Рубрика: 5-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիր 2022-2023թ.

5-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը. 2022-2023

Առարկայի ուսուցման նպատակը

Օտար լեզվով շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության չորս ուղղությունների.

Ունկնդրումը՝

  • ընկալել և հասկանալ ուսուցչի հրահանգները,
  • հասկանալ ուսուցչի և ընկերների խոսքը,
  • լսել և հասկանալ նախօրոք բանավոր մշակված խոսքը, որը կարող է պարունակել մեկ-երկու անծանոթ բառ։

Խոսելը՝

  • վարել փոքր երկխոսություններ ծանոթ թեմաների շուրջ,
  • փոխանակել մեկ-երկու նախադասություն իրեն ծանոթ իրադրության մեջ
  • հարցերով, խնդրանքով դիմել զրուցակցին և տալ դրանց պատասխանները։

Ընթերցելը՝

  • ընթերցել պարզ տեքստեր՝ ընկալելով դրանց ընդհանուր իմաստը՝ առանց բառանի օգնության
  • կարողանալ բարձրաձայն կարդալ փոքր տեքստեր՝ պահպանելով առոգանության, հնչերանգի, շեշտադրության հիմնական կանոնները։

Գրելը՝

  • կազմել և գրել նախադասություններ ծանոթ խոսքային նմուշներով՝ օգտագործելով սովորած բառերը,
  • գրել փոքր շարադրություններ, շնորհավորական բացիկներ,
  • լրացնել թեստեր, կատարել գրավոր վարժություններ։

Ծրագրի խնդիրները.

  1. Բանավոր խոսքի զարգացումը. սովորողները փոքրիկ ռադիոլուրեր են պատրաստում օտար լեզվով՝ հարցազրույցներ վերցնում սովորողներից և դասավանդողներից, դպրոցի հյուրերից:
  2. Գրավոր խոսքի զարգացումը. սովորողները գրում են ստեղծագործական շարադրություններ և թարգմանություններ անում, որոնք տեղադրում են իրենց բլոգներում:
  3. Ընդլայնվում է սովորողների բառապաշարը՝ ավելացնելով տարբեր դարձվածաբանական արտահայտություններ, ասացվացքներ և այլն։
  4. Զարգանում է ընթերցելու և ունկնդրելու հմտությունները։
  5. Միջառարկայական կապեր են ստեղծվում /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/
  6. Սովորողներն ինքնուրույն կիրառում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ). Հարցազրույցների վարում, աուդիո և ֆոտո ֆայլերի խմբագրում և դրանց տեղադրումը բլոգներում:

5-րդ դասարանում իրականացվող նախագծերը

Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում»

Թումանյանական օրեր. Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Սուրբ Զատիկը իմ ընտանիքում

ՙՀամագործակցային նախագծեր. համագործակցային մի նախագծի ամփոփում՝ որպես օրինակ.

Նախագիծ. «Ընտանեկան-հեքիաթապատում ներկայացումներ»

Ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:

5-րդ դասարանում ուսուցանվող թեմաները

1.Ես և իմ շրջապատը

2.Ես, իմ ընկերները, իմ բարեկամները

3. Իմ ընտանիքը

4. Իմ պարտականությունները

5.Իմ բնակարանը

6. Դպրոց

7.Դպրոցական առօրյա

8. Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը

9. Հագուստ

10. Գնումներ

11. Տարվա եղանակներ և դպրոցական արձակուրդ

12. Ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Տոներ

Մխիթար Սեբաստացու օրեր

Նոր տարի
Սուրբ Ծննդյան տոներ
Զատիկ
Ձոն
Երեխաների պաշտպանության օր

5-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ կարողությունները.

Ունկնդրելու և խոսելու կարողությունները

  • Կարողանում են հասկանալ և տալ տեղեկատվություն, երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն,
  • Կարողանում են հասկանալ կարճ նկարագրության ընդհանուր միտքը և տալ տեղեկատվություն այդ մասին,
  • կարողանում են հասկանալ գործողությունների պարզ հրահանգներ և տալ նման հրահանգներ, օրինակ՝ կանգնվիր, թեքվիր աջ, թեքվիր ձախ, առաջ/հետ գնա,
  • կարողանում են հասկանալ ծանոթ թեմայով մի որևէ մուլտֆիլմի գլխավոր միտքը և տալ կարճ տեղեկատվություն այդ մասին,
  • կարողանում են ներկայացնել իրենք իրենց, ընտանիքի անդամներին և ընկերներին,
  • կարողանում են զրուցել դպրոցի, առօրյայի մասին,
  • կարողանում են զրուցել սիրելի զբաղմունքի մասին,
  • կարողանում են ողջունել և հրաժեշտ տալ օրվա տարբեր ժամերի համար բնորոշ արտահայտություններով,
  • կարողանում են շնորհակալություն հայտնել և պատասխանել շնորհակալությանը,
  • կարողանում են ընդունել առաջարկությունը, օգնությունը, կամ էլ քաղաքավարի կերպով մերժել դրանք,

Ընթերցելով հասկանալու կարողություններ

  • կարողանում են հասկանալ և կարճ ձևով տալ տեքստի գլխավոր տեղեկատվությունը և գաղափարը,
  • կարողանում են կարդալ և հասկանալ անձնական քարտի կետերի պահանջները, որոնք պետք է լրացնել,
  • Կարողանում են հասկանալ ընթերցվող տեքստի (պարզ նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հայտարարություն, գովազդ, մանկական երգեր և ոտանավորներ, կարճ պատմվածքներ և երկխոսություններ) ընդհանուր բովանդակությունը.
  • Կարողանում են տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ և ապառնի.
  • Կարողանում են կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից:

Գրելու կարողությունները

  • Կարողանում են լրացնել անձնական քարտ հե­տևյալ կետերով. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվն ու ամիս ամսաթիվը, ծննդյան տեղը, ծնողների անունները, դպրոցը, հայրենի քա­ղա­քը կամ գյուղը, հասցեն և հեռախոսի համարը,
  • Կարողանում են կազմել և գրել նախա­դասութ­յուն­ներ տրված բառերով և բառակապակցութ­յուն­ներով,
  • Կարողանում են հասկանալ և գրել անձնա­կան կարճ նամակներ, որոնք վերաբերում են առօր­յային, դպրոցին կամ սիրելի զբաղմունքին.
  • Կարողանում են կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տե­ղեկատվությունը։

Քերականություն (Անգլերեն)

Ձևաբանություն
Գոյական (The Noun)
ա) կրկնություն. Գոյականի հոգնակի թվի կազմումը –s և -es վերջավորությունների միջոցով

բ) Կրկնություն. man, woman, child, tooth և  foot գոյականների հոգնակի թվի կազմումը
գ) Կրկնություն. հոդերի  գործածումը մի քանի կայուն կապակցությունների հետ. a lot of, a great many, go for a walk, in the evening, in the afternoon, in the morning, at night, go to bed, go to school
Ածական (The Adjective)
ա) Կրկնություն. ածականների համեմատության աստիճանների կազմոումը -er, -est, more, most վերջավորությունների և բառերի օգնությամբ
բ) Կրկնություն. many, much, good, bad և little ածականների համեմատության աստիճանների կազմումը
գ) as … as, not so .. as համեմատական կառուցվածքները

Մակբայ (The Adverb)
Far և a long way,  too և also, quickly և slowly
Դերանուն (The Pronoun)
Կրկնություն. անձնական, ստացական, ցուցական, հարցական և  some և any անորոշ դերանունները
Նախդիր (The Preposition)
About, after, with, till, behind
Բայ (The Verb)
ա)կրկնություն. ներկա շարունակական ժամանակը (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս մի  գործողություն, որն ընթացքի մեջ է խոսելու պահին.
բ)ներկա շարունակական ժամանակը, երբ այն ցույց է տալիս պլանավորված գործողություն ապագայում կրկնություն.
գ) ներկա անորոշ (The Present Indefinite Tense) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
դ) ներկա անորոշ ժամանակը անձին բնորոշող գործողություն ցույց տալու նշանակությամբ.
ե)կրկնություն. կանոնավոր և մի շարք անկանոն բայերի անորոշ անցյալ (The Past Indefinite Tense) ժամանակը.
զ) անորոշ ապառնի ժամանակ (The Future Indefinite Tense), որն արտահայտում է  մտադրություն, որոշումը կայացնելու ժամանակը.
է) անորոշ ապառնի ժամանակ, որն արտահայտում է կանխատեսում, խոստում
ը)կրկնություն. Can, may, must մոդալ բայերը ներկա ժամանակում իրենց հիմնական նշանակությամբ։
թ) Can մոդալ բայի անցյալի ձևը.0
ժ) Can մոդալ բայը թույլտվության իմաստով.
Շարահյուսություն
ա)հարցական նախադասություններ.  հարցերի տիպերը
բ)“It” դերանունով սկսվող անդեմ նախադասություններ
գ)ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով

Գնահատում

5-րդ դասարաններում գնահատումը կատարում եմ հետևյալ կերպ․

1.Բանավոր հարցում (կապույտ վանդակ)

2.Դասարանական աշխատանք (կանաչ վանդակ)

3.Տնային աշխատանքի կատարում և ակտիվություն դասարանում (դեղին վանդակ)

Այսինքն սովորողը կարող է մեկ դասաժամի ընթացքում ստանալ 2-3 գնահատական:

Բանավոր հարցումը իր մեջ ներառում է՝ տեքստերի ընթերցում և քննարկում, զուգընկերոջ հետ երկխոսությունների վերարտադրում: Գնահատումը կատարվում է 1-ից 10 բալային համակարգով:

Դասարանական աշխատանքը ներառում է դասարանում գրավոր կատարածը՝ նախադասությունների կազմում, որևէ թեմայի գրավոր ներկայացում: Գնահատումը կատարվում է 1-ից 10 բալային համակարգով:

Տնային աշխատանքը չի գնահատվում բալային համակարգով, այլ միայն բնութագրվում է բառերով՝ very good (շատ լավ), good (լավ), sat.(բավարար), bad(վատ):

Սովորողը կարող է չընտրել և չանել տնային աշխատանքը, բայց դասարանում պետք է մասնակցի դրա քննարկմանը:

Յուրաքանչյուր դասից հետո սովորողը ունենում է բանավոր հարցումից և դասարանական աշխատանքից մեկական միավորային գնահատական, իսկ տնային աշխատանքի կատարման և ակտիվության համար՝ բնութագրող գնահատական:

Սովորողի նախագծային աշխատանքը ամփոփվում է տվյալ ամսվա վերջում՝ բլոգի հղումով և մեկ ամփոփիչ միավորային գնահատականով:  Ամփոփման վերևում նաև տեղադրում եմ անգլերենի տվյալ ամսվա ֆլեշմոբի արդյունքները՝ կրկին բլոգի հղումով:

Գնահատման այս եղանակով ծնողը ամեն օր տեղյակ է լինում իր երեխայի առաջադիմությանը՝ ուսուցանվող լեզվի տարբեր բաղադրիչներից և ծնողի համար անորոշ հարցեր չեն առաջանում, երբ ամսվա վերջում տեսնում է մեկ ամփոփիչ գնահատականը: