախագիծը` «Ներկայացնում ենք մեր կատարած ուսումնական ճամփորդությունները անգլերեն» Մարիա Ստուպնիցկայայի գրքում նշված տեսական պնդումների հետ: Գրքի 6-րդ էջում կարդում ենք. «проект обязательно должен иметь ясную, реально достижимую цель. В самом общем смысле целью проекта всегда является решение исходной проблемы, но в каждом конкретном случае это решение имеет собственное, неповторимое воплощение-նախագիծն անպայման պետք է ունենա պարզ, իրատեսորեն հասանելի նպատակ: Ամենաընդհանուր իմաստով նախագծի նպատակը միշտ էլ մի ինչ-որ նախանշած խնդրի լուծումն է, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար այդ լուծումն անձնական, անկրկնելի մարմնավորում է ստանում»: Ուսումնական նախագծի նպատակի մասին այս տեսական պնդումը էականորեն տարբերվում է մեր կրթահամալիրի դասավանդողների նախագծերում և իմ կազմած նախագծում նշված նպատակներից: Մարիա Ստուպնիցկայայի գրքում չի կարևորվում ուսումնական նպատակը, այսինքն այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք ձեռք են բերվում նախագիծն իրականացնելիս: Օրինակ, 6-րդ դասարանի համար նախատեսված իմ ուսումնական նախագծում կարևորել եմ այս ուսումնական նպատակը. «Սովորողները ձեռք են բերում տարբեր ժամանակներում իրենց արդեն կատարած և սպասվելիք ճամփորդությունները հավաքելու և տվյալ թեմայով մի ընդհանուր պրեզենտացիա անելու կարողություն անգլերեն լեզվով»: Այսինքն, սովորողները ձեռք են բերում իրենց կատարած աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացնելու կարողություն, որը մարդու համար ամենակարևոր անձնական կարողություններից է: Գրքի հեղինակը կարևորում է միայն առաջադրված խնդրի լուծման վերջնական արդյունքը, որին սովորողները հասնում են`լարելով իրենց բոլոր ուժերն ու կիրառելով իրենց գիտելիքները: Նորից 6-րդ էջից մեջբերում եմ անում առանց թարգմանության, քանի որ ամեն ինչ շատ պարզ է ասված: Այստեղ ոչ մի խոսք չկա նոր գիտելիքների և կարողությունների ձեռքբերման մասին. «Для ученика проект–это возможность максимального раскрытия своего творческого потенциала. Это деятельность, которая позволяет проявить себя индивидуально или в группе, попробовать свои силы, приложить свои знания, принести пользу, показать публично достигнутый результат. Это деятельность, направленная на решение интересной проблемы, сформулированной самими

учащимися. Результат этой деятельности – найденный способ решения проблемы – носит практический характер и значим для самих открывателей»: Փաստորեն դասավանդողը նախագծի այնպիսի խնդիր է առաջադրում, որին կարելի է հասնել միայն որոշակի գիտելիքներ ունենալու դեպքում: Գիտելիքների պաշարի գործածման այս ձևը ինչո՞վ է տարբերվում ոչ նախագծային ուսուցումից: Իմ կարծիքով ուսումնական նախագծի վերջնական արդյունքի ներկայացման ձևը (տեքստային ուսումնական նյութ, քարտեզ, տեսանյութ, հարցազրույց, էլեկտրոնայինգիրք), իհարկե, պետք է հայտնի լինի, բայց բովանդակությունը պետք է անհայտ լինի: Հենց դրանով է նախագիծը հետաքրքիր: Օրինակ, տարբեր երեխաներ միևնույն ճամփորդության մասին տարբեր բովանդակության տեքստեր են գրում և տեսանյութեր պատրաստում: Մինչդեռ, Մարիա Ստուպնիցկայայի գրքում որպես օրինակներ են տրված այնպիսի հարցեր, որոնց պատասխանները մոտավորապես նույնը կլինի շատ կարդացած, գիտելիքներով հարուստ մարդկանց կողմից: Ահա այդ նախագծերի օրինակները. « «Алхимики–колдуныилиученые?» (химия), «Все знают, что курить вредно, почему же люди курят?» (биология), «Климат будущего. Москва под водой?» (география), «Граффити: за и против» (иностранный язык), «Деньги правят миром?» (экономика); «Большой адронный коллайдер  – конец или начало?» (физика).   

Այսուհանդերձ, լիովին համաձայն եմ գրքի երկրորդ բաժնում շարադրված մտքերի հետ, որոնք վերաբերում են դասավանդողիև սովորողի համագործակցության ձևերին` կապված սովորողների տարիքի հետ: Հեղինակը մանրամասն վերլուծության է ենթարկում տարբեր դասարաններում նախագծերի կատարման ընթացքում դասավանդողի միջամտության ձևերը և օգնության չափերը: Որքան ցածր դասարանների սովորողների հետ գործ ունենք, այնքան օգնությունը հաճախակի է և առարկայական: Եվ ընդհակառակը` որքան բարձր դասարանների հետ գործ ունենք, այնքան օգնությունը հազվադեպ է և ոչ առարկայական: Օրինակ, գրքի 16-րդ էջում հեղինակը գրում է, որ 5-6-րդ դասարացիների հետ աշխատելիս ուսուցչի օգնությունը պետք է էական լինի նախագծային աշխատանքի բոլոր էտապներում. «Tем не менее пяти- и шестиклассники нуждаются в значительной обучающей и стимулирующей помощи педагога почти на всех этапах работы над проектами»: Ես հենց այդպես եմ վարվում իմ վեցերորդցիների հետ «Ներկայացնում ենք մեր կատարած ուսումնական ճամփորդությունները անգլերեն» նախագիծն իրականացնելիս: Յուրաքանչյուր Ճամփորդությունից առաջ նախօրոք տեղեկատվություն եմ հայթայթում այն պատմական հուշարձանների, բարձունքների մասին, որոնք այցելելու ենք, և դեռ ավտոբուսի մեջ աշխատում եմ անգլերենով կարճ տեղեկատվություն տալ նրանց այդ ամենի մասին: Երբ ճամփորդությունից հետո նրանք գրում են իրենց տպավորությունները, ես դրանք խմբագրում եմ և մի քանի դասաժամերի ընթացքում պարբերաբար հարց ու պատասխանների միջոցով այնպես եմ անում, որ սովորողն իր գրած նյութը կարողանում է բանավոր կերպով լավ ներկայացնել: Ես օգնում եմ սովորողներին նաև նախագծի վերջնական արդյունքի ստեղծման գործում` կազմակերպելով ձայնագրությունների, տեսանյութերի մոնտաժման աշխատանքները:

Նախագծային աշխատանքների վերջնական արդյունքներ.                           

<<Մխիթար Սեբաստացու>> օրերին ընդառաջ

<<Ուսուցչի օրը>>

<<Սուրբ Ծնունդ և Ամանոր>>

<<Թումանյանական օրերին ընդառաջ>>

<<Զատիկը աշխարհում>>

Օգտագործված աղբյուրներ

       http://gradaran.mskh.am/sites/default/files/project.pdf