Рубрика: Հետազոտական աշխատանք 2022, Հոդվածներ

«Անգլերենը՝ ամենօրյա հաղորդակցական միջոց կրտսեր դպրոցում» հետազոտական աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝«Անգլերենը՝ ամենօրյա հաղորդակցական միջոց կրտսեր դպրոցում»   

Կատարող՝ Աննա Գանջալյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզ

Դասավանդած առարկան՝ անգլերեն

Խորհրդատու՝ Յուրա Գանջալյան

Հետազոտական աշխատանքի Word Office ֆայլը

Երևան 2022

Բովանդակություն

Ներածություն ………………………………………………………… 3

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը.

Հաղորդակցական կարողությունների տեսակները. ……………..5  

Ունկնդրում ……………………………………………………………  5

Ընթերցանություն ……………………………………………………..  7

Խոսելը. Մենախոսություն և փոխներգործություն…………………9

Գրավոր խոսք………………………………………………………..    12

Լեզվանյութի կիրառում կամ քերականության ուսուցումը հաղորդակցական մոտեցմամբ……………………………………… 13

Եզրակացություն, առաջարկություններ ………………………… .  16

Օգտագործված էլեկտրոնային և տպագիր գրականության ցանկ.. 17

Ներածություն

      Ես ընտրել եմ իմ առաջին հետազոտական աշխատանքի համար այս թեման, որովհետև արդեն 11-րդ տարին է, ինչ անգլերեն եմ դասավանդում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում: Հայտնի փաստ է, որ կրթական տարրական աստիճանում սովորողների համար առաջնահերթություն է օտար լեզվով հաղորդակցական կարողությունների զարգացումը:  

Հանրակրթության պետական չափորոշիչով «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի տարրական դպրոցի սովորողի համար սահմանված են հետևյալ վերջնարդյունքները՝ «առնվազն երկու օտար լեզվով հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ»: Հետազոտական աշխատանքում պարզելու եմ, թե արդյոք անգլերենի ուսուցման մեր հեղինակային մոտեցումներով կարողանում ենք սովորողների մոտ ձևավորել պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան լեզվական կարողություններ:

           Հետազոտական աշխատանքում ուսումնասիրելու և պարզելու եմ, նաև թե առաջավոր կրթական համակարգեր ուցող երկրներում հաղորդակցական կարողությունների ո՞ր տեսակներն են (ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն, լեզվանյութի կիրառում) առաջնայինը համարվում կրտսեր դպրոցում: Աշխատանքի ընթացքում տեղեկատվություն ստանալու համար ուսումնասիրելու եմ մանկավարժական նորարար գաղափարներ, առաջադեմ աշխատնքային փորձեր պարունակող հետևյալ էլեկտրոնային ամսագրերը՝ edutopia.org, teachingenglish.org.uk , European Journal of Foreign Language Teaching   

           Հետազոտական աշխատանքի ընթացքում պարզելու եմ նաև, թե կրտսեր դպրոցում անգլերենը որպես օտար լեզու ուսուցանելու ընթացքում ուսումնական գործունեության ո՞ր ձևերն են ամենաարդյունավետը, եթե մեր հիմնական նպատակը սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացնելն է: Կրտսեր դպրոցում անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու համար ի՞նչ ուսումնական գործունեության ձևեր են օգտագործում առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում: Արդյո՞ք իմ մանկավարժական մոտեցումները և դասավանդողի հնարքները նորարարական են և համընկնում են աշխարհում ընդունված, փորձարկված և դրական արդյունքներ ցույց տվածներին: Այլոց փորձի ուսումնասիրության արդյունքում հնարավո՞ր է բացահայտել ինձ համար մի նոր ու հետաքրքիր ուսումնական գործունեության ձև, դասավանդողի հնարք, որը կկարողանամ կիրառել իմ ամենօրյա աշխատոնքում:   

Հաղորդակցական կարողությունների տեսակները. 

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչներում հաղորդակցության չափորոշիչները արտահայտվում են 6 կարողություններով՝  ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն, լեզվանյութի կիրառում:

Հիմա իմ առջև հետազոտական աշխատանքի խնդիր եմ դնում. արդյո՞ք կրտսեր դպրոցում իմ իրականացրած անգլերենի ուսուցման հեղինակային մոտեցումները օգնում են, որպեսզի սովորողները ձեռք բերեն նոր չափորոշիչներով սահմանված հաղորդակցական կարողությունները: Միանգամից պետք է ասեմ, որ տարրական դպրոցում ղեկավարվում եմ բրիտանացի անգլերենի ուսուցիչ, անգլերենը որպես օտար լեզու ուսուցանելու դասագրքերի հեղինակ՝ Լուիս Ջորջ Ալեքսանդրի հաղորդակցական մոտեցման սկզբունքը օտար լեզու սովորող սկսնակների համար. «Հնարավոր չէ գրել մի բան՝ նախքան դա կարդալը: Հնարավոր չէ կարդալ մի բան՝ նախքան դա խոսելը: Հնարավոր չէ խոսել մի բան՝ նախքան դա լսելը»: 

Ունկնդրում

Տարրական դպրոցի ունկնդրելու չափորոշիչներն են՝

Լսել և հասկանալ շատ պարզ հրահանգները և իրեն ծանոթ թեմաներով խոսքի ընդհանուր բովանդակությունը։

1-3-րդ դասարաններում անգլերենի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։ Ըստ օտար լեզուների և մասնավորապես՝ անգլերենի ուսուցման հեղինակային մոտեցման ամենակարևոր բաղադրիչը ՏՀՏ միջոցների օգտագործումն է: Առաջին և երկրորդ դասարանների առարկայական ծրագիրը ուսուցանելու համար « https://genkienglish.net/teaching/»,  « https://www.anglomaniacy.pl/ » « https://learnenglishkids.britishcouncil.org/ » կայքերում պահանջվող թեմաներով ուսումնական նյութեր տեսաֆիլմերով, մուլտֆիլմերով ու երգերով՝ «ողջույնի ձևերը օրվա տարբեր ժամերին», «գույներ», «մրգեր և բանջարեղեն», «գրենական պիտույքներ», «ընտանի և վայրի կենդանիներ», «հագուստի տեսակներ», «ընտանիքի անդամներ», «մթերք»: Իմ արտասանած յուրաքանչյուր նոր բառից, արտահայտությունից կամ նախադասությունից հետո սովորողները կրկնում են դրանք և անմիջապես լսում նաև լեզվակրի բնագիր ձայնագրությունը, ինչը մեծ հնարավորություն է տալիս սովորողին զարգացնելու իր ունկնդրելու կարողությունը: 

Երկրորդ դասարանում սովորողների ունկնդրելու կարողությունների զարգացմանը նպաստում է նաև իմ հեղինակած աուդիո գիրք–տետր–դասագրքը, որտեղ բոլոր դասերն ունեն իրենց ձայնագրությունները: Աուդիո գիրք-տետրը մեծապես նպաստում է հատկապես հեռավար սովորողների ունկնդրելու կարողությունների զարգացմանը: 

3-րդ դասարանում սովորողներին առաջարկվում է լսել  https://learnenglishkids.britishcouncil.org/ կայքում առկա կարճ երկխոսություններ և պատմություններ:

Այսպիսով «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի անգլերենի դասընթացը ավարտելիս սովորողները արդեն ունենում են ունկնդրելու հետևյալ վերջնարդյունքները՝

  • լսում և հասկանում են պարզ խոսքը
  • լսում և կատարում են ուսուցչի հրահանգները
  • լսում և հասկանում են պարզ մանկական երգեր բնագիր ձայնագրություններով
  • լսում և հասկանում են պարզ առօրեական երկխոսություններ

Կարծում եմ, որ թվարկված վերջնարդյունքները լիովին բավարարում են տարրական դպրոցի ունկնդրելու նոր չափորոշիչներին:

Ակտիվ ունկնդրման Հետաքրքիր

Ընթերցանություն

Տարրական դպրոցի ընթերցանության չափորոշիչներն են՝

Ընկալել շատ պարզ և ծանոթ տեքստի փաստերը և հիմնական բովանդակությունը։

Ըստ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երկրորդ դասարանում են սովորողները սովորում անգլերենի տառերը և սկսում են կարդալ այնպիսի տեքստեր, որոնց բովանդակությանը ծանոթ են դեռ առաջին դասարանից, որոնց բառապաշարը և լեզվական նյութը սովորողները յուրացրել են առաջին դասարանի բանավոր նախնական դասընթացում: Ընթերցանության այդ տեքստերը առկա են «My First Steps in English» երկրորդ դասարանի աուդիո-գիրք-տետրում:

Ընթերցանության սկզբունքը, որը ներդրվել է երկրորդ դասարանում, պահպանվում է նաև տարրական դպրոցի 3-4-5-րդ դասարաններում: Սովորողները ընթերցում են այն, ինչը նախօրոք լսել են ու խոսել: Օրինակ, 4-րդ և 5-րդ դասարաններում հաճախ եմ օգտագործում Բրիտանական խորհրդի learnenglishkids.britishcouncil.org կայքը իր կարճ պատմություններով և հեքիաթներով: Այստեղ իհարկե նոր բառեր և արտահայտություններ կան, որոնց սովորողը պետք է ունկնդրի, կրկնի և օգտագործի նախադասությունների մեջ և միայն դրանից հետո ընթերցի տեքստը:

Ընթերցելով հասկանալու և թարգմանելու կարողությունների զարգացմանը մեծապես նպաստեց 5-րդ դասարանցիների հետազոտական-թարգմանական նախագիծը, որի վերջնարդյունքի՝ ուսումնական կայքի անունն է «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը», ինչն ինքնին մի մանկական մեդիահանրագիտարան է:  Այս նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:

Նախագծի շարժառիթն ու դրանով ստեղծվող նյութերը    

Մեր դպրոց-պարտեզների 5-րդ դասարանցիները 10-11 տարեկան են: 5-րդ դասարանում են սովորողները սկսում ուսումնասիրել «Բնագիտություն» ուսումնական առարկան: Ճիշտ է ընտրված այդ տարիքը:  Այդ տարիքում սովորաբար երեխաները սկսում են շրջակա միջավայրի, բնության երևույթների, բուսական ու կենդանական աշխարհի մասին այնպիսի հարցեր տալ, որ ծնողները և նույնիսկ իրենց դասավանդողները դժվարանում են պատասխանել: Բնագիտության դասագիրքը շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները չկան դասագրքում: Իսկ ինչու՞ պետք է 5-րդ դասարանցին  հարց տա ծնողներին ու դասավանդողներին այն բաների մասին, որոնք հետաքրքրում են իրեն: Նա կարող է իմանալ դրանք կարդալով, ուսումնական ֆիլմեր դիտելով: Սա արդեն 21-րդ դարի առաջընթացն է: Առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում արդեն հասկացել են, որ չկա այլևս ուսուցչի՝ գիտելիքի միակ աղբյուրը լինելու  մենաշնորհը: Կարելի է հարցը գրել Google հարթակի որոնման պատուհանում և կստանաս պատասխանը: Հնարավոր պատասխանների շրջանակը շատ ավելի մեծ կլինի, եթե կարողանաս հարցը անգլերեն ձևակերպել:

Իսկ ինչպե՞ս օգնել, ուղղորդել սովորողին, որպեսզի նա կարողանա գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները: Իմ որոնումները տվեցին ցանկալի արդյունքը: Գտա երեխաների համար նախատեսված ուսումնական տեսաֆիլմերի կայքեր, որոնք բավարարում են նրանց հետաքրքրությունները՝  «All Things Animal TV», «Kids Learning Videos», «Animal Fun-facts», «Free School»: Դրանից հետո սկսվեց նախագծի իրականացումը: Սա իրականում ընտանեկան նախագիծ է: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում իրեն հետաքրքրող թեման և իր ծնողի հետ սկսում աշխատել:

Օրինակ՝ բնագիտության դասագրքում գրված է, որ Արեգակի շուրջը պտտվում է 8 երկնային մարմին՝ 8 մոլորակ: Տրվում են այդ 8 մոլորակների անունները, բայց դրանցից միայն Երկրի մասին է առանձին դաս առաջարկվում: Իսկ ինչպիսի՞ն են Վեներան և Մերկուրին: Այս հարցերն են հետաքրքրել իր հայուհի մոր և արաբ հոր հետ Բեյրութից Հայաստան ներգաղթած 5-րդ դասարանի սովորող Յազան Ալաբդալլային: Երկու տեսաֆիլմերի թարգմանություններով ստեղծվեցին մեր մանկական հանրագիտարանի «Գիտություն» բաժնի առաջին նյութերը՝ Վեներա և Մերկուրի մոլորակների մասին:

Հատկանշականն այն է, որ այդ տարիքի սովորողներին հատկապես հետաքրքրում են ամենա-ամենաները: Եթե որևէ մեկը որոշում է թռչնի մասին գրել, ապա գրում է աշխարհի ամենափոքր թռչնի՝ կոլիբրիի մասին, եթե ծառի մասին, ապա ընտրվում է աշխարհի ամենամեծ ծառը՝ բաոբաբը, եթե պարի մասին, ապա ամենաշարժուն Բրեյք դանսը:

Փաստորեն սովորողների հետաքրքրությունների շրջանակով ստեղծվեցին նաև մեր հանրագիտարանի բաժինները՝ «Գիտություն», «Կենդանիներ», «Թռչուններ» «Միջատներ», «Բույսեր», «Մշակույթ»:

Այս ուսումնական տարվա ընթացքում 5-րդ դասարանցիների հետ շարունակում եմ մեր ուսումնական կայքի նյութերի ստեղծման աշխատանքները:

Խոսելը. Մենախոսություն և փոխներգործություն

Տարրական դպրոցի մենախոսության և փոխներգործության չափորոշիչներն են՝

Համառոտ վերարտադրել պարզ, տարբեր ուղիներով ստացված գրավոր կամ բանավոր խոսքի/տեքստի բովանդակությունը։ Համառոտ նկարագրել իրեն, իր շրջապատը, իր առօրյան։  

Սկսել երկխոսություն իրեն ծանոթ թեմայով` արձագանքելով իրեն ուղղված հարցերին։

Արտահայտել համաձայնություն կամ անհամաձայնություն՝ տալով պարզ պատասխաններ կամ խնդրելով հստակեցումներ։

Խոսակցին տալ պարզ հարցեր իրեն ծանոթ թեմաների շուրջ։

4-5-րդ դասարաններում ուսուցանվող բոլոր թեմաները և դրանց հիման վրա իրականացվող նախագծերը ուղղված են հաղորդակցական հենց այդ չափորոշիչներին բավարարող կարողությունները ձևավորելուն:

Ուսուցանվող թեմաներն են՝ 

1. Ես և իմ շրջապատը

2.Ես, իմ ընկերները, իմ բարեկամները

3. Իմ ընտանիքը

4. Իմ պարտականությունները

5.Իմ բնակարանը

6. Դպրոց

7.Դպրոցական առօրյա

8. Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը

9. Հագուստ

10. Գնումներ

11. Տարվա եղանակներ և դպրոցական արձակուրդ

12. Ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Ուսուցանվող թեմաներին զուգահեռ իրականացվում են նաև հետևյալ ուսումնական նախագծերը՝

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում»

Թումանյանական օրեր. Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Սուրբ Զատիկը իմ ընտանիքում

ՙՀամագործակցային նախագծեր. համագործակցային մի նախագծի ամփոփում՝ որպես օրինակ.

5-րդ դասարանի վերջում սովորողները ձեռք են բերում խոսելու (մենախոսության և փոխներգործության) հետևյալ կարողությունները՝

  • Կարողանալ հասկանալ և տալ տեղեկատվություն,  երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն
  • կարողանալ հասկանալ կարճ նկարագրության ընդհանուր միտքը և տալ տեղեկատվություն այդ մասին,
  • կարողանալ հասկանալ գործողությունների պարզ հրահանգներ և տալ նման հրահանգներ, օրինակ՝ կանգնիր, թեքվիր աջ, թեքվիր ձախ, առաջ/հետ գնա,
  • կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով մի որևէ մուլտֆիլմի գլխավոր միտքը և տալ կարճ տեղեկատվություն այդ մասին,
  • կարողանալ ներկայացնել ինքն իրեն, ընտանիքի անդամներին և ընկերներին,
  • կարողանալ զրուցել դպրոցի, առօրյայի մասին,
  • կարողանալ զրուցել սիրելի զբաղմունքի մասին,
  • կարողանալ ողջունել և հրաժեշտ տալ օրվա տարբեր ժամերի համար բնորոշ արտահայտություններով,
  • կարողանալ շնորհակալություն հայտնել և պատասխանել շնորհակալությանը,
  • կարողանալ ընդունել առաջարկությունը, օգնությունը, կամ էլ քաղաքավարի կերպով մերժել դրանք,

Գրավոր խոսք

Տարրական դպրոցի սովորողի գրավոր խոսքի չափորոշիչներն են՝

 Շարադրել կարճ տեքստ իր շրջապատի, առօրյայի, նախասիրությունների մասին։

Լրացնել պարզ տեղեկություններ պահանջող ձևաթուղթ։

5-րդ դասարանի անգլերենի իմ առարկայական ծրագրում նույնիսկ ավելիին է նախատեսվում հասնել:

  • կարողանալ լրացնել անձնական քարտ հե­տևյալ կետերով. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվն ու ամիս ամսաթիվը, ծննդյան տեղը, ծնողների անունները, դպրոցը, հայրենի քա­ղա­քը կամ գյուղը, հասցեն և հեռախոսի համարը,
  • կարողանալ կազմել և գրել նախա­դասութ­յուն­ներ տրված բառերով և բառակապակցութ­յուն­ներով,
  • կարողանալ հասկանալ և գրել անձնա­կան կարճ նամակներ, որոնք վերաբերում են առօր­յային, դպրոցին կամ սիրելի զբաղմունքին.
  • Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տե­ղեկատվությունը։

Գրավոր խոսքի ձևավորմամբ է ավարտվում տարրական դպրոցում օտար լեզվի ուսուցման հաղորդակցական մոտեցման սկզբունքի շրջանը՝ սկզբում սովորողն ունկնդրում է այն, ինչը պետք է ասի: Ասելուց հետո նա ընթերցում է այն ինչը ասել է: Ընթերցելուց հետո նա գրում է այն, ինչը ընթերցել է: Այսպիսով, ուսումնառության ողջ ընթացքում սովորողը գիտակցաբար ու հասկանալով է մասնակցում ուսումնական գործունեության բոլոր ձևերին:

Լեզվանյութի կիրառում կամ քերականության ուսուցումը հաղորդակցական մոտեցմամբ

Տարրական դպրոցի սովորողի լեզվանյութի կիրառման չափորոշիչներն են՝

Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք (բառապաշար, քերականություն, ուղղգրություն,արտասանութոյւն)։

Ուշագրավ է, որ չափորոշիչները կազմողները չեն գրել՝ «լեզվանյութի իմացություն»: Բոլորովին էլ պարտադիր չէ լեզվանյութի մասին գիտելիքը: Կարևորվում է դրա կիրառումը:  Ինչպես Լ.Ջ. Ալեքսանդրն է գրել իր «Վարժանք և առաջընթաց» գրքի նախաբանում՝ «Ուսուցչի ջանքերով սովորողները պետք է օտար լեզուն գործածելու կարողություն ձեռք բերեն, այլ ոչ թե լեզվի մասին գիտելիքներ»: Սովորողի օտար լեզվի իմացությունն էլ պետք է չափվի այն բանով, թե որքանով է նա կարողանում գործածել այն, այլ ոչ թե այդ լեզվի մասին նրա ունեցած գիտելիքով:

Ջո Շեյլզը իր «Ժամանակակից լեզուների ուսուցումը հաղորդակցական մոտեցումով» աշխատության մեջ գրել է. «Երբ շատ ուշադրություն ենք դարձնում ձևին՝ կառուցվածքին, ինչն արվում է բովանդակության հաշվին, սովորողները դժվարությունների են հանդիպում իրական կյանքում հաղորդակցվելու ժամանակ»:

Ջո Շեյլզի այս պնդումը կարելի է հիմնավորել այս երկու տիպի վարժանքների միջոցով:

Վարժանք, որտեղ ձևն է գերիշխում.

Տրված է մի օրինակ և բոլոր հաջորդող նախադասությունների բայերի անորոշ ձևերը գրում ենք Present Continuous ժամանակաձևով:

 Նմուշ օրինակ.

She (to write) a letter now. She is writing a letter now.

He (to run) in the stadium now.

My sister (to watch) TV now.

Այս տիպի վարժություններ անելուց հետո սովորողն իհարկե դժվարություններ կունենա, երբ ցանկանա այդ ժամանակաձևը կիրառել խոսելու ժամանակ, որովհետև նրա ուշադրությունը միշտ կենտրոնացած է եղել ձևի վրա: Միանգամայն այլ արդյունք է լինում, երբ ուշադրությունը կենտրոնանում է բովանդակության վրա:

 Վարժանք, որտեղ բովանդակությունն է գերիշխում.

Պատկերացնում ենք մի հեռախոսային խոսակցություն սովորողի և իր հետաքրքրասեր մորաքույրի միջև: Մեր նպատակն այն է, որ սովորողները կարողանան հատուկ հարցեր տալ և պատասխանել դրանց:

“Hello, who is on the phone?”

“This is Tom speaking.”

“Oh, Tom, this is Aunt Lucy speaking. What are you doing, Tom? ”

“I am doing my lessons.”

“What is your mother doing?”

“My mother is cooking.”

Aunt lucy asks the same question about Tom’s father, brother, grandma and grandpa.

Սովորողներն արդեն մտածում են բովանդակության մասին, նրանք հաղորդակցվում են, այլ ոչ թե քերականական վարժանք անում:

Լեզվանյութի կիրառման բավականին հետաքրքիր ձև են առաջարկում  ամերիկացի անգլերենի ուսուցիչներ Սթիվեն Մօլինսկին և Բիլ Բլիսը իրենց «Անգլերենի քերականությունը ուղղորդվող զրույցների միջոցով» գրքում: `

Օրինակ, ինչպե՞ս են այդ գրքի հեղինակները կրտսեր դպրոցի սովորողներին սովորեցնում Present Continuous բայական ժամանակաձևը:

Սկզբում տրվում է նմուշը.

Are you busy? (cleaning my room)

Yes, I am cleaning my room.

Այլ օրինակներ.

Is Nancy busy? (washing her car)

Are you busy? (doing my homework)

Կարծում եմ, որ Սթիվ Մոլինսկու և Բիլ Բլիսի քերականության այս գիրքը, որտեղ չկա ոչ մի քերականական տերմին կամ կանոն, կարող է օգտագործվել մեր դպրոց-պարտեզների 4-5-րդ դասարաններում:

Եզրակացություն, առաջարկություններ

Այս հետազոտական աշխատանքը երեք խնդիր ուներ պարզելու: Նախևառաջ, պետք էր պարզել, թե արդյոք անգլերենի իմ ուսուցումը, որն իրականացնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում, նպաստում է սովորողների նոր չափորոշիչներով սահմանված վերջնարդյունքների ձևավորմանը:

Ուսումնասիրելով «Հանրակրթության պետական չափորոշիչը» և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչները» և համեմատելով ուսուցման արդյունքում սովորողների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ կարող եմ վստահաբար ասել, որ ուսման ընթացքում ձեռք են բերում ունկնդրելու, ընթերցելու, խոսելու (մենախոսություն և փոխներգործություն), գրավոր խոսքի և լեզվանյութի հաղորդակցական չափորոշիչներին համապատասխան վերջնարդյունքներ:

Երկրորդ խնդիրն այն էր, որ պետք էր պարզել, թե արդյոք պահպանվում է օտար լեզուների ուսուցման ամենակարևոր սկզբունքը տարրական դպրոցում՝ սկզբում սովորողն ունկնդրում է այն, ինչը պետք է ասի: Ասելուց հետո նա ընթերցում է այն, ինչը ասել է: Ընթերցելուց հետո նա գրում է այն, ինչը ընթերցել է:

Երրորդ խնդիրն այն էր, որ պետք էր պարզել, թե արդյոք  առաջավոր կրթական համակարգեր ուցող երկրներում հաղորդակցական կարողությունների ո՞ր տեսակներն են (ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, գրավոր խոսք, փոխներգործություն, լեզվանյութի կիրառում) առաջնայինը համարվում կրտսեր դպրոցում:

 Աշխատանքի ընթացքում տեղեկատվություն ստանալու համար ուսումնասիրեցի մանկավարժական նորարար գաղափարներ, առաջադեմ աշխատանքային փորձեր պարունակող հետևյալ էլեկտրոնային ամսագրերը՝ edutopia.org, teachingenglish.org.uk , European Journal of Foreign Language Teaching և կարող եմ վստահամար ասել, որ հաղորդակցական կարողությունների բոլոր բաղադրիչներն էլ կարևորվում են տարրական դպրոցում: 

Հետազոտական աշխատանքի ընթացքում ինձ համար հայտնություն էր Սթիվ Մոլինսկու և Բիլ Բլիսի գիրքը « SIDE BY SIDE  English Grammar Through Guided Conversations.» 4-5-րդ դասարաններում շատ կարևոր է լեզվանյութը՝ քերականությունը ներկայացնել առանց քերականական տերմինների՝ զվարթ երկխոսություններով:   

Օգտագործված էլեկտրոնային և տպագիր գրականության ցանկ

  1. Հանրակրթության պետական չափորոշիչ, 2020
  2. Հայաստանի հանրապետության կրթության բարելավման ծրագրի «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի հանրակրթության առարկայական չափորոշիչներ և ծրագրեր , 2021     
  3. Joe Sheils “ Communication in the Modern Languages Classroom”  Council of Europe, 1995
  4. Յուրա Գանջալյան «Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը. .To teach the language and not some knowledge about the language» 2011
  5. T.I. Matyushkina-Guerke “Practical Grammar in Patterns”  1979
  6. SIDE BY SIDE  English Grammar Through Guided Conversations.  Steven J.Molinsky and Bill Bliss, 

Оставьте комментарий