Рубрика: Վերապատրաստում 2022-2023, Դիրքորոշում և արժեք

Ուսուցչի վերապատրաստման մոդուլ. դիրքորոշում և արժեք

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00 Հանդիպումները կազմակերպվում են ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Մոդուլը։ Թեմա 1, 4 ժամ, երկու հանդիպում

Մասնակիցների հաշվառման մատյան

Շաբաթվա աշխատակարգը

Հետազոտական աշխատանք

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

1-ին և 2-րդ պարապմունքների ամփոփում

  1. քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝

Կարդացի Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթուղթը: Փաստաթղթի հիմնական նպատակը և գաղափարն այն է, որ կրթությունը այնպես պետք է կազմակերպել, որ սովորողների մոտ քաղաքացիական դիրքորոշում ձևավորվի սկսած կրթական տարրական աստիճանից մինչև միջնակարգը:

Նախ և առաջ, սովորողը դեռ կրթական տարրական աստիճանում պետք է ճանաչի իր համայնքի անդամ լինելու փաստը և համայնքի՝ իրեն առնչվող խնդիրները: Ես կարծում եմ, որ կրտսեր դպրոցի սովորողի համար իր համայնքը ընտանիքից հետո անպայմանորեն դպրոցն է: Իր դպրոցում սովորողը զգում է ուսուցչի, իր դասընկերների իրեն ուղղված ուշադրությունը և հակառակը՝ ինքն է զգում, որ պետք է ուշադիր լինի ուսուցչի հրահանգների կատարմանը, պատրաստակամ լինի դասընկերոջը օգնելու և նրա հետ փոքրիկ հանձնարարություններ կատարելու համար:

Արդեն կրթական հիմնական աստիճանում սովորողը սկսում է գիտակցաբար ճանաչել իր իրավունքներն ու պարտականությունները համայնքում (դպրոցում, բակում, արտադպրոցական լրացուցիչ պարապմունքի վայրերում): Ամենուր նա հասկանում է, որ պետք է պահպանել համակեցության կանոնները: Նա նույնիսկ սկսում է մասնակցել համայնքի զարգացմանը նպաստող նախագծերին: Օրինակ՝ «Անթափոն կրթական միջավայր», «Պլաստիկը թափոն չէ»: Մեր կրթահամալիրի «Գետը համայնքում» նախագծի բաղադրիչներից մեկն այն է, որ սովորողները ուսճամփորդության են գնում պոլիէթիլենային մեծ պարկերով և տեղ հասնելուն պես սկսում են տեղանքի, գետի ափերի մաքրությունը:

Ավագ դպրոցի սովորողները կարողանում են վերլուծել համայնքի արդի հիմնախնդիրները՝ արձագանքելով դրանց որպես իրազեկ, պատասխանատու և համայնքի զարգացմամբ շահագրգիռ քաղաքացի: Նրանք գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը համայնքի զարգացման գործում:

ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Ուսումնական հաստատությունում ժողովրդավարության ընդհանուր դրույթների մասին խոսելով և հասարակագիտության դասեր տալով հնարավոր չէ ժողովրդավարություն սերմանել սովորողների մեջ: Կարծում եմ, որ այստեղ առաջին նախապայմանը ուսուցչի հավասար վերաբերմունքն է բոլոր սովորողների նկատմամբ: Ժողովրդավար սկզբունքներով աշխատող ուսուցիչը չունի «սիրելի աշակերտներ», որոնց նա ներում է ամեն ինչ և անաչառ է այլ սովորողների նկատմամբ: Օգտագործելով գնահատման ձևավորող մոտեցումը՝ ուսուցիչը խրախուսում, քաջալերում է բոլոր սովորողներին իրենց կատարած աշխատանքի համար: Այդ ձևով սովորողը ինքնավստահություն է ձեռք բերում և գիտակցում է, որ արդարություն է տիրում դասարանում: Եթե դասարանում, դպրոցական համայնքում սովորողը գործնականում չտեսնի ժողովրդավարական նորմերին համապատասխանող արդարություն, նա երբեք այլևս չի հավատա, որ կյանքում կա արդարություն և օրենքի գերակայություն: Նա անգիր կարող է իմանալ հասարակագիտության դասերին սովորած ժողովրդավարության բոլոր դրույթները, բայց իր հոգու խորքում կզգա, որ այդ ամենը կեղծ է՝ կարելի է մի բան ասել և անել բոլորովին այլ բան:     

Ժողովրդավար երկրներում հարգում են մարդու իրավունքները, հաշվի են առնում յուրաքանչյուրի կարծիքը, չեն կեղծվում ընտրությունները, օրենքը գերակա է բոլորի համար: Ինչպե՞ս կարելի է կրթական հաստատությունում յուրաքանչյուր սովորողի մեջ սերմանել այս ամենը: Մեր կրթահամալիրում դրա համար կան նպաստավոր պայմաններ: Սովորողի ուսումնական բլոգը, դպրոցների ենթակայքերը բաց են բոլորի համար: Սովորողը կարող է ազատ ձևով արտահայտել իր մտքերը և լսելի լինել բոլորի համար: Միջին դպրոցի բարձր դասարաններում և Ավագ դպրոցում կազմակերպվում են բանավեճեր, քննարկումներ և բոլորի կարծիքներն էլ հաշվի են առնվում:

Կարծում եմ, որ իմ թվարկած մանկավարժական մոտեցումներն ու գործունեության ձևերն են նպաստում, որ տարիների ընթացքում ձևավորվի իսկական ժողովրդավարական հասարակություն: Այդ հասարակությունը, նախ և առաջ, պետք է ձևավորվի ուսումնական հաստատություններում:   

Երրորդ պարապմունք

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները: /Խմբային աշխատանք/:

Երրորդ պարապմունքի ամփոփում

Հանրակրթության պետական չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝ 1) գիտելիք. 2) հմտություն. 3) դիրքորոշում. 4) արժեքային:

Քանի որ իմ մասնագիտական բնագավառը օտար լեզուներն է, ես իմ ուշադրությունը կենտրոնացնում եմ միայն այդ բնագավառին բնորոշ վերջնարդյունքներին, կրթության բովանդակության դիքորոշման և արժեքային բաղադրիչներին:

Պետական չափորոշչում այս բնագավառի համար առանձնացված են հետևյալ հիմնական դրույթները՝

օտար լեզուներ. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներկայանում է մի շարք լեզուներով, որոնցից առնվազն երկուսի ուսուցումը միտված է աշակերտների շրջանում բազմալեզվության և միջմշակութային իրազեկության խթանմանը։ Բնագավառը շեշտադրում է աշակերտի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը, որտեղ օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է աշակերտին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննադատական մտածողությամբ օժտված անհատ, համագործակցել անձնական, խմբային, համայնքային և հասարակական հնչեղության հարցերի լուծման նպատակով.

«Օտար լեզուներ» բնագավառի հանրակրթության տարրական ծրագրի վերջնարդյունքները.

առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման միջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.

«Օտար լեզուներ» բնագավառի հանրակրթության հիմնական ծրագրի վերջնարդյունքները.  

առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.

«Օտար լեզուներ» բնագավառի հանրակրթության միջնակարգ ծրագրի վերջնարդյունքները.         

առնվազն երկու օտար լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք.

Չորրորդ պարապմունք.

  1. Զրույց չափորոշչային վերջնարդյունքների, դիրքորոշմանն ու արժեհամակարգին վերաբերող հարցերի շուրջ:
  2. Կարդացեք և քննարկեք. Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան,
  3. Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
  4. Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան
  5. Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջաալյ
  6. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Չորրորդ պարապմունքի ամփոփում

  1. Զրույց չափորոշչային վերջնարդյունքների, դիրքորոշմանն ու արժեհամակարգին վերաբերող հարցերի շուրջ: Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ:

Օրինակներ իմ մանկավարժական գործունեությունից.

«Օտար լեզուներ» բնագավառի վերջնարդյունքների, դիրքորոշման և արժեհամակարգի մասին խոսելիս մեծ կարևորություն է տրվում բազմալեզվության և միջմշակութային իրազեկության խթանմանը: Մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցներում պարտադիր են անգլերենի և ռուսերենի ուսուցումը, իսկ միջին և ավագ դպրոցներում սովորողները հնարավորություն են ունենում ընտրել նաև մի երրորդ օտար լեզու: Ընտրությունը շատ մեծ է՝ վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, արաբերեն, գերմաներեն:

Պետական չափորոշչում բնագավառը շեշտադրում է աշակերտի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը, որտեղ օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է աշակերտին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով,     

Կրտսեր դպրոցում ես իրականացնում եմ հաղորդակցական կարողությունների զարգացմանը նպաստող մի շարք նախագծեր. Օրինակ՝ «Հաղորդակցական ընտանեկան նախագծեր», «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»: Հովհաննես Թումանյանի հեքիաթները պարզ անգլերենով թարգմանում ենք անգլերեն և բեմադրում դրանք:

Սովորողի բլոգում, դպրոցի ենթակայքում հրապարակվում են սովորողի կատարած թարգմանությունները օտար լեզուներից հայերեն և հակառակըը՝ հայերենից օտար լեզուներ: Այս առումով հատկապես ուզում եմ նշել «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը» իմ թարգմանական նախագիծը 5-րդ դասարանցիների հետ: Այս նախագծով սովորողները աշխահաճանաչողական մեծ քայլ են կատարում:

Մարիետ Սիմոնյանը իր հոդվածում գրում է. «Իմ հստակ պատկերացմամբ մանկավարժությունը մարդասիրական մասնագիտություն է, որտեղ ոչ սիրառատ մարդը, անկախ իր մասնագիտական որակներից, անելիք չունի: Ի՞նչ գիտություն, մեթոդներ, հնարքներ կարող են քեզ լավ մանկավարժ դարձնել, եթե մարդու նկատմամբ ապրումակցումը չունես»: Սա է Մարիետ Սիմոնյան մանկավարժի ամենակարևոր միտքը իր այս հոդվածում: Հոդվածում նա մի քանի օրինակներ է բերում, թե ինչպես է սովորողների հետ ստեղծում բարեկամական, ներդաշնակ հարաբերություններ՝ հարաբերություններ, որոնք բնութագրվում են համաձայնությամբ, փոխըմբռնմամբ և կարեկցանքով: Մեկ բառակապակցությամբ այս ամենը կոչվում է «ապրումակցային մանկավարժություն»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի օրագրից ծաղկաքաղ արված մանկավարժական տարբեր մտքերի, գաղափարների, նախաձեռնությունների մասին է այս դպիրյան հրապարակումը: Հրապարակման յուրաքանչյուր միտք, գաղափար, նախաձեռնություն գալիս է ապացուցելու, որ մի իսկական կրթական արժեք է մեր կրթահամալիրը, որտեղ ձևավորվում է սովորողը դպրոցում, համայնքում իր քաղաքացիական ճիշտ դիքորոշմամբ: Օրագրից մեջբերումները սկսվում են անցյալ տարվա մայիսյան հավաքի նկարագրմամբ, երբ տոնվում էր կրթահամալիրի 30 ամյակը: Խոսվում է  քանդակագործության ու ճարտարապետության միջազգային բաց փառատոնի մասին: Խոսվում է նաև ամառային հունիսյան ուսումնական ճամբարների ու ամառային դպրոցի մասին իր լողափնյա ճամբարներով: Կարևորություն է տրվում նաև Ծաղկունքում և Արատեսում կազմակերպվող ամառային ճամբարների մասին: Այս ամենը վկայում է այն մասին, որ մեր կրթահամալիրը մի իսկական կրթական արժեք է, որտեղ ձևավորվում է սովորողի ոչ դասագրքային, այլ իրական հայրենասիրությունը, խրախուսվում են նրա նախասիրություններըսերը և ընտրած ճանապարհը:

Հոդվածը պատմում է կրթության ժողովրդավարացմանը նվիրված բանաժողովի մասին, որը կայացել է Թբիլիսիում 2016-ի հունիսին: Բանաժողովի մասնակիցները՝ կրթության կազմակերպիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, 4 հարևան երկրներից էին՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա: Բանաժողովի հիմնական միտքը այն էր, որ կրթությունը պետք է սովորողների մեջ ատելության փոխարեն հանդուրժողականություն սերմանի հարևան երկրների նկատմամբ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը իր խոսքում նշեց այն մեծ աշխատանքը, որն արվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակներում: Խոսվեց նաև Իզմիրի տիեզերական ճամբարում կրթահամալիրի սովորողների մասնակցության մասին: